HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիմում-պահանջ Նալբանդյանին. «Հայաստանը շարունակում է խայտառակ կերպով ձախողել Օրհուսի կոնվենցիան»

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Սոնա Այվազյանը և «Էկոդար» հասարակական կազմակերպության նախագահ Հրայր Սավզյանը պահանջով դիմել են ՀՀ արտաքին գործերի նախարար Է.Նալբանդյանին, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև: 

Դիմում-պահանջ 

26.12.2000թ. ՍԴՈ-269 որոշմամբ սահմանադրական դատարանը որոշում է կայացրել «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիայում (հետայսու` Օրհուսի կոնվենցիա) ամրագրված պարտավորությունների` ՀՀ Սահմանադրականությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ: 

ՀՀ սահմանադրական դատարանի որոշման համաձայն` Օրհուսի կոնվենցիայով Հայաստանը ստանձնել է մի շարք պարտավորություններ, մասնավորապես` ապահովել շրջակա միջավայրին առնչվող որոշումների ընդունմանը հասարակության մասնակցությունը, ապահովել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների անշեղ իրականացումը: ՍԴՈ-269 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտվել այն մասին, որ պատությունը պարտավոր է ներպետական օրենսդրության շրջանակներում ապահովել արդարադատական համակարգի միջոցով Կոնվենցիայով նախատեսված անձանց խախտված իրավունքների առավելագույն հեշտացված հնարավորություն, ընդհուպ` արդարադատության մատչելիության ֆինանսական կամ այլ խոչընդոտների վերացման կամ նվազեցման համապատասխան համակարգի ստեղծումը: 

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն` «Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են»: «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` «1. Սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն է: Ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի նորմերը Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են անմիջականորեն»:

Նույն օրենքի 56-րդ հոդվածի համաձայն` «Արտաքին գործերի նախարարությունը հետևում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կատարմանը։ Այդ նպատակով արտաքին գործերի նախարարությունն իրավունք ունի օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատու գերատեսչություններից տեղեկատվություն ստանալու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կատարման վիճակի և ընթացքի վերաբերյալ, համակարգելու միջազգային պայմանագրի կատարման ուղղությամբ նշված գերատեսչությունների կողմից կատարվող աշխատանքները:

Ելնելով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կատարման վիճակից` պատասխանատու գերատեսչությունից ստացված տեղեկությունների հիման վրա արտաքին գործերի նախարարությունը անհրաժեշտության դեպքում կարող է համապատասխան առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին, կառավարություն կամ վարչապետին, ինչպես նաև միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու գերատեսչություն»: 

Հարկ ենք համարում արտաքին գործերի նախարարին եւս մեկ անգամ հիշեցնել, որ Հայաստանը պարբերաբար ձախողում է Օրհուսի կոնվենցիայով ստանձնած իր միջազգային պարտավորությունները, ինչի կապակցությամբ նախարարությունը չի ձեռնարկում իր պարտավորություններից բխող համարժեք քայլեր:

2006թ. մարտի 29-31-ը Ժնեւում տեղի է ունեցել Օրհուսի կոնվենցիայի գերագույն մարմնի` Կոնվենցիայի կողմ հանդիսացող երկրների հանդիպումը, որի ընթացքում կողմերը հաստատել են Հայաստանի կողմից Օրհուսի կոնվենցիայի շրջանակներում ստանձնված պարտավորությունների կատարման վերաբերյալ` «Դալմայի այգիներ» տարածքի կառուցապատման առնչությամբ (Դիմում թիվ ACCC/C/2004/08) Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեի եզրակացության եւ առաջարկությունների նախագիծը, համաձայն որի Հայաստանը խախտել է Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դրույթները, 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի և 1-ին հավելվածի 20-րդ կետի դրույթները, ինչպես նաև դրանց հետ կապված` 6-րդ հոդվածի 2-5 և 7-9 կետերի դրույթները, 7-րդ հոդվածը եւ 9-րդ հոդվածի 2-4 կետերը: 

2011թ. հունիսի 29-ից հուլիսի 1-ը Քիշնեւում տեղի է ունեցել Օրհուսի կոնվենցիայի գերագույն մարմնի` Կոնվենցիայի կողմ հանդիսացող երկրների հանդիպումը, որի ընթացքում կողմերը հաստատել են 17.10.2010թ. թիվ ACCC/C/2009/43 հաղորդման առնչությամբ Կոնվենցիայի Համապատասխանության Կոմիտեի եզրակացության եւ առաջարկությունների նախագիծը: Պահանջների չկատարման վերաբերյալ Կոմիտեի հիմնական եզրակացություններում մասնավորապես նշված է` «Ի գիտություն ընդունելով III/6b որոշման իրագործման ուղղությամբ Մասնակից պետության կողմից շարունակաբար գործադրվող ջանքերը, Կոմիտեն գտնում է, որ Հայաստանի օրենսդրության և պրակտիկայի մեջ դեռևս առկա են թերություններ, եւ դրանց պատճառով Մասնակից պետությունը սույն գործով ձախողել է կատարել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը (56-րդ պարբերություն), ինչպես նաև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ և 9-րդ կետերի պահանջները (համապատասխանաբար 70-րդ, 777-րդ և 799-րդ պարբերություններ)»:

Թիվ ACCC/C/2009/43 հաղորդման առնչությամբ Կոմիտեն արձանագրել է, որ Թեղուտի հանքի շահագործման լիցենզիա ստանալու ընթացքում թույլ են տրվել կոնվենցիայի, այսինքն` Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մաս կազմող օրենքի խախտումներ: Անհրաժեշտ ենք համարում առանձնահատուկ կերպով շեշտել նաեւ, որ Կոնվենցիայի Կողմերի որոշումը ունի բարձր իրավաբանական ուժ եւ պարտադիր է կատարման պետության կողմից: Կոնվենցիայի Կողմերի հանդիպման ժամանակ հաստատվել է Համապատասխանության կոմիտեի եզրակացությունն այն մասին, որ Հայաստանը ձախողել է Կոնվենցիայի իրականացումը: Հաշվի առնելով ՀՀ իրավական համակարգում միջազգային պայմանագրի (կոնվենցիայի) իրավական կարգավիճակի եւ անմիջական կիրառելիության պայմանը` գտնում ենք, որ պետության միջազգային պարտավորություններից է բխում ոչ միայն Կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեի առաջարկությունների կատարումը, այլեւ Կոնվենցիայի խախտման հետեւանքների վերացումը եւ վերականգնել մինչեւ իրավախախտումը եղած վիճակը (restitution in integrum): 

Հայաստանի միջազգային պարտավորությունների կատարման վերահսկման առնչությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարության գործունեությունը գնահատելիս հասարակությունը կարող է որպես փաստ ընդունել այն իրողությունը, որ Օրհուսի կոնվենցիայի կոպիտ խախտումները Հայաստանի համար դարձել են կայուն գործելաոճ: Դրա պատճառներից է ոլորտի պատասխանատու մարմինների, այդ թվում` արտաքին գործերի նախարարության կողմից իրենց պարտականությունների կատարման ձախողումը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հանդիսանում է Հայաստանի միջազգային պարտավորությունների պատշաճ իրականացման համար համար պատասխանատու մարմին, եւ հիշեցնելով, որ դեռեւս 10.03.2011թ. մի շարք հասարակական կազմակերպություններ նախարար է.Նալբանդյանի ուշադրությունը հրավիրել են Օրհուսի կոնվենցիայի խախտման փաստի վրա` անհրաժեշտ ենք համարում նշել նաեւ, որ արտաքին գործերի  նախարարը պատշաճ մակարդակով չի իրականացնում իր պաշտոնեական պարտականությունները, քանի որ Հայաստանը շարունակում է խայտառակ կերպով ձախողել Օրուսի կոնվենցիան: Ավելին, Հայաստանը Կոնվենցիայի Կողմ հանդիսացող միակ երկիրն է, որի վերաբերյալ Համապատասխանության կոմիտեն որոշում է կայացրել պարտադրելու կատարել իր պարտավորությունները (Թիվ ACCC/C/2009/43 հաղորդման առնչությամբ Կոմիտեի որոշումը փետրվարի 22-25, Ժնեւում տեղի ունեցած երեսունմեկերորդ հանդիպման ընթացքում): 

Հիմք ընդունելով վերոգրյալը` նախարար Է.Նալբանդյանից պահանջում ենք իր լիազորությունների եւ պաշտոնեական պարտականությունների շրջանակներում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները իրականացնելու համար Օրհուսի կոնվենցիայի Կողմերի 2006թ. մարտի 29-31-ը եւ 2011թ. հունիսի 29-ից հուլիսի 1-ը տեղի ունեցած հանդիպումների արդյունքում կայացված որոշումներից բխող` Հայաստանի միջազգային պարտավորությունները: 

06 մարտի, 2012թ.      

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter