HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Քրեական պատասխանատվություն՝ միտումնավոր կեղծված սննդամթերքի արտադրման կամ իրացման համար

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են քրեականացնել կեղծված սննդամթերք արտադրելու կամ իրացնելու համար պատասխանատվությունը:

Պատգամավորներն առաջարկում են Քրեական օրենսգրքի 212 հոդվածը (Սպառողներին խաբելը) լրացնել նոր մասերով:

Առաջարկվում է օրենքում ամրագրել, որ սննդամթերք արտադրող կամ իրացնող, կամ բնակչությանը ծառայություններ մատուցող անձանց կողմից առևտրի ոլորտում կամ սննդամթերքի արտադրության փուլում կեղծված սննդամթերք արտադրելը կամ իրացնելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

Նույն արարքը, որը անզգուշությամբ մարդու առողջությանը պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Այն դեպքում, երբ այդ արարքն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ պետության քաղաքականության գերակա նպատակներից պետք է հանդիսանա սպառողների իրավունքների ու շահերի պաշտպանությունը, իսկ նման պաշտպանությունն ապահովելու համար իրավակարգավորումներ մշակելիս անհրաժեշտ է բացառել սպառողների իրավունքները խախտող հատկապես այն գործողությունները, որոնք պարունակում են առավել մեծ հանրային վտանգավորություն, այդ թվում` սպառնում են մարդկանց կյանքին կամ առողջությանը:

«Սպառողների իրավունքներն ու շահերը պաշտպանելուն կոչված օրենսդրության ուսումնասիրությունից պարզվել է, որ ներկայիս իրավակարգավորումներով Հայաստանի Հանրապետության սպառողներն անհրաժեշտ չափով պաշտպանված չեն կեղծված սննդամթերքի արտադրման և/կամ իրացման դեպքերից, քանի որ այդպիսի արարքի գիտակցված կատարող անձանց համար պիտանի ու համաչափ պատասխանատվության միջոցներ օրենսդրությամբ սահմանված չեն»,-ասված է նախագծում:

Նախագծի համաձայն` կեղծված սննդամթերքի գիտակցված կամ ակնհայտորեն գիտակցման ենթակա արտադրումը կամ իրացումն առաջարկվում է սահմանել որպես հանցագործություն, եթե արարքի հեղինակն իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար սննդամթերքի կեղծված լինելու մասին:

Ըստ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի` վերջինս երաշխիք է, որ սննդամթերքն ըստ նշանակության օգտագործելու դեպքում վնասակար ազդեցություն չի ունենա մարդու կյանքի և առողջության վրա:

կեղծված սննդամթերքը բնորոշվում է որպես  սննդամթերք`

- որի բաղադրությունը փոփոխվել է առանց մակնշման համապատասխան փոփոխության,

- որի մակնշումը փոփոխվել է առանց բաղադրության համապատասխան փոփոխության,

- որին ավելացվել են այլ նյութեր կամ վերամշակվել է այլ նյութերի ներառմամբ, սննդամթերքի անհամապատասխանությունը սահմանված պահանջներին թաքցնելու նպատակով,

- որի պիտակի վրա առկա է ոչ ճիշտ նշում` սննդամթերքի հատուկ նշանակության մասին,

- որի ներկայացման կամ առաջարկման համար օգտագործվում է մեկ այլ կազմակերպության անվանումը, առևտրային նշանը կամ ֆիրմային անվանումը` առանց այդ կազմակերպությունից պատշաճ կերպով թույլտվություն ձեռք բերելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter