HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Քրեական պատասխանատվություն` փաստաբանի գործունեությունը խոչընդոտող ցանկացած սուբյեկտի նկատմամբ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանն ու Նիկոլայ Բաղդասարյանն առաջարկում են ցանկացած սուբյեկտի կողմից փաստաբանի ու նոտարի գործունեության խոչընդոտումը քրեականացնել:

Գործող կարգավորումներով` փաստաբանի և նոտարի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը պաշտոնատար անձի կողմից պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով:

Պատգամավորներն առաջարկում են օրենքից հանել պաշտոնատար անձի կողմից եզրույթը, քանի որ նկարագրված նորմով փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու սուբյեկտ կարող է լինել միայն պաշտոնատար անձը:

«Կարծում ենք՝ այսպիսի կարգավորումը սահմանում է սուբյեկտային առումով քրեաիրավական ազդեցության նեղ շրջանակ: Փաստաբանի գործունեությունը խոչընդոտող սուբյեկտների շարքը պետք է անհամեմատ ավելի լայն լինի: Առկա օրենսդրական կարգավորումը չի ընդգրկում այն իրավիճակները, երբ, օրինակ, ոչ թե պաշտոնատար անձն է ուղղակիորեն խոչընդոտում փաստաբանի աշխատանքը, այլ պաշտոնատար անձ չհանդիսացող անձինք` վերջիններիս դրդմամբ կամ հրահրմամբ»,-ասված է հիմնավորման մեջ:

Ըստ հեղինակների` անհրաժեշտ է այնպիսի փոփոխություն կատարել, որով այս հանցակազմի սուբյեկտ պաշտոնատար անձից բացի կհամարվի ցանկացած այլ այնպիսի անձ, ով խոչընդոտել է փաստաբանի օրինական գործունեությանը:

Պատգամավորներն առաջարկում են նաև խստացնել վերոնշյալ հանցանքի համար սանկցիան, ըստ որի՝ նշված արարքները պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա:

Նախագծում առկա է նաև միջազգային փորձի ուսումնասիրություն, ըստ որի՝ մի շարք երկրներում առկա են կարգավորումներ, որոնք պատասխանատվություն են նախատեսում քրեական գործով վարույթի մասնակիցների, այդ թվում` փաստաբանի գործունեությանը խոչընդոտելու համար` առանց սուբյեկտների շրջանակի սահմանափակման: Օրինակ, Սերբիայի քրեական օրենսգրքի արդարադատությանը խոչընդոտելու  հոդվածի համաձայն` հանցանք կատարելու, ուժի, սապառնալիքի կիրառմամբ կամ այլ կերպ դատավորի, դատախազի, դատախազի տեղակալի կամ փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը կամ դրանք կանխելը պատժվում է ազատազրկմամբ` 6 ամսից մինչև 5 տարի ժամկետով և տուգանքով:

Ըստ Լիտվայի քրեական օրենսգրքի` անձը, ով ցանկացած եղանակով խոչնդոտում է դատավորի, դատախազի, մինչդատական վարույթն իրականացնող անձի, փաստաբանի պարտականությունների կատարմանը, պատժվում է տուգանքով կամ ազատության սահմանափակմամբ կամ ազատազրկմամբ մինչև 2 տարի ժամկետով:

«Անհրաժեշտ է արձանագրել, որ փաստաբանների մասնագիտական աշխատանքը և հատկապես` նրանց աշխատանքն ազատությունից զրկման վայրերում ենթակա է բարձր պաշտպանության, իսկ հիշյալ լրացումը կապահովի փաստաբանի անխոչընդոտ աշխատանքը և իրավաբանական օգնության կարիք ունեցող անձի իրավունքների լիարժեք իրացումը»,-ասված է նախագծում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter