
ԼՂՀ մշակույթի նախարարը՝ Ջրաբերդ ամրոցի և Ծարի կամուրջի տարածքներում հէկաշինական աշխատանքներ իրականացնելու մասին
Ապրիլի 18-ին հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ ԼՂՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանել է օգտատերերի հարցերին: «Հետք»-ը ևս մի քանի հարց է ուղղել Լեռնիկ Հովհաննիսյանին:
-Պարո՛ն Հովհաննիսյան, մեր տեղեկություններով՝ Ջրաբերդ ամրոցի մոտակայքում հէկ պիտի կառուցվեր: Ի՞նչ փուլում է այդ գործընթացը:
-Այո՛, եղել է այդպիսի նախագիծ, որը քննարկման են ներկայացրել նախարարությանը: Բնականաբար, նախարարությանը կից գործող գիտամեթոդական խորհուրդը բացասական եզրակացություն է տվել: Ինչպես նաև, հրավիրել ենք Հայաստանի Վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիային, որը նույնպես իր եզրակացությունն է տվել այդ հէկի կառուցման վերաբերյալ: Այդտեղ ոչ միայն պաշտպանական գոտու, այլև տարածքի պատմական լանդշաֆտի հետ կապված խնդիր կար: Ասեմ, որ տվյալ կազմակերպությունը, որը պիտի կառուցեր այդ հէկը, ըմբռնումով է մոտեցել մեր կարծիքին, մեր առաջարկություններին:
Բնականաբար, հետ է կանչվել առաջին նախագիծը: Հունվարին քննարկումներ պիտի լինեին, բայց չեն կայացել: Մեր տեղեկություններով՝ տվյալ կազմակերպությունը տեխնիկայի մի մասն արդեն հանել է այդ տարածքից:
-Նաև Ծար գյուղի կամրջի մոտակայքում պիտի հէկ կառուցվեր: Իսկ այդ աշխատանքները ի՞նչ ընթացքի մեջ են:
-Մեր մասնագետները «Արցախ հէկ»-ի հետ միասին որոշում են կայացրել: Մեր կարծիքը հաշվի է առնվել «Արցախ հէկ»-ի կողմից, նրանք ըմբռնումով են մոտեցել, և համապատասխանաբար՝ այնպես է արվել, որ 13-րդ դարի կամուրջը չվնասվի:
-Նաև կցանկանայի Լևի կիրճի վերաբերյալ հարցին պատասխանեիք: Բնության այս հուշարձանում երկու գործող հէկ կա: Ըստ Ձեզ՝ թույլատրելի՞ է բնության հուշարձանում հէկերի առկայությունը: Ի՞նչ լուծում կառաջարկեիք, այս դեպքում, որպեսզի չտուժի հուշարձանը:
-Բնության հուշարձաններով պետական լիազոր մարմինը Բնապահպանության նախարարությունն է: Բնականաբար, այդ հարցը պետք է ուղղել նրանց:
Լուսանկարը՝ «Արցախպրես»-ի
Մեկնաբանել