HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Ավագյան

Խոսել պետք չէ աշխատել․ որտե՞ղ է դնում ստորակետը վարչապետ Փաշինյանը

ՀՀ քաղաքացիներին առանց առիթի ու ասելիքի դիմելու՝ վարչապետի սովորությունը ստիպում է մտածել, որ նրա ազատ ժամանակը չափազանց շատ է: Այն պետք է լցնել խոսելով:

Ապրիլի 17-ին էլ իր ուղերձով վարչապետը արդեն որերորդ անգամ ներկայացրեց Կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումների ցանկը, այդ նպատակով՝ բյուջեից տրամադրված գումարի չափն ու շահառուների թիվը:

Աննպատակ այս ուղերձը իր հետևից բերեց անհեթեթ մեկ այլ գործողություն՝ ինչ-որ մեկը հանրայնացրեց ուղերձի «հում» նյութը: Բայց Փաշինյանն էլ ձեռքերը ծալած չնստեց. ժողովրդին դիմեց արդեն նո՜ր live-ով՝ այս անգամ՝ կառավարական իր առանձնատնից: Նոր ասելիք, ինչպես նախորդ ուղերձում, չկար. բոլորիս ծանոթ տեքստն էր.

«Լրատվամիջոցների 99 %-ը եւ լրագրողների 70 %-ն իշխանություններից փող են ստացել, թալանչիները պատասխան են տալու, վնգստացող դատավորները արդեն պետք է վեշերը հավաքեն, հեսա ՍԴ-ի հերթն էլ կգա. փրկվեցին, ժամանակ շահեցին կորոնավիրուսի շնորհիվ: Բոլորի հերթը գալու է: Այս գործընթացը միայն ժողովուրդը կարող է կանգնեցնել, ուրիշ ոչ մեկ: Քանի դեռ ժողովուրդը մեզ չի կանգնեցրել, բոլոր կոռուպցիոներները կանգնելու են դատարանի առաջ: Ապօրինի ունեցվածքը, տներն ու դղյակները ձեռքերից առնելու ենք: Ինչքան ուզում է՝ հիստերիա կապեն: Թավիշն այս առումով ավելի դաժան է: Պետական կառավարման համակարգը Սերժի մնացորդներից պետք է մաքրել: Երկու տարի շանս ունեցել են, եւ մեզ որեւէ մեկը չի կարող մեղադրել: Այդ շանսը բոլորն են ունեցել, չեն օգտագործել՝ մեղքն իրենց վիզը: Որեւէ մեկը չմտածի, թե ճգնաժամով պայմանավորված՝ մենք մեր որեւէ նպատակից հետ ենք կանգնելու: Հատ-հատ պատասխան են տալու ամեն գողացած կոպեկի համար»:

Ովքե՞ր են «Սերժի մնացորդները»: Ի՞նչ չափանիշով է որոշվում՝ պաշտոնյան շանսն օգտագործե՞լ է, թե՞ ոչ: Հավատարմությա՞մբ: Ո՞ր սկզբունքով է որոշվում՝ դատավորը «վնգստացո՞ղ» է, թե՞ ոչ:

Ինչու՞ վարչապետը չի հարգում քաղաքացիներին այնքան, որ նրանց ազատի ժամանակ ու էներգիա վատնելուց՝ իրենց համար ոչ օգտակար նման ուղերձները դիտելու վրա: Այն էլ՝ պետական գործչին չպատշաճող բառամթերքով: Եվ հետո նրանց, ովքեր քննադատում են իրեն կամ իր իշխանավորներին, վարչապետն անվանում է «փայ մտնել» չհաջողացրած կամ «փայ մտնելու» ակնկալիքներ ունեցողներ: Բայց հեղափոխության դուրս եկած հարյուր հազարավոր մարդիկ իրենից փայ չեն ակնկալել: Ակնկալել են, որ սոցիալական այն բևեռվածությունը, որ կար բարձրաստիճան պաշտոնյաների ու քաղաքացիների միջև, վերանա: Իսկ այդ բևեռվածությունն այսօր ևս կա ու ատամներով պաշտպանվում է իշխանության կողմից:

«Ժողովուրդը մեր թագավորն է»,- իր վերջին ուղերձում ասում է Փաշինյանը: Այնքան անհարմար է արձանագրել այս քծնանքը ժողովրդին, որի 30 % -ն այս պահին թշվառության շեմից ցածր է, իսկ հաջորդ ամիս այս թիվն ակնհայտորեն աճելու է: Ժողովրդին «թագավոր», «իրական իշխանություն» անվանել՝ վստահ, որ իր խոսքերը հալած յուղի տեղ են անցնում, սխալ հաշվարկ է:

Վարչապետն ապրում է կառավարական առանձնատանը՝ անվճար, «թագավոր»  քաղաքացիների հարկերի հաշվին: Նրա կոմունալ ծախսերը՝ ջուր, գազ, էլեկտրաէներգիա, վճարում է «թագավորը»:  Երկրի առաջին դեմքերին, ԱԺ պաշտոնյաներին սպասարկում են մեքենաներ՝ քաղաքացիների հարկերից գնված վառելիքով, ավտոպահեստամասերով: Թիկնապահները քաղաքացիների հաշվին պահպանում են նրանց քաղաքացիներից:

Այլ հարց է, որ իշխանությունը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ժողովրդից ակնկալում է թագավորական առատաձեռնություն: 2020 թվականի հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը 55000 դրամից բարձրացնել 68000 դրամ: Նախարարների, փոխնախարարների, այսինքն՝ քաղաքական թիմի անդամների հանդեպ վարչապետը շռայլ է. «թագավոր» ժողովրդի գրպանից նշյալ պաշտոնյաները 1,5 միլիոն դրամ աշխատավարձ են ստանում՝ ներառյալ վարչապետի գաղտնի հանձնարարականով ավելացրած գումարը:  ԱԺ պատգամավորների աշխատավարձը 700 000 դրամ է (500 000+150 000+50 000):

Այսօր էլ պետական գերատեսչությունների աշխատանքը շարունակում է հիշեցնել Կաֆկայի «Դղյակը»: Տեսնում ենք Դղյակից դուրսուներս անող չինովնիկներին, որոնք իրենց ծառայողական մեքենաներով այստեղ-այնտեղ են սուրում, թղթերը մի թղթապանակից այլ թղթապանակ դնում, նիստեր են անում օվալաձև սեղանի շուրջ՝ առավոտից երեկո զբաղված ժողովրդին փրկելով: Մի նիստում որոշում են՝ առավելագույնը 2500 դրամ հոսանքի և 5000 դրամ գազի սուբսիդավորում՝ 220 000 բաժանորդներին պատկանող, իսկ իրականում՝ փակ, անբնակ տներին կամ ամառանոցներին:

Հաջորդ նիստում արդեն նո՜ր բարձունքի գրավում՝ բաժանորդների ևս մի խումբ մտցնել միջոցառման ցանկ, որոնք 1500- 3000 դրամ կստանան էլեկտրաէներգիայի (5001-ից 10 000 դրամի սպառման համար՝ դրա 30 %-ը) և 3000-ից 9000 դրամ՝ գազի ծախսի համար ( 10 001-ից 30 000 դրամի գազի սպառման դեպքում՝ դրա 30 %-ը):

Կառավարությունը, ԱԺ-ն բացարձակ անհաղորդ են քաղաքացիներին անհանգստացնող  իրական խնդիրներին, չեն ճանաչում, չեն հասկանում այն հասարակությանը, որի համար որոշումներ են կայացնում ու օրենքներ գրում: Որոշումներն ու օրենքներն ընդունվում են ոչ թե մարդկանց ուղղակի շահերը սպասարկելու, այլ բուռն գործունեության տպավորություն ստեղծելու համար: Հակառակ դեպքում, ներկայացված հակաճգնաժամային ծրագրերի ուղղակի աջակցությունը սոցիալական խոցելի խմբերին չէր լինի մոտ 6 միլիարդ դրամի, իսկ քաղաքական թիմի պարգևավճարները՝ 15 միլիարդ դրամի:

Բյուջեում գումար կա, և դա հաստատում է նաև վարչապետը, սակայն նկատում է` եթե ֆինանսական օժանդակությունը քաղաքացիներին ուղղակի լինի, ապա «տեղի կունենա փողի արժեզրկում»: Հետևաբար՝ Կառավարությունը բյուջետային գումարները նախընտրում է ԿԲ-ում ներդնել՝ որպես ավանդ: Գնչուական հումոր կա. գյուղացին ձիուն փորձում է սովորեցնել ապրել՝ առանց ուտելու: Հաջողություններն ակնառու էին. ձին երկու շաբաթ ոչինչ չէր ուտում, գրեթե ընտելացել էր չուտելուն, մեկ էլ… սատկեց:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլոր որոշումները հիմնավորելու ունիվերսալ պատասխան ունի. «Իշխանությունը լեգիտիմ է, մենք ունենք հայ ժողովրդի վստահության մանդատը»: Եթե մեզ չե՞ք ուզում, ուրեմն վերադարձրեք Սերժ Սարգսյանին կամ Գագիկ Խաչատրյանին:

Սա նշանակում է ազնիվ չլինել քեզ ընտրած քաղաքացիների հետ: Եվ, առհասարակ, ազնիվ չլինել:

Իշխանության ներկայացուցիչները չեն վերլուծում կամ փորձում հասկանալ՝ ինչպե՞ս տասնյակ հազարավոր քաղաքացիներ, որոնք հեղափոխության համար փողոց էին դուրս եկել, այժմ դեմ են Սահմանադրական դատարանի դատավորներին փոխելու հանրաքվեին, դեմ են դատաիրավական համակարգի «վնգստացող» դատավորների հետ հաշվեհարդարին, դեմ են, որ հոգևոր հայրերի դեմ խոսի ԱԺ փոխնախագահ դարձած քաղաքացի Ալեն Սիմոնյանը…

Այս երկու տարին ցույց տվեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը չեն օգտվել ժողովրդի՝ իրենց տված շանսից:

Հետևաբար՝ համակարգային, մտածված լուծումներ ենթադրող խնդիրներն ավելի անվտանգ է սառեցնելը, քան թողնել, որ լուծեն պետական համակարգի, եկեղեցու ինստիտուտի, քաղաքացիների հանդեպ պատասխանատվություն չունեցող և իրենք իրենց վրա զարմացած այս մարդիկ: Հեղափոխությունից երկու տարի անց իշխանության սոցիալական հեռավորությունը ժողովրդից անվտանգ 2 մետր չէ, այլ շատ ավելի վտանգավոր հեռավորության վրա:

Մեկնաբանություններ (3)

Վարդգես Գասպարի
Սիրելի Լիլիթ Ավագյան Նախ թույլ տվեք հաստատեմ, որ Ձեր հոդվածում կան դրվագներ, որոնց հետ ես մասնակիորեն համաձայն եմ, սակայ այստեղ թույլ տվեք ներկայացնեմ այն դրվագները, որոնց հետ համաձայն չեմ, և խնդրեմ Ձեր հնարավոր մեկնաբանությունները: Ա - <Ինչու՞ վարչապետը չի հարգում քաղաքացիներին այնքան, որ նրանց ազատի ժամանակ ու էներգիա վատնելուց՝ իրենց համար ոչ օգտակար նման ուղերձները դիտելու վրա>: Իսկ ո՞վ է հարկադրում տասնյակ հազարավոր քաղաքացիներին (եթե չեմ սխալվում ՝ 200,000 հոգու) առցանց հետևել վարչապետի զրույցին: Բ - Ովքե՞ր են «Սերժի մնացորդները»: Ի՞նչ չափանիշով է որոշվում՝ պաշտոնյան շանսն օգտագործե՞լ է, թե՞ ոչ: Հավատարմությա՞մբ: Ո՞ր սկզբունքով է որոշվում՝ դատավորը «վնգստացո՞ղ» է, թե՞ ոչ: Իր աշխատանքը օրենքի և օրինականության սահմաններում կատարելով: Ես հույս ունեի Դուք ծանոթ եք, որ ինչպես է լցվել պետական ապառատը ( Որ մրցույթների քողի տակ ով ում բարեկամին , խնամու հարսին ու սիրուհիներին լցրել այդտեղ), և Ձեզ հայտնի է պետական ապառատի անգործունակության մասին: Գ - Թիկնապահները քաղաքացիների հաշվին պահպանում են նրանց քաղաքացիներից: Սա ուղակիորեն չեմ պատկերացնում, որ Ձեր նախադասությունն է: Այլ հարց է, որ իշխանությունը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ժողովրդից ակնկալում է թագավորական առատաձեռնություն: 2020 թվականի հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը 55000 դրամից բարձրացնել 68000 դրամ: Նախարարների, փոխնախարարների, այսինքն՝ քաղաքական թիմի անդամների հանդեպ վարչապետը շռայլ է. «թագավոր» ժողովրդի գրպանից նշյալ պաշտոնյաները 1,5 միլիոն դրամ աշխատավարձ են ստանում՝ ներառյալ վարչապետի գաղտնի հանձնարարականով ավելացրած գումարը: ԱԺ պատգամավորների աշխատավարձը 700 000 դրամ է (500 000+150 000+50 000): Վարչապետը հայտարարեց, որ կառավարության անդամների աշխատավաձ-պարգևավճարները կազմում են մեկ միլիոն բնակչության ավելացված վճարներ 1-2 տոկոսը… Եթե սա հավաստի չեք համարում, շնորհակալ կլինեմ դա ներկայացնեք Ձեր թվաբանությունը: Հակառակ դեպքում, ներկայացված հակաճգնաժամային ծրագրերի ուղղակի աջակցությունը սոցիալական խոցելի խմբերին չէր լինի մոտ 6 միլիարդ դրամի, իսկ քաղաքական թիմի պարգևավճարները՝ 15 միլիարդ դրամի: Խնդրում եմ ներկայացնեք Ձեր թվաբանությունը և տեղեկատվության աղբյուրը: Հեղափոխությունից երկու տարի անց իշխանության սոցիալական հեռավորությունը ժողովրդից անվտանգ 2 մետր չէ, այլ շատ ավելի վտանգավոր հեռավորության վրա: Մասամբ համաձայն եմ Ձեզ հետ, բայց ոչ վարչապետի պահով… Քանիոր միևնույն ժամանակ վարչապետի ժողովրդի հետ շփվելը նույն եռանդով պոպուլիզմ են գնահատում նրա ընդդիմախոսները:
Հրաչ Հարությունյան
Շատ գրագետ ու իմաստալից մեկնաբանում է և կցանկանայի, որ վարչապետի նվիրյալները կարողանային հերքել հեղինակի մտքերը գրագետ հիմնավորումներով, այլ ոչ թե հայոյանքներ շաղ տալով։
Իգոր
Հարգանքներս Լիլիթին, այն եզակի լրագրողներից է, որ սթափ, անկողմնակալ վերլուծություններ է անում...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter