HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բուժումս ուշացել է, անասելի գլխացավեր ունեմ». 350-ից ավելի մարդ սպասում է Առողջապահության նախարարության որոշմանը

Հայկ Եղիազարյանն արդեն մեկ ամիս` ամեն առավոտ և երեկո դուրս է գալիս քայլելու, մաքուր օդ շնչելու, որ կարողանա գիշերները մի փոքր քնել։ Նա ամեն գարուն, պետպատվերի շրջանակներում, վերականգնողական բուժումներ էր ստանում «Արթմեդ» բժշկական կենտրոնի «Սթրես» հոգե­կան առողջության վերականգնման կլինի­կայում։ Սակայն այս գարուն այլևս չի կարող, քանի որ Առողջապահության նախարարությունը դեռևս չի որոշել՝ կհատկացնի  կենտրոնին պետպատվեր, թե ոչ։ Մինչ այս, պետպատվերը հատկացնում էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, սակայն 2020թ.-ից ծրագիրը փոխանցվել է Առողջապահության նախարարությանը։ Վերջինս որոշել է վերանայել պետպատվերի հատկացման անհրաժեշտությունը։

Բուժումն ուշացնելու հետևանքով Հայկ Եղիազարյանի մոտ անքնություն և սուր գլխացավ է սկսվել։ «Այս օրերին ինձ անհանգստացնում է սրտիս անբավարարվածությունը, սրտիս ծակոցներն են շատացել, ուժեղ գլխացավեր ունեմ, անքնություն է, ականջներիս խշշոցը չի կտրվում, ախորժակի անկում է, սրտխառնոցներ են»,- ասում է նա։

Հայկ Եղիազարյանը Արցախյան պատերազմի մասնակից է։ Այդ ժամանակ նա գլխից վիրավորվել է և մի քանի անգամ կոնտուզիա է ստացել։ Նրա մոտ ախտորոշվել է հետկոնտուզիոն համախտանիշ։

Ազատամարտիկի առողջությունը վատացել է 2003 թվականին։ Դրանից հետո սկսել է բուժվել «Սթրես» կենտրոնում՝ արդեն 17 տարի։ Հայկ Եղիազարյանը բուժումները ստացել է տարեկան մեկ անգամ՝ հիմնականում գարնանը, երբ սրվել են ցավերը։ Նրա բուժման կուրսը տևել է 25 օր. այդ օրերին մշտապես գտնվել է բժշիկների հսկողության ներքո։

«Այդ բուժումները մինչ 8 ամիս ինձ պահել են։ Ինձ լավ եմ զգացել։ Օրինակ՝ մի երկու տարի եղել է՝ մոտ մեկ ամսով ուշացել է բուժումը, ահավոր վիճակի մեջ եմ եղել։ Հիմա հետ ենք եկել այդ ժամանակներին, որ ես արդեն շատ վատ եմ»,-ասում է նա։

2003 թվականից Հայկ Եղիազարյանը միայն 2013 թվականին չի կարողացել բուժումը ստանալ, քանի որ անոթային խնդիրներ է ունեցել և դրա բուժմամբ զբաղվել։ Ասում է՝ պատահականություն էր, թե բուժումը չստանալու արդյունք՝ այդ տարի սրտամկանի ինֆարկտ է ստացել։

Պետպատվերի դադարեցման մասին Հայկ Եղիազարյանը տեղեկացել է այս տարվա փետրվարին, ծրագրի շահառուներից։ Հայկը նրանց հորդորել է չանհանգստանալ, քանի որ նախորդ տարի պետպատվերը ևս ուշացրել էին և մարտին էին ստացել։ Սակայն «Սթրես» կենտրոնի շահառուներից զանգահարել են Առողջապահության նախարարության թեժ գիծ, որտեղից նրանց հայտնել են՝ բուժումները ստանալու համար դիմեն հոգեբուժարան։

Հայկը Եղիազարյանն ու այլ բուժվողներ հրաժարվում են գնալ հոգեբուժարան՝ ասելով, որ իրենք հոգեկան խնդիրներ չունեն։

«Թող հոգեբուժարան իրենք գնան, պառկեն։ Ես հոգեբուժարան չեմ գնա։ Ոչ մի դեպքում։ Ես կմնամ տանը, կմեռնեմ, բայց ես չեմ գնա հոգեբուժարան»,- ասում է նա։

«Սթրես» կենտրոնում 21-օրյա բուժում ստանալու համար 450 հազար դրամ պետք է վճարել։ Հայկ Եղիազարյանն ամսական 60 հազար դրամ թոշակ է ստանում և չունի ֆինանսական միջոց, որ անձամբ հոգա իր բուժման ծախսերը. տան հիմնական աշխատողը կինն է, որդին էլ մշտական գործ չունի։

«Ինձ առաջարկել են՝ գնամ ուրիշ տեղ բուժվեմ, այդ բուժման ծախսերը իրենք հոգան, բայց ես չեմ համաձայնել։ Ես էգոիստ չեմ, որ մենակ իմ մասին մտածեմ, ես մտածում եմ՝ բա՞ իմ էն 200 ազատամարտիկ ընկերները։ Ես իրենց երեսին չեմ կարող նայել, գնամ, մենակս բուժվե՞մ, նրանց թողեմ անօգնական վիճակու՞մ»,- ասում է նա։

Մարինե

«Փոխանակ մեր սթրեսը բուժեն, ավելի սթրեսի մեջ են գցել՝ մեզ հատկացված պետպատվերը կրճատելով»,- ասում է Մարինե Մինասյանը: Նա արդեն 13 տարի բուժվում էր «Սթրես» կենտրոնում։

Նրա մոտ ախտորոշված է օրգանական դիսոցիացված խանգարում` պարոքսիզմալ բնույթի գիտակցության կորստով և խառը խանգարումով։ Մարինե Մինասյանն արդեն մեկ ամիս անկողնային պառկած է, քանի որ նախորդ տարիներին ստացած բուժումներն ուշացրել է։ Չի կարողանում անկողնուց վեր կենալ․ ուժեղ գլխացավ և գլխապտույտներ ունի։ Բնակվում է միայնակ և վարձով։ 

Մարինե Մինասյանը սկսել է ցավազրկողներ խմել, որ գլխացավերը մի փոքր մեղմանան։ Արդեն 4 օր է՝ նատրիում քլորով և վիտամին C-ով կաթիլայիններ է ընդունում, որ իմունային համակարգն ամրանա, կորոնավիրուսով չվարակվի և կարողանա անկողնուց վեր կենալ։

«Այնպիսի վիճակ է, որ երբ սկսում են պրիստուպներս՝ գլխացավեր, գլխապտույտներ, ընդհուպ մինչև այնքան է ուժեղանում, որ ուշագնացություն էլ կարող է լինել։ Հիմա էլ ուշացրել եմ բուժումը, արդեն անկողնային եմ, անգամ վախենում եմ խոհանոց գնալ, ինչ-որ բան պատրաստել։ Անասելի գլխացավեր են՝ ոչ մարդկային, չեմ կարող ցավազրկողներով անցկացնել»,- ասում է նա։

Մարինե Մինասյանը «Սթրես» կենտրոնում 13 տարի ստացիոնար բուժում է ստացել՝ տարեկան երկու անգամ՝ սեպտեմբեր և մարտ ամիսներին՝ 25-օրյա պարտադիր բուժմամբ։ Ասում է՝ այդ բուժումներն իրեն հնարավորություն են տվել 6 ամիս լիարժեք ապրել՝ առանց ցավերի։

Եղել են տարիներ, երբ Մարինեին հատկացված պետպատվերը ուշացել է․ այդ օրերին նա կրկին անկողնուց վեր չի կացել, նրան մորաքույրներն են խնամել՝ հերթապահելով։ Սակայն այժմ երկրում համավարակ է, մեծահասակ մորաքույրները ինքնամեկուսացել են, չեն կարողանում այցելել Մարինեին։

«Երբեք այսպիսի խնդրի առաջ չենք կանգնել։ Մեր հիվանդությունն այնպիսին է, որ գարնանն ու աշնանը գլուխ է բարձրացնում։ Տանը չենք կարող ինքներս բուժվել կամ սովորական դեղորայքներ ընդունել։ Մենք ստանում ենք այնպիսի բուժումներ, որոնք միայն հիվանդանոցային պայմաններում կարող ենք ստանալ՝ բժշկի խիստ հսկողության տակ»,- ասում է Մարինե Մինասյանը։

Մարինե Մինասյանն ամսական 37 հազար դրամ հաշմանդամության թոշակ է ստանում։ Անաշխատունակ է։ Ասում է՝ պարտադրված պետք է տարեկան 2 անգամ 450 հազար դրամ պարտքով գումար վերցնել և գնալ «Սթրես» կենտրոն բուժումները ստանալու, քանի որ ունի նախորդ տարիների հաստատված փորձ, որ այնտեղ ստացված բուժումներն իր առողջության համար արդյունավետ են։

«Ոնց որ ասեն՝ պետպատվեր չկա «Սթրես» կենտրոնում, գնա վիրաբուժական հիվադանոցում պառկի, թող կույրաղիքդ վիրահատեն։ Պետք չէ նևրոզների բուժումը, երբ այն ինձ օգուտ չի տալու։ Բացի այդ, մենք հոգեբուժարանի հիվանդներ չենք, մեր խնդիրները այդ բարդության չեն, որ հոգեկան խանգարում ունեցող հիվանդների հետ բուժվենք»,- ասում է նա։

 

Պետությունն անտեսում է 350-ից ավելի մարդու անվճար բուժվելու իրավունքը. «Սթրես» կենտրոնի ղեկավար

Առողջապահության նախարարությունում տեղյակ են «Սթրես» հոգեկան առողջության վերականգնման կենտրոնի շահառուների բողոքներից։ «Արթմեդ» ԲԿ տնօրեն Արթուր Աբգարյանն հաստատում է դա։ Արդեն 7 տարի է՝ այդ կենտրոնը իրենց բժշկական հաստատության մասն է կազմում, մինչ այդ եղել է առանձին բժշկական հաստատություն։ Կենտրոնը հիմնադրվել է 1989թ․-ին՝ երկրաշարժից 6 ամիս հետո։

«30 տարիների ընթացքում մենք միշտ, առաջին հերթին օգնել ենք տուժած մարդկանց, երկրաշարժ էր սկզբից, հետո՝ պատերազմ, հետո՝ տնտեսական ճգնաժամ, դրանից սկսված լուրջ ընտանեկան կրիզիսներ, հիվանդություններ,- պատմում է կենտրոնի ղեկավար, հոգեբույժ Սամվել Սուքիասյանը։- Մենք միշտ աշխատել ենք այ էսպիսի սոցիալական խնդիրներից ու բնական արհավիրքներից տուժած մարդկանց հետ։ Այս տարիների ընթացքում՝ 1989թ․-ից մինչև հիմա չի եղել մի տարի, որ մենք մեր պետպատվերը չկատարենք կամ որ պետությանը պարտք մնանք կամ հակառակը»,- ասում է նա։

«Արթմեդ» ԲԿ-ի պետպատվերի տարեկան ֆինանսավորումը մոտ 60 մլն դրամ է։ «Սթրես» կենտրոնում այսօր բուժում է ստանում ավելի քան 800 հոգի, որից 350-360-ը՝ պետպատվերի շրջանակում։ Ամսական կտրվածով՝ պետպատվերից օգտվում է մոտ 30 հոգի։ Բուժման վճարովի կուրսը մեկ անձի համար կազմում է 250 000-300 000 դրամ։

ՍՍուքիասյանը հատուկ ընդգծում է՝ իրենց կենտրոնը հոգեկան առողջության կենտրոն է, իսկ այսօր, չգիտես ինչու, բոլոր հոգեբուժարաններին կոչում են այդ անունով, սակայն դա ճիշտ չէ, հոգեբուժարանն այլ հաստատություն է և այդտեղ բուժհաստատություններում մոտեցումը զուտ հոգեբուժական է։

««Սթրես» կենտրոնն ի սկզբանե աշխատել է առողջ մարդկանց հետ, որոնք որ ունեն հոգեբանական խնդիրներ, որոնք որ իրենք չեն կարողանում լուծել, խնդիրներ, որոնք վերջ ի վերջո բերում են թե ՛ ֆիզիկական, թե՛ մարմնական տառապանքի, ու այդ մարդկանց օգնությունն այս կենտրոնն է ցուցադրում։ Կենտրոնն իր գործառույթներով ու լուծվող խնդիրներով՝ հոգեբուժարան երբեք չի եղել։ Առողջապահության նախարարությունը որոշել է, որ մեզ հոգեբուժական պատվեր չեն տալիս, որովհետև մենք պետական չենք, մասնավոր ենք»,- ասում է Սուքիասյանը։

Նրա խոսքով՝ «Սթրես» կենտրոնը սահմանային վիճակում գտնվող մադկանց է օգնում, իսկ այդ վիճակում կարող է հայտնվել ցանկացած մարդ․ «Սահմանային վիճակում, ասենք, պատերազմած տղաներն են, որոնք որ հիվանդ չեն, բայց ունեն հոգեկան ընդգծված լուրջ խնդիրներ։ Սահմանային վիճակում էին գտնվում 90-ական թվականների կյանքն ապրած մարդիկ։ Մեր խնդիրները հիմնականում դրանց հետ է կապված եղել»։

Սամվել Սուքիասյանն այն կարծիքին է, որ Առողջապահության նախարարությունը խտրականություն է դնում հաշմանդամություն ունեցող մարդկանց միջև՝ պետպատվեր սահմանելով ֆիզիկական խնդիր ունեցողներին և չտալով հոգեկան առողջության խնդիրների ունեցողներին:

Սուքիասյանն ասում է, որ թեև պետպատվեր չհատկացնելուց բժշկական հաստատությունը չի տուժում, բայց 350-ից ավելի մարդու պետպատվերից զրկելով` պետությունն անտեսում է այդ մարդկանց անվճար բուժվելու իրավունքը։

«Արթմեդ» ԲԿ տնօրեն Արթուր Աբգարյանը մեզ հետ զրույցում հույս հայտնեց, որ այնուամենայնիվ, Առողջապահության նախարարությունը կվերանայի իր որոշումն ու կվերականգնի կենտրոնի պետպատվերը «Հիմա հանձնաժողովի հատուկ նիստ են արել իրենք, քննության են առել, ուսումնասիրել են հանրապետության բոլոր հոգեբուժական հիվանդանոցները։ Հիմա պետք է այդ հանձաժողովը որոշում կայացնի, ներկայացնեն, և արդեն կտեսնենք՝ մեզ պետպատվեր տալիս են, թե ոչ»։

 

«Սթրես» կենտրոնի շահառուները հոգեբուժարանի շահառուներ են․ ԱՆ-ն դեռևս քննարկում է պետպատվերի հարցը

«Հետքը» գրությամբ դիմել է Առողջապահության նախարարություն (ԱՆ)՝ խնդրելով հայտնել՝ որն է հիմնավորումը։ Ի պատասխան՝ նախարարությունից մեզ հայտնել էին, որ ««Արթմեդ» ԲԿ-ում մատուցվող հոգեկան առողջության վերականգնման և հոգեթերապևտիկ ծառայությունների համար Առողջապահության նախարարության կողմից երբևէ պետական պատվեր չի տեղադրվել»։

Առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ հոգեբուժական ծառայությունների կազմակերպչական գործառույթների հետ խնդիրներ կային և դեռևս քննարկվում է «Սթրես» կենտրոնին պետպատվեր հատկացնելու հարցը․

«Առաջինը, պետք է հասկանանք, թե ինչ ձևով կազմակերպել այս փուլում հոգեբուժական ծառայությունները։ Հարցը միայն օպտիմալացումը չէ, այլ ընդհանուր առմամբ` որ ծառայությունը, որ մասով, որտեղ պետք է տեղակայվի»,- ասաց նա։

Ծաղիկ Վարդանյանը նշում է, որ այս պահին սպասում են առողջապահության նախարարի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի ուսումնասիրության եզրակացությանը։ Արդյունքում պետք է պարզ լիներ՝ կոնկրետ որ ծառայությունների մասով, ինչպիսի խմբավորում պետք է արվի։

Նրա խոսքով՝ ամենաուշը մարտի սկզբին Առողջապահության նախարարությունը պետք է ունենար որոշում, սակայն կորոնովիրուսով պայմանավորված նախարարության ծանրաբեռնվածությունն ավելացել է։ Նշենք սակայն, որ դեռևս փետրվարին՝ մինչ Հայաստանում կորոնավիրուսի ի հայտ գալը, նախարարությունը տեղյակ էր, որ «Սթրես» կենտրոնին պետպատվեր չի հատկացվելու։

Ծաղիկ Վարդանյանը տեղյակ է ծրագրի շահառուների բողոքներից, նրանց հանդիպել է, առաջարկել է դիմել Քասախի նևրոզների կլինիկա և «Ավան» հոգեկան առողջության կենտրոնը։

Հակառակ «Սթրես» կենտրոնի ղեկավար Սամվել Սուքիասյանի պնդման` Ծաղիկ Վարդանյանը ասում է՝ երբ ուսումնասիրել են, թե կենտրոնում ինչ հիվանդներ են բուժվում, նկատել են, որ գրեթե նույն հիվանդներն են, ինչ նևրոզով հիվանդների կլինիկայում։

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանություններ (1)

Կարինե
Ես կարծում եմ, առաջին հայացքից փոքր թվացող խնդիրը իր խորքային տեսակետից այնքան էլ փոքր չի ,քանզի յուրաքանչյուր քաղաքացի պետք է արժեվորվի իր պետության տեսանկյունից և վստահի նրան։ Այս սոցիալական շերտը ի վիճակի չի ինքնուրույն հաղթահարել իր առողջական դժվարությունները։ բացի այդ անտեսել տարիների փորձը որ այդ հաստատության մասնագետները են ձեռք բերել դա նույնպես խելամտության սահմաններում չի տեղավորվում։ ։ Հուսով եմ առոջապահութան նախարարությունը ողջամիտ կգտնվի և չի անտեսի թեկուզև ոչ այնքան շատ թվով բայց մեր երկրի համար արժեքավոր քաղաքացիների իրավունքը և թույլ չի տա բիրտ վերաբերմունք առանց այն էլ խոցելի այս սոցիալական շերտի նկատմամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter