HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Առաջարկվում է 500 հազար և ավելի եկամուտ ունեցողների կուտակային կենսաթոշակային գանձումների չափը չավելացնել

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Եղիշե Սողոմոնյանն ու Վահե Հովհաննիսյանն առաջարկում են չբարձրացնել 500 հազար դրամ և ավելի եկամուտ ունեցող ֆիզիկական անձանցից գանձվող սոցիալական վճարի (կուտակային կենսաթոշակային համակարգ) չափը:

Գործող օրենքով 500 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացողների համար սոցիալական վճարների հաշվարկման առավելագույն շեմ է համարվում 500 հազար դրամը, որը 2020 թվականի հուլիսի 1-ից դառնում է նվազագույն աշխատավարձի 15-ապատիկի չափ: Այն այս պահին կազմում է 1 միլիոն 20 հազար դրամ:

«Արդյունքում` 500 հազար դրամից ավել աշխատավարձ ստացողները վճարելու են ամսական մինչև 52 հազար դրամ լրացուցիչ սոցիալական վճար: Այդ վճարները ուղղվելու են կուտակային ֆոնդերին, որը նվազեցնելու է տնօրինվող եկամուտը և նաև սպառումը: Մյուս կողմից այդ խավն այս պահին արդեն կատարում է ամենաշատ սոցիալական վճարները և կենսաթոշակի հետագա ստացման տեսանկյունից արդեն գտնվում է լավագույն վիճակում և լրացուցիչ վճարների անհրաժեշտությունը բացակայում է»,-ասված է նախագծում:

Ըստ նախագծի հեղինակների`վերոնշյալ խավի համար ստեղծվում են անարդար պայմաններ, քանի որ մինչև 500 հազար դրամ ստացողների համար պետության կողմից վճարի մասով առկա է նույնանման համամասնությունը(5% վճարում է պետությունը, 5%`մասնակիցը), ինչը բացակայում է 500 հազար դրամից բարձր աշխատավարձի դեպքում:

Նախագծով առաջարկվում է 2020 թվականի հուլիսի 1-ից շեմի բարձրացման կարգավորումները չեղյալ համարել, և առանց հետագա ժամկետային սահմանափակման առավելագույն շեմ սահմանել 500 հազար դրամը:

Փոփոխություն չիրականացնելու դեպքում, մոտ 25 հազար քաղաքացի լրացուցիչ վճարելու է ամսական մոտ 700 մլն դրամ: Արդյունքում տարեկան կտրվածքով շրջանառությունից դուրս է գալու մոտ 8,4 մլրդ դրամ, որը կարող է հանգեցնել ավելի քան 1 մլրդ դրամ հարկային մուտքերի կրճատման՝ սպառման կրճատման պատճառով:

Ըստ հեղինակների` առաջարկվող փոփոխությունը հնարավորություն կտա խուսափել սպառման նման մակարդակի նվազումից և հարկերի նվազումից՝ առավել ևս սպասվող ֆինանսատնտեսական ճգնաժամի ֆոնին:

Հիշեցնենք, որ Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի համաձայն` պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակցում են 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված`

  • վարձու աշխատողները և հանրային ծառայության մեջ գտնվող անձինք, բացառությամբ զինվորական ծառայողների և նրանց հավասարեցված անձանց,
  • նոտարները,
  • անհատ ձեռնարկատերերը:
  • Ինչպես նաև 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված այն օտարերկրացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց վրա, ովքեր Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում են բազային եկամուտ:

Մասնակից հանդիսացող վարձու աշխատողը, օտարերկրացին ու քաղաքացիություն չունեցող անձը, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում է բազային եկամուտ, և որի բազային եկամուտը ամսական կտրվածքով չի գերազանցում 500000 դրամը, պարտավոր է կատարել ամսական կուտակային վճար իր բազային եկամտի 5%-ի չափով, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած 5%-ը մասնակցի համար (օգտին) վճարվում է պետական բյուջեից.

2018-ին օրենքում փոփոխություն կատարելուց հետո դրույքաչափերը փոխվեցին, այժմ 7,5 տոկոսն ապահովում է պետությունը, 2,5-ը` մասնակիցը: 2021 թվականի հուլիսի մեկից այս հարաբերակցությունը կփոխվի, և կրկին 5% կվճարի պետությունը, 5%` մասնակիցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter