Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման Մոսկվայում առաջարկված տարբերակներն ակտիվորեն քննարկվում են. Լավրով
Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման տարբերակները, որը նախորդ տարի Մոսկվայում առաջարկվել էր Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ, ակտիվորեն քննարկվում է։ Դրա ստորագրումը կարևոր քայլ կլինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի իրագործման ուղղությամբ։ Այդ մասին ապրիլի 21-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Ա.Մ. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության ֆոնդի ներկայացուցիչների հետ կայացած կլոր սեղան քննարկման ժամանակ, որն անց էր կացվում տեսակոնֆերանսի տարբերակով։
«Կան մադրիդյան սկզբունքները, կան փաստաթղթեր, որոնք 2010-2011 թվականներին մշակվել են Ռուսաստանի Դաշնության կողմից։ Դրանք այսպես կոչված Կազանի փաստաթղթերն են։ Կան նախագծեր, որոնք նախորդ տարվա ապրիլին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև համանախագահների հետ հանդիպման ժամանակ տարածվել են, և դրանք ներկայումս ակտիվորեն քննարկվում են»,- հայտարարել է Լավրովը։
Լավրովը մանրամասնել է, որ այդ փաստաթղթերը ենթադրում են «հիմնահարցի կարգավորում փուլային տարբերակ, որի առաջին փուլում կլուծվեն առավել ակտուալ խնդիրները՝ Լեռնային Ղարաբաղի մի քանի շրջանների հանձնում և տրանսպորտային, տնտեսական և կապի այլ միջոցների ապաշրջափակում։
Լավրովը նաև նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բանակցությունների ֆորմատը ճիշտ և օգտակար։ «Հենց դրանում է կայանում Անվտանգության խորհրդի այն պահանջը, որ դադարեցվի պատերազմը և սկսվեն բանակցությունները»,- ավելացրել է նա։
Ավելի ուշ, Լավրովի հայտարարությանն արձագանքել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանը։ Մնացականյանը նշել է, որ բոլոր նրանք, որոնք կարծում են, որ բանակցությունների ժամանակ Հայաստանը խոսում է մի բանից, իսկ ժողովրդին ներկայացնում մեկ այլ բան, չարաչար սխալվում են։
«Այս երկու տարիների ընթացքում մեր կառավարությունը, վարչապետ Փաշինյանը, մենք եղել ենք առավել քան թափանցիկ։ Մեր դիրքորոշումներն ու մոտեցումները հայտնել ենք շատ պարզ ձևով։ Այդ մեկնաբանության մեջ եղել են հղումներ բազմաթիվ փաստաթղթերի։ Նման մոտեցումներ ի հայտ են եկել 2014, 2016 թվականին, և այդ մոտեցումներն ընդունելի չեն եղել հայկական կողմերի համար։ 2018-ից ի վեր քննարկումները սահմանափակվել են առանձին տարրերի շուրջ՝ կողմերի մոտեցումների քննարկման, գնատահման վերաբերյալ: 2014 թվականին առաջարկված տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ»,- ասել է Մնացականյանը։
Նախարարի պնդմամբ՝ հայկական կողմերի համար առաջնայինը բանակցային գործընթացում անվտանգության բաղադրիչն է։ Ինչ վերաբերում է տարածքներին, դրանք, ըստ Մնացականյանի, անվտանգության գոտի են ու պաշտպանական գծեր։ Հետևաբար հայկական կողմերի համար դրանք վերանայման ենթակա չեն:
«Հայկական որևէ կողմ չի կարող վերանայել դա՝ վտանգի տակ դնելով Արցախի բնակչության անվտանգությունը։ Որևէ կերպ անհնար է ենթադրել, որ հայկական կողմերից որևէ մեկը կարող է գնալ զիջումների, որոնք կարող են վտանգի տակ դնել Արցախի ժողովրդի անվտանգությունը»,- հավելել է Մնացականյանը։
Լուսանկարում՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, «TACC» գործակալություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել