Մոնիտորինգը ցույց է տվել, որ բարձրացել են խիստ սահմանափակ թվով գրքերի գները
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Վարչապետը հիշեցրել է, որ նախորդ նիստում անդրադարձ է եղել գրքերի թանկացմանը, պարզաբանվել, որ օրենսդրության մեջ գրքերի գնաճ հարուցող որևէ փոփոխություն չի կատարվել։
Նիստում նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին առաջարկվել էր ուսումնասիրել հարցը և ներկայացնել վերլուծության արդյունքը։
Հանձնաժողովի նախագահի խոսքով' ուսումնասիրությամբ պարզվել է, որ գրքերի գնի բարձրացումը հիմնականում պայմանավորված էր այս ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտների կողմից հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների սխալ ընկալմամբ։
«Ի դեպ, մեր մոնիտորինգը ցույց է տվել, որ բարձրացել են խիստ սահմանափակ թվով գրքերի գներ, - հավելել է նա։ - Ֆինանսների նախարարությունն արդեն տվել է համապատասխան պաշտոնական պարզաբանում, որն ամբողջությամբ կարգավորում է խնդիրը։ Տնտեսվարողները գոհ են պաշտոնական պարզաբանումից, որի արդյունքում համապատասխան փոփոխություններ կկատարեն իրենց հաշվառման ընթացակարգերում, և դրա արդյունքում առաջիկա մի քանի օրերի ընթացքում այն գրքերի գները, որոնք բարձրացել էին այս մի քանի օրերի ընթացքում, կվերադառնան նույն մակարդակ։ Այդուհանդերձ, օգտվելով առիթից' կոչ եմ անում բոլոր սպառողներին' եթե կտեսնեն, որ գրքերի գները, որոնք այս խնդրի կապակցությամբ բարձրացել են, չեն փոխվի, կմնան նույն մակարդակին, անպայման դիմել հանձնաժողովին»։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկել է հետևել իրադարձությունների զարգացմանը, որից հետո նորից անդրադառնալ այս խնդրին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել