
«Վանաձոր» ՔԿՀ-ի 20 դատապարտյալներ ու կալանավորներ հացադուլ են անում. պատգամավորներն ահազանգում են
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի շուրջ քսան դատապարտյալներ ու կալանավորներ հացադուլ են իրականացնում:
Այս մասին ԱԺ արտահերթ նիստին ասաց Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«Վանաձոր ՔԿՀ-ից ահազանգ ստացանք, որ 18-20 անձինք հացադուլի են դիմել` կապված դատավարական գործընթացների երկարաձգման խնդրի հետ: Որպես իրավաբան` հայտարարում եմ, որ Սահմանադրության համաձայն մարդու կյանքն ու առողջությունը բացարձակ իրավունքներ են, ենթակա չեն սահամանափակման որևէ դեպքում: Խնդրում եմ արագ արձագանք իրավասու մարմինների կողմից, որպեսզի պարզավեն պատճառները ու տրվի լուծում առավել ևս երբ խոսքը վերաբերում է այն անձանց որոնք դեռ դատապարտյալ չեն, այլ մեղադրվում են, և որոնց դեպքում գործում է անմեղության կանխավարկած»,-ասաց Գևորգ Պետրոսյանը:
Նույն խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ հացադուլավորներն ավելանալու են, եթե քայլեր չձեռնարկվեն, ապա ասաց, որ Արմավիր ՔԿՀ-ից 12 դատապարտյալներ ու կալանավորներ գրավոր դիմել են ՔԿՀ-ի պետին, հրաժարվում են ՔԿՀ-ի սննդից:
«Եթե ծնողներին թույլ չեն տալիս հանձնուքի մեջ հանձնել միրգ ու քաղցրավենիք, էդ դեպքում ինչի են թույլ տալիս էն կալանվորը որն ունի քարտ, թույ են տալիս ՔԿՀ-ի կողքի բուտկայից նույն միրգն ու քաղցրավենիքն առնի»,-ասաց Զոհրաբյանը:
Լրացում:
Քրեականատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հացադուլավորների թիվը 18-ն է: Վերջիններիս հացադուլի պատճառը իրենց քրեական գործերի վերանայման պահանջն է: Հացադուլը սկսվել է դեռ ապրիլի 21-ից: Նավիկյանի խոսքով` ՔԿՀ-ի ղեկավարությունը բացատրական աշխատանքներ է տանում, որպեսզի վերջիններս դադարեցնեն հացադուլը:
Մեկնաբանել