
Հարկային օրենսգրքում տնտեսվարողների ներդրումների պայմաններին առնչվող փոփոխության առաջարկ է ներկայացվել
Խորհրդարանի արտահերթ նիստում քննարկվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հեղինակած Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենսդրական առաջարկը, որը վերաբերում է կապիտալ ծախսերի մասհանումներին:
Պատգամավորն առաջարկում է հնարավորություն ընձեռել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կատարվող ներդրումների համար ծախսագրումները (ամորտիզացիոն մասհանումները) կատարել ոչ թե սահմանված նվազագույն ժամկետներում, այլ որոշել սեփական հայեցողությամբ` առնվազն մեկ տարում:
«Գործող կարգավորումներով եթե տնտեսվարողը ներդրումներ է անում, օրինակ՝ սարքավորումներ գնում, չի կարող այդ ծախսը տվյալ տարում ծախսագրել: Առանձին խմբերի համար կա առաձին ժամանակաշրջան, օրինակ` համակարգիչների համար մեկ տարի, շենք-շինությունների համար` քսան տարի, սարքավորումների համար` հինգ տարի: Հարկային օրենսգրքում կա մի բացառություն, կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագրերի համար, և տնտեսվարողը կարող է սարքավորումների ու գույքի համար ինքը որոշել նեդրումներն ինչ ժամկետում է անում»,- ասաց հիմնական զեկուցող Բաբկեն Թունյանը:
Նրա խոսքով` նախագծով առաջարկվում է նույն հնարավորությունը ընձեռել բոլոր տնտեսվարողներին, եթե ներդումները կատարեն մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը, ծախսագրումները կարողանան սահմանված ժամկետից երկար ժամանակում կատարել: Ըստ նախագծի հեղինակի` փոփոխությունների արդյունքում տնտեսվարողն անմիջապես էֆեկտը չի զգալու, այլ լինելու է ժամանակի ընթացքում, սակայն տնտեսության մեջ կատարված ներդրում կատարելու էֆեկտը տնտեսությունն անմիջապես է զգալու:
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը հետաքրքրվեց, թե ինչու է ժամանակն ընտրվել մինչ դեկտեմբեր 31-ը: Պատգամավորն առաջարկեց այդ ժամկետը երկարաձգել, քանի որ ըստ նրա՝ տնտեսական ճգնաժամը վաղը չի ավարտվելու, և բացի այդ, տնտեսվարողները այսքան կարճ ժամկետում ներդրում կատարելու նախաձեռնություն կարող է և չցուցաբերեն: Թունյանը համաձայնեց` ներդրում կատարելու որոշումը շատ կարճ ժամանակում չեն անում, սակայն նշեց, որ այս հնարավորությունն այն տնտեսվարողների համար է, որոնք արդեն իսկ նման որոշման հանգել են, և սա լրացուցիչ գործիքակազմ է իրենց համար:
Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն իր ելույթում նշեց, որ Կառավարությունում բազմակողմանի քննարկվել է նախագծով առաջարկվող լուծումը, և ներկայացրեց որոշ թեզեր նախագծի վերաբերյալ դիրքորոշում ձևավորելու համար:
«Մեր գնահատմամբ այսօր արագացված ամորտիզացիա է կիրառվում: Թույլատրելի նվազագույն ժամկետները գործնականում ավելի կարճ են, քան դրանց տնտեսական կյանքի տևողությունը: Այսինքն՝ հարկային հաշվառման առումով այսօր էլ թույլատրված է որպեսզի շահութահարկով հարկման բազան ավելի առաջանցիկ տեմպերով նվազեցվի` ի հաշիվ ամորտիզացիոն մասհանումների տեսքով կատարվող ծախսերի, քան հիմնական տվյալ միջոցը կհասցնի ժամանակի ընթացքում ֆիզիկապես ու բարոյապես մաշվել»,-ասաց փոխնախարարը:
Վերջինիս խոսքով՝ ըստ ուսումնասիրության հարկային վնասների հիմնական պատճառը արագացված ամորտիզացիայի մասհանումներն են: Նա հիշեցրեց, որ մեքենաների սարքավորումների ներմուծման և որոշակի աշխատատեղերի ստեղծման համար կառավարությունը հարկային արտոնություն է տաիս ընկերություններին, ազատում ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ).
«Հիմնական միջոցների գծով արագացված ամորտիզացիա կիրառելու հնարավորություն կա, բայց այս գործիքներից համատարած չեն օգտվում, և օբյեկտիվ պատճառը հետևյալն է, երբ հարկային վնաս է ձևավորվում, այն թույլատրվում է փոխանցել դրա ձևավորմանը հաջորդող հինգ տարի` ոչ ավելի, և ցանկացած ռացիոնալ տնտեսվարող պետք է գնահատի ներդրումներ կատարելուց հետո իր հնարավորությունները` հարկման բազաները, որ հասկանա` կունենա՞ արդյոք բավարար հարկման բազաներ օգտագործելու ամորտիզացիա մեծ չափով կատարելու արդյունքում ձևավորված հարկային վնասը»,- ասաց Արման Պողոսյանը` հավելելով, որ այն զսպող նորմ է, որ տեղին-անտեղին չչարաշահվի այս գործիքը տնտեսվարողների կողմից:
Նախագծի հիմնական զեկուցող Բաբկեն Թունյանն իր եզրափակիչ ելույթում ասաց, որ պատրաստ է ականջալուր լինել գործընկերների առաջարկներին: Եվ չնայած նախագծին՝ օրակարգ էր ներառվել հատուկ ռեժիմով, ինչը ենթադրում է առաջին ընթերցմամբ քվեարկությունից հետո 24-ժամյա ռեժիմում երկրորդ ընթերցմամբ քննարկում, սակայն նախագծի հեղինակը նշեց, որ առաջին ընթերցմամբ ընդունումից հետո պատրաստ է պատգամավորներին մեկ շաբաթ ժամանակ տրամադրել` առաջարկներն ամբողջացնելու համար:
Լուսանկարում՝ Բաբկեն Թունյանը
Մեկնաբանել