HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տեղն ու դերն Իրանի քաղաքական համակարգում

Արմեն Վարդանյան

ՄԱՀՀԻ փորձագետ, իրանագետ

Նախաբան

Ժամանակակից Իրանի քաղաքական համակարգի և արտաքին քաղաքականության շատ նրբերանգներ հասկանալու համար պետք է իմանալ, թե ինչ է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» (ԻՀՊԿ): Այն մի յուրօրինակ պետություն է պետության մեջ (state within a state), որն ունի իր սեփական զինված ուժերը, հետախուզական ծառայությունը, բազմաթիվ ֆինանսատնտեսական հաստատություններ ու արդյունաբերական ձեռնարկություններ, և այդ կառույցը նույնիսկ չի կարողանում սանձել երկրի կառավարությունը: Շատ հաճախ երկրի քաղաքական ղեկավարությունը ստիպված է լինում պայքար մղել երկու ճակատով՝ արտաքին և ներքին, որտեղ նրան դիմակայում է Կորպուսը: ԻՀՊԿ-ի ազդեցությունը երկրում այնքան մեծ է, որ այն կարողանում է ազդել նաև երկրի արտաքին քաղաքականության վրա: 

ԻՀՊԿ-ի ստեղծման պատմությունը և կառուցվածքը

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» (ԻՀՊԿ) ստեղծվել է 1979թ. Իրանի իսլամական հեղափոխությունից անմիջապես հետո՝ իսլամական քաղաքական համակարգը, հեղափոխությունը և դրա նվաճումները պաշտպանելու համար: Ըստ ներկայումս ԱՄՆ-ում բնակվող քաղաքական վերլուծաբան, լրագրող Մոհսեն Սազեգերայի, ով եղել է Կորպուսի հիմնադիրներից մեկը, իսկ հետագայում որպես Իրանի հարցերով փորձագետ աշխատել է ԱՄՆ-ի մի շարք վերլուծական կենտրոններում և համալսարաններում, Իսլամական հեղափոխությունից հետո, ի սկզբանե, նախատեսված էր, որ ԻՀՊԿ-ը պետք է դառնա պահեստազորի աշխարհազորային ուժ, ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի նման մի կառույց: Սակայն Իրան-իրաքյան պատերազմից հետո կառույցին հնարավորություն տրվեց ունենալ սեփական խոշոր ընկերություններ և ձեռնարկություններ տարբեր ոլորտներում, դրանց միջոցով մասնակցել երկրի վերականգնմանը, փող վաստակել, և այն աստիճանաբար դարձավ գերհզոր կառույց, «խորքային պետություն», որն ունի նաև մեծ թվով պատգամավորներ Իրանի մեջլիսում, նախարարներ՝ կառավարության կազմում և ազդել երկրի ներքին ու արտաքին քաղաքականության վրա: 

Ըստ Իրանի Սահմանադրության՝ ԻՀՊԿ-ը համարվում է Իրանի բանակի մի մասը և ներկայումս ունի մոտ 125000 զինվոր՝ չհաշված «Բասիջ» աշխարհազորը և «Ղոդս» հատուկ նշանակության ստորաբաժանումը, որոնք նույնպես Կորպուսի մաս են կազմում: ԻՀՊԿ-ի ղեկավարը նշանակվում է անմիջապես երկրի Գերագույն առաջնորդի կողմից և ենթարկվում միայն նրան:  Կառույցը բաղկացած է գլխավոր հրամանատարությունից, միասնական շտաբից, ցամաքային, օդատիեզերական և ռազմածովային ուժերից, «Բասիջ» աշխարհազորից և «Ղոդս» հատուկ նշանակության ստորաբաժանումից: Բացի դրանից հենց կորպուսի վերահսկողության ներքո են գտնվում Իրանի ռազմավարական հրթիռային ուժերը: ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարն է բրիգադի գեներալ Հոսեյն Սալամին: 

Որքան էլ տարօրինակ թվա, Իրանի բանակի օդային, ծովային և ցամաքային ուժերին զուգահեռ առանձին նման կառույցներ ունի նաև ԻՀՊԿ-ը: ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերն Իրանի բանակի օդային ուժերի հետ հսկում են Իրանի օդային տարածքը: Կորպուսի օդատիեզերական ուժերն իրենց տրամադրության տակ ունեն բազմաթիվ կործանիչներ, ինքնաթիռներ, ռազմական և քաղաքացիական ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր և այլն: Բացի այդ ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի վերահսկողության ներքո են գտնվում Իրանի ռազմավարական հրթիռային ուժերը: Իրանը համարվում է հրթիռներ արտադրող՝ աշխարհի առաջատար երկրներից մեկը: Կառույցի հրթիռային զինանոցում կան փոքր և միջին հեռավորության բալիստիկ և թևավոր հրթիռներ: 

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ռազմածովային ուժերը հսկում են Իրանի տարածքային ջրերը և ափամերձ հատվածները: Կառույցն իր տրամադրության տակ ունի բազմաթիվ սուզանավեր, տարբեր տեսակի ռազմանավեր, մոտորանավակներ և այլն:  

ԻՀՊԿ-ի Ցամաքային ուժերի թիվը կազմում է մոտավորապես 100000 մարդ: Այս կառույցը, մի կողմից, Իրանի բանակի հետ զբաղվում է երկրի սահմանների պաշտպանությամբ, մյուս կողմից էլ անհրաժեշտության դեպքում նաև ներգրավվում ներքին անկարգությունների ճնշմանը կամ իրավապահ մարմինների գործառույթներ է իրականացնում:

«Բասիջ» ռազմականացված աշխարհազորը հիմնադրվել է Իրանի հեղափոխության առաջնորդ Ռուհոլլա Խոմեյնիի հրամանով 1979թ.: «Բասիջ»-ի ստորաբաժանումները հրամաններ են ստանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարից և ներկայիս Գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի կողմից: Ներկայումս «Բասիջը» ծառայում է որպես օժանդակ ուժ, որը զբաղվում է այնպիսի գործունեությամբ, ինչպիսին է ներքին անվտանգության ապահովումը, սոցիալական ծառայություններ է մատուցում և կազմակերպում հասարակական-կրոնական արարողություններ, ինչպես նաև գործում է որպես «բարոյական ոստիկանություն» և ճնշումներ գործադրում այլախոհների նկատմամբ: Այն ունի տեղական կազմակերպություններ Իրանի գրեթե բոլոր քաղաքներում: Բասիջը նաև անվանում են հեղափոխության «աչքն ու ականջը»: Այն ունի մոտ 90000 ակտիվ անդամ, իսկ պահեստազորի անդամների թիվը, տարբեր տվյալներով, հասնում է մինչև 600000-ի և անհրաժեշտության դեպքում կարող է անցնել նույնիսկ 1 միլիոնը: Այս կազմակերպությունը նշանավորվել է նաև Իրանի ներքին ցույցերը կոշտորեն ցրելով՝ հատկապես դաժանորեն ցրելով 2009թ. նախագահական ընտրություններից հետո Միր-Հուսեյն Մոսավիի գլխավորությամբ տեղի ունեցած բազմահազարանոց ցույցերը: Ըստ որոշ տեղեկությունենրի՝ կառույցը նաև ներգրավված է սիրիական պատերազմում և պայքարում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի թշնամիների դեմ: Ուշագրավ է, որ կառույցն ունի նաև դպրոցականների ու կանանց ստորաբաժանումներ:  

ԻՀՊԿ-ի կազմում գտնվող ստորաբաժանումներից առանձնահատուկ տեղ ունի «Ղոդս» հատուկ նշանակության ստորաբաժանումը («Ղոդսը» Երուսաղեմի պարսկերեն անվանումն է), որն ունի 5.000-10000 մարտիկներ և հիմնականում զբաղված է Իրանի սահմաններից դուրս հատուկ գործողություններ իրականացնելով: Այս կառույցը, ըստ էության, ուղղակիորեն չի ներգրավվում ռազմական գործողությունների մեջ, սակայն զբաղվում է մարտիկների (հատկապես արտասահմանից) հավաքագրմամբ, մարզմամբ և տարբեր օպերացիաների ժամանակ նրանց օգտագործելով: Օրինակ, ըստ որոշ տվյալների՝ «Ղոդս» ստորաբաժանումը վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի տասնյակ հազար աֆղան ու շիա պակիստանցի մարտիկների է տեղափոխել Սիրիա, որոնք կռվել են այդ երկրի նախագահ Բաշար Ասադի թշնամիների դեմ: Այս կառույցը ներգրավված է եղել մի շարք պատերազմներում, մասնավորապես՝ Իրան-իրաքյան պատերազմում, Լիբանանի և Սիրիայի քաղաքացիական պատերազմներում, Իրաքում կազմակերպել է հարձակումներ ամերիկյան բազաների վրա և այլն: Կառույցը հատկապես աչքի է ընկել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարով: Ընթացիկ տարվա հունվարին ԱՄՆ կողմից սպանված գեներալ-լեյտենանտ Ղասեմի Սոլեյմանին հենց «Ղոդս»  հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատարն էր: 

ԻՀՊԿ-ի հետախուզական կազմակերպությունը ստեղծվել է Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի կողմից 1997թ.` բարեփոխական նախագահ Մոհամմադ Խաթամիի ընտրվելուց հետո, և Իրանի նախագահները վերահսկողություն չեն ունեցել այդ ինստիտուտի նկատմամբ, այն գործում է երկրի հետախուզական ծառայությանը զուգահեռ: 2009թ. նախագահական խնդրահարույց ընտրություններից հետո երկրում սկիզբ առած լայնամասշտաբ բողոքի ցույցերի հետևանքով Գերագույն առաջնորդ Խամենեին բավականին ընդլայնեց կառույցի լիազորությունները և հզորությունը: Այս ծառայությունը հիմնականում զբաղվում է երկրի ներսում բողոքական տրամադրություններ ունեցող մարդկանց հայտնաբերմամբ, նրանց գործունեությանը հետևելով, ինչպես նաև իշխող վարչակարգի դեմ հանդես եկող լրագրողների, իրավապաշտպանների, քաղաքացիական ակտիվիստների և այլոց ձերբակալմամբ: Իսկ բողոքի ցույցերի ժամանակ նրանք զբաղվում են ցուցարարների նույնականացմամբ, նրանց հայտնաբերմամբ և ձերբակալմամբ: 

ԻՀՊԿ-Ի քաղաքական և տնտեսական ազդեցությունը

Թեև Իսլամական հեղափոխությունից հետո Այաթոլլահ Խոմեյնին հայտարարեց, որ երկրի ռազմական ուժերը պետք է մնան ապաքաղաքականացված, սակայն, միևնույն ժամանակ, Սահմանադրության 150 հոդվածով ամրագրվեց ԻՀՊԿ-ի դերը որպես «հեղափոխության և նրա նվաճումների պահապանի», ինչը նաև քաղաքական առաքելություն է ենթադրում: Ինչպես արդեն նշվեց վերևում, ժամանակի ընթացքում ԻՀՊԿ-ը սկսեց նաև քաղաքական և տնտեսական ազդեցություն ձեռք բերել երկրի ներսում, և կառույցին հաջողվեց դառնալ երկրի ամենաազդեցիկ ինստիտուտը գերագույն առաջնորդի ինստիտուտից հետո: Դրա հետ կապված տարբեր ժամանակահատվածներում Իրանի նախկին նախագահներ Մոհամադ Խաթամին, Հաշեմի Ռաֆսանջանին և այժմ էլ Հասան Ռոուհանին փորձել են թուլացնել այդ կառույցի ազդեցությունը, սակայն դա վերջնական արդյունքում չի հաջողվել, քանի որ «Հեղափոխության պահապանների կորպուսը» դարձել է երկրի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի բնական դաշնակիցը և հենարանը: Հենց այդ պատճառով էլ գրեթե անսահմանափակ իշխանությամբ օժտված երկրի Գերագույն առաջնորդը սատարում է ԻՀՊԿ-ին ու նաև այն օգտագործում որպես մահակ քաղաքական իշխանությանը հնազանդ պահելու համար: Բացի այդ այդպիսի գերհզոր կառույցի ողնաշարը ջարդելը չափազանց բարդ է, որովհետև այն ահռելի ռեսուրսներ ունեցող հզոր ուժ է:

Կորպուսի «ոսկեդարը» համարվում է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կառավարման տարիները: Վերջինս նախկինում եղել է ԻՀՊԿ անդամ և նախագահ դառնալուց հետո սկսեց լայն արտոնություններ տալ այդ կառույցին: Նրա կաբինետի անդամների մեծ մասը, ինչպես նաև 2004թ. Իրանի Մեջլիսի պատգամավորների գրեթե մեկ երրորդը Կորպուսի անդամներ էին: Բացի այդ Ահմադինեժադն այդ կառույցի շատ անդամների նշանակեց դեսպաններ, նահանգապետեր և այլ բարձր պաշտոններում: 

Բացի պաշտոններ ստանալուց Մահմուդ Ահմադինեժադի կառավարման տարիներին Կորպուսը մասնավորեցման շրջանակներում տիրացավ բազմաթիվ խոշոր ընկերությունների և առավել ամրապնդեց իր տնտեսական հզորությունը: ԻՀՊԿ-ին միլիարդավոր դոլարների պայմանագրեր շնորհվեցին նավթագազային, նավթաքիմիական արդյունաբերության ոլորտներում, ինչպես նաև ենթակառուցվածքների կառուցման խոշոր նախագծերում: 

Ներկայումս ԻՀՊԿ-ը, տարբեր տվյալներով, վերահսկում է Իրանի տնտեսության շուրջ մեկ երրորդը` ներկայացված լինելով տնտեսության բոլոր ճյուղերում: Որոշ տնտեսագետների գնահատմամբ՝ ԻՀՊԿ-ի կապիտալը կարող է հասնել մինչև 100 միլիարդ դոլարի: Կորպուսի ենթակայության տակ գործող կազմակերպություններն իրականացնում են երկրի խոշոր տնտեսական նախագծերի մեծ մասը՝ կամուրջների, ճանապարհների և այլ ենթակառուցվածքների շինարարություն, ինչպես նաև բիզնես գործունեություն են ծավալում տնտեսության բոլոր ոլորտներում։ Ենթակառուցվածքների կառուցման մեծ մասն իրականացնում է Խաթամ-օլ-Անբիա (թարգմ.՝ Մարգարեի կնիքը) խոշոր ընկերությունը, որը համարվում է ԻՀՊԿ-ի ինժեներական թևը: Այն ունի տասնյակ հազարավոր աշխատողներ, և նրան շնորհվել են միլիարդավոր դոլարների շինարարության և ինժեներական պայմանագրեր: Նախապատժամիջոցային ժամանակահատվածում՝ 2017թ., այդ ընկերության տարեկան եկամուտը, տարբեր տվյալներով, հասնում էր մինչև 12 մլրդ դոլարի: 2009թ.՝ Մահմուդ Ահմադինեժադի կառավարման ժամանակահատվածում, Էթեմադե Մոբին Իրանի պետական ​​հեռահաղորդակցության ընկերության բաժնետոմսերի մեծ մասը 7,8 միլիարդ դոլարով օտարվեց Կորպուսին: Դա պատմության ընթացքում Թեհրանի ֆոնդային բորսայում իրականացված ամենախոշոր գործարքն էր: Բացի վերոնշյալ ընկերություններից ԻՀՊԿ-ին են պատկանում նաև Oriental Oil Kish նավթագազային ընկերությունը, Սեփազադ ինժեներական ընկերությունը, Bahman Group ավտոմեքենաշինական ընկերության բաժնետոմսերի 45%-ը, Անսար և Մեհր բանկերն ու բազմաթիվ այլ ձեռնարկություններ, ֆինանսատնտեսական ընկերություններ և այլն: 

Կորպուսին պատկանող հաստատությունների մեջ յուրահատուկ տեղ են զբաղեցնում բոնյադները (հիմնադրամներ): Իրավական տեսանկյունից բոնյադները ոչ պետական և շահույթ չհետապնդող հաստատություններ են, դրանք, որպես կանոն, ազատվում են պաշտոնական վերահսկողությունից, քանի որ ազդեցիկ կրոնական առաջնորդներ և կառավարության ներկայիս կամ նախկին պաշտոնյաներ են վերահսկում դրանց: Դրանք օգտվում են հարկային և մաքսային արտոնություններից, արտոնյալ պայմաններով վարկեր են ստանում, այնտեղ են ուղղվում մի շարք կրոնական տուրքեր, նվիրատվություններ և այլն: 

Օրինակ, Մոսթազաֆան վա Ջանբազան հիմնադրամը (պարսկերեն՝ ճնշվածների և հաշմանդամների հիմնադրամ) Իրանի մեծությամբ երկրորդ առևտրային կազմակերպությունն է պետական «Իրանի ազգային նավթային ընկերություն»-ից հետո: Տնտեսական, մշակութային և սոցիալական բարեկեցության հաստատություն հիմնադրամն իր տնօրինության տակ ունի բազմաթիվ արտադրական-արդյունաբերական ձեռնարկություններ, որոնց շահույթը, ըստ հիմնադրամի, ուղղվում է Իրանի «հաշմանդամների և աղքատների կենսամակարդակը» բարելավելուն: Հիմնադրամը ներկայացված է տնտեսության բազմաթիվ հատվածներում: Այն զբաղվում է բեռնափոխադրումներով, մետաղների արդյունահանմամբ, նավթաքիմիական ապրանքների արտահանմամբ, ենթակառուցվածքների կառուցմամբ, գյուղատնտեսությամբ, տուրիզմով, տրանսպորտային, հյուրանոցային և այլ առևտրային ծառայությունների մատուցմամբ: Այս հիմնադրամի կապիտալը, տարբեր տվյալներով, կազմում է 10-12 միլիարդ դոլար: Ըստ հիմնադրամի նախկին տնօրեններից մեկի՝ Մոհսեն Ռաֆիղդուսթի Մոստազաֆանն իր շահույթի 50 տոկոսը հատկացնում է կարիքավորներին օգնություն տրամադրելու համար՝ ցածր տոկոսադրույքով վարկերի կամ ամսական կենսաթոշակների տեսքով, մինչդեռ մնացած 50 տոկոսը ներդնում է իր տարբեր դուստր ձեռնարկություններում: Ավելի քան 200000 աշխատող ունեցող այս հիմնադրամն ունի մոտ 350 դուստր ձեռնարկություն:

Պետք է նշել, որ Իրանում մշտապես քննադատության է ենթարկվում այս հիմնադրամների գործունեությունը: Շատերի պնդմամբ՝ այս հաստատությունները մի կողմից օգտագործվում են որպես փողերի լվացման միջոց, մյուս կողմից էլ դրանք, պետության կողմից հարկային մեծ արտոնություններ ստանալով, լուրջ վտանգ են սպառնում տնտեսության մասնավոր հատվածի համար և խաթարում առողջ տնտեսական մրցակցությունը: 

Կորպուսի ազդեցության տակ գտնվող հիմնադրամներից կարելի է առանձնացնել նաև Բոնյադե շահիդ վա օմուրե իսարգարանը (Նահատակների և վետերանների գործերով հիմնադրամը), Բոնյադե թաավոնե սեփահե փասդարանը (ԻՀՊԿ-ի փոխօգնության հիմնադրամը) և այլն: 

Պետք է նշել նաև, որ ԻՀՊԿ-ի ազդեցության տակ են գտնվում նաև բազմաթիվ լրատվամիջոցներ: Կառույցի պաշտոնական լրատվամիջոց է համարվում Սեփահ (բանակ) կայքը, սակայն այն ունի նաև իր ազդեցության տակ գտնվող շատ այլ լրատվամիջոցներ: Դրանցից կարելի է առանձնացնել IRIB պետական հեռուստաալիքը, որի ղեկավարին թեև նշանակում է Գերագույն առաջնորդը, սակայն այն գործում է Կորպուսի շահերին համահունչ, ինչպես նաև Սոբհե Սադեղ շաբաթաթերթը, Ֆարսնյուզ կայքը, որը հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների ներքո, որոշ չափով նաև Թասնիմնյուզ կայքն ու մի շարք այլ լրատվամիջոցներ: Սրանց միջոցով Կորպուսը, մի կողմից, զբաղվում է իրեն ձեռնտու քարոզչությամբ, իսկ մյուս կողմից էլ քարոզչական արշավ է տանում իր համար ոչ ցանկալի քաղաքական ու հասարակական գործիչների, քաղաքացիական ակտիվիստների և այլոց դեմ: 

Պայքար իշխանության և ԻՀՊԿ-ի միջև

Ինչպես արդեն նշվեց վերևում, ԻՀՊԿ-ի ստեղծման պահից մի քանի տարի անց այդ կառույցն այնքան հզորացավ, որ սկսեց «ձեռնոց նետել» կառավարությանը, և տարիներ շարունակ Իրանի մի քանի նախագահների ու Կորպուսի միջև եղել է բացահայտ կամ թաքնված հակամարտություն: Այդ հարաբերությունները հատկապես լարվել են 2013թ. նախագահական ընտրություններից հետո, երբ երկրի նախագահ ընտրվեց բարեփոխականների հոսանքի ներկայացուցիչ Հասան Ռոուհանին, ում հետ նախագահական աթոռի համար պայքարում էին Կորպուսի 4 թեկնածուներ: Նախագահ ընտրվելուց հետո Հասան Ռոուհանին փորձեց թուլացնել ԻՀՊԿ-ի դիրքերը, և նրա նախագահության գրեթե ողջ ժամանակահատվածում Կորպուսի հետ նրա հարաբերությունները լարված են եղել: Կորպուսն էլ իր հերթին մշտապես փորձել է թուլացնել Հասան Ռոուհանիի ազդեցությունը և թույլ չտալ Արևմուտքի հետ Իրանի մերձեցումը: Դա առավել ցայտուն կերպով դրսևորվեց այն ժամանակ, երբ Իրանի և Վեցյակի (ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամները և Գերմանիան) միջև 2015թ. ստորագրվեց միջուկային համաձայնագիրը: ԻՀՊԿ-ը բացահայտ դժգոհություն էր հայտնում այդ բանակցություններից և մշտապես փորձել է խափանել այդ համաձայնագիրը՝ թե՛ ստորագրելուց առաջ և թե՛ դրանից հետո: Օրինակ, 2014թ. ԻՀՊԿ-ի հետախուզական ծառայությունը ձերբակալեց իրանական ծագմամբ ԱՄՆ քաղաքացի, Washington Post թերթի Թեհրանի թղթակից Ջեյսոն Ռեզայանին՝ այդպիսով փորձելով խափանել միջուկային հարցով բանակցությունները: Իսկ ավելի ուշ՝ համաձայնագրի ստորագրումից հետո ԻՀՊԿ-ը փորձարկեց միջին հեռավորության հրթիռ, որի վրա գրված էր «մահ Իսրայելին»: Հասան Ռոուհանին դա համարեց սաբոտաժ և խիստ քննադատեց այդ քայլը: 

Շատ վերլուծաբանների կարծիքով՝ բացի գաղափարական հենքից (ԻՀՊԿ-ի կոշտ գծի կողմնակիցները՝ hardliner-ները, մշտապես դեմ են եղել Արևմուտքի հետ ցանկացած մերձեցման) Կորպուսի՝ Միջուկային համաձայնագիրը խափանել ցանկանալու պատճառներից մեկն էլ այն էր, որ Արևմուտքի հետ միջուկային գործարքի արդյունքում իրանական շուկան կբացվեր օտարերկրյա կապիտալի առջև, ինչը լուրջ վտանգ էր երկրի տնտեսության բոլոր ճյուղերում ներկայացված ԻՀՊԿ-ի համար: Եվ իրոք, Միջուկային համաձայնագրի ստորագրումից հետո Ռոուհանիի կառավարությունը սկսեց նաև գործնական քայլեր կատարել օտարերկրյա խոշոր ընկերություններին Իրան հրավիրելու և տնտեսության մեջ ներդրումներ ներգրավելու համար: Հասան Ռոուհանին փորձում էր սահմանափակել Կորպուսի տնտեսական հզորությունը, հասնել նրան, որ երկրում ազատ շուկայական հարաբերություններ ու մրցակցային պայմաններ ստեղծվեն: Այդ ժամանակ նախագահ Ռոուհանին նաև հայտարարեց հետևյալը «Մենք տնտեսությունը տվել ենք մի կառավարության, որն ունի զենք, մեդիա և ամեն ինչ, ու ոչ մեկը համարձակություն չունի մրցակցել նրա հետ»: Ակնհայտորեն նա նկատի ուներ ԻՀՊԿ-ին: Եվ այդ ամենը, բնականաբար, դուր չէր գալիս Կորպուսին, որը, հանձինս արտասահմանյան ընկերությունների, իրեն լուրջ մրցակից էր տեսնում և վախենում իր տնտեսական հզորությունները կորցնելուց: Այդ ամենի խորապատկերին նախագահի և ԻՀՊԿ-ի միջև լարվածություն սկսվեց նաև այն ժամանակ, երբ Իրանի կառավարությունը պայմանագիր կնքեց ֆրանսիական Total էներգետիկ հսկա կոնցեռնի հետ, որով ֆրանսիական ընկերությունը պետք է 20 տարում մինչև 5 միլիարդ դոլար ներդներ Հարավային Պարս գազային հանքավայրում:  

Բացի ներքաղաքական շատ հարցերում ունեցած տարաձայնություններից Իրանի ներկայիս նախագահի և ԻՀՊԿ-ի միջև հակասությունները կապված են նաև արտաքին քաղաքականության որոշ հարցերի հետ: Կորպուսի hardliner-ները կարծում են, որ Իրանն արտաքին քաղաքականության մեջ պետք է հանդես գա ուժի դիրքերից, որևէ զիջում չպետք է արվի Արևմուտքին և այլն, մինչդեռ նախագահը և արտգործնախարար Զարիֆն ավելի հավասարակշռված արտաքին քաղաքականության կողմնակիցներն են: Պետք է նշել, որ նույնիսկ չափազանց ծանր և Իրանի տնտեսությունը փլուզման եզրին հասցրած պատժամիջոցները չեն ստիպել Կորպուսին մեղմացնել իր դիրքորոշումն արտաքին քաղաքականության առանցքային հարցերում: Ավելին, արտաքին քաղաքականության շատ հարցերի հետ կապված ԻՀՊԿ-ը բազմիցս արշավ է տարել նախագահի և նրա թիմի դեմ: Օրինակ, նախորդ տարվա ամռանն ԻՀՊԿ-ի ազդեցության տակ գտնվող IRIB հեռուստաալիքն արշավ էր տանում և փորձում խարխլել Ռոուհանիի կառավարության դիրքերն ու կանխել ԱՄՆ-ի հետ բանակցություններին վերադառնալը՝ թիրախավորելով նաև Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին՝ նրան ներկայացնելով որպես անզոր և մոլորեցված պաշտոնյայի, ով մեծ սխալներ է թույլ տվել և բավականաչափ կոշտ չի եղել թշնամու՝ Միացյալ Նահանգների նկատմամբ:  Այս հեռուստաալիքը նախկինում էլ, երբ դեռ ընթանում էին բանակցություններ Իրանի ու ԱՄՆ-ի միջև և չէր ստորագրվել Գործողությունների Համատեղ Համապարփակ Ծրագիրը (ԳՀՀԾ), խիստ քննադատությամբ ու ապատեղեկատվության տարածմամբ էր հանդես գալիս նախագահ Ռոուհանիի և նրա կառավարության հասցեին: 

Մեկ այլ օրինակ էլ նախորդ տարվա աշնանն Իրանի հոգևոր կենտրոն Ղոմ քաղաքում որոշ պահպանողականների և հոգևորականների բողոքի ակցիան էր նախագահ Ռոուհանիի դեմ՝ սպառնալով նրան իմպիչմենտով և մահվամբ: Նրանք նախագահին մեղադրում էին Իսրայելի հետ գաղտնի բանակցություններ վարելու մեջ: Պաստառներից մեկի վրա նշված էր, որ Ռոուհանին սպասում է նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի ճակատագիրը, ով մահացել է 2017թ՝ խորհրդավոր պայմաններում: Թիկնապահները նրան մահացած էին գտել լողավազանում: Մինչ այդ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչներից մեկը՝  Հասան Աբասին, մեղադրել է Ռոուհանիին Իսրայելի հետ գաղտնի բանակցություններ վարելու մեջ, ինչպես նաև նեոքեյնսիական տնտեսական դպրոցին հարելու մեջ: 

Բացի արտաքին քաղաքական հարցերից Իրանի նախագահի և ԻՀՊԿ-ի միջև հակասությունների պատճառ են դարձել նաև շատ ներքաղաքական հարցեր: Նախագահ Հասան Ռոուհանին ժամանակին զգալիորեն կրճատել է «Բասիջ»-ի բյուջեն և հրաժարվել ավելացնել ԻՀՊԿ-ի ընդհանուր բյուջեն: Բացի այդ Ռոուհանին Կորպուսի քաղաքական ազդեցությունը երկրում նվազեցնելու համար նաև շատ քիչ ԻՀՊԿ-ի անդամների է ընդգրկել իր կառավարության կազմում՝ ի տարբերություն իր նախորդ Մահմուդ Ահմադինեժադի: 

Պետք է նշել, որ իր նախագահության սկզբնական տարիներին Ռոուհանիին մի քանի տարիների ընթացքում հաջողվեց որոշ չափով նվազեցնել ԻՀՊԿ-ի քաղաքական-տնտեսական ազդեցությունը երկրի ներսում, սակայն ամեն ինչ գլխիվայր շրջվեց 2018թ. մայիսի 8-ից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց միջուկային գործարքից դուրս գալու և Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերասահմանման մասին, ինչը նաև մեծ հարված հասցրեց Հասան Ռոուհանիին և բարեփոխականների նրա թիմին: ԻՀՊԿ-ը դրանից հետո կտրուկ ուժեղացրել է իր ազդեցությունը կառավարության նկատմամբ, իսկ նախագահի թիմի դիրքերը զգալիորեն թուլացել են, քանի որ ամերիկյան ծանր պատժամիջոցների ու երկրի տնտեսության կաթվածահար լինելու խորապատկերին հասարակության ճնշող մեծամասնությունը հիասթափվել է բարեփոխականներից, և ըստ էության նախագահն արդեն վստահության ճգնաժամ ունի երկրում: Պատահական չէ, որ 2018թ. օգոտոսին Իրանի Մեջլիսում ներկայացվեց երկրի նախագահին իմպիչմենթի ենթարկելու նախագիծը, սակայն անհրաժեշտ թվով ձայներ չհավաքվեց: ԻՀՊԿ-ը նաև բազմիցս խառնվել է կառավարության գործերին՝ քննադատել իշխանություններին ոչ արդյունավետ արտաքին և ներքին քաղաքականություն վարելու համար: 

Երկրի ներսում նախագահի ազդեցության կորուստն առավել ակնհայտ էր 2019թ. մարտին, երբ ԻՀՊԿ-ի ղեկավարության հրավերով գաղտնի Թեհրան էր ժամանել Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Իրանական մամուլի պնդմամբ՝ երկրի նախագահ Հասան Ռոուհանին այդ այցի մասին տեղեկացվել էր Ասադի ժամանելուց ընդամենը մի քանի ժամ առաջ, իսկ արտգործնախարար Մոհամադ Զարիֆին ընդհանրապես տեղյակ չեն պահել այցի մասին: Այդ պատճառով Իրանի արտգործնախարարը հրաժարական տվեց, որը, սակայն, չընդունվեց Իրանի կառավարության կողմից, և նա շարունակում է պաշտոնավարումը: Բացի այդ 2019թ. աշնանն Իրանի նախագահի եղբայր Հոսեյն Ֆարիդունը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման և խոշոր չափով տուգանք մուծեց: Նախագահի եղբորը կոռուպցիոն մեղադրանքով 2017թ. ձերբակալել էր հենց ԻՀՊԿ-ը, որից 2 օր հետո ազատ էր արձակվել, բայց հետագայում նա չխուսափեց բանտարկությունից; 

Բարեփոխականների թևի թուլացման վառ վկայություն է նաև այն փաստը, որ վերջերս տեղի ունեցած Իրանի խորհրդարանական ընտրությունների արդյունքում պահպանողականները գերիշխող դիրք գրավեցին երկրի խորհրդարանում: Իրանի նոր խորհրդարանում շատ քիչ բարեփոխական պատգամավորներ կան: Ամենայն հավանականությամբ, շուտով Իրանի խորհրդարանի նոր նախագահը կդառնա Թեհրանի նախկին քաղաքապետ, պահպանողական Մոհամեդ Բաղեր Ղալիբաֆը, ով նույնպես Կորպուսամերձ պաշտոնյա է և նախկինում զբաղեցրել է ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի ղեկավարի պաշտոնը: Սա նշանակում է, որ առաջիկա մեկ տարում՝ մինչև 2021թ. նախագահական ընտրությունները, Հասան Ռոուհանիի քաղաքական կյանքն առավել կբարդանա Մեջլիսում:  

ԱՄՆ-ի կողմից Իրանի Միջուկային համաձայնագրից միակողմանիորեն դուրս գալը նաև հանգեցրել է նրան, որ թուլացած դիրքեր ունեցող Հասան Ռոուհանին այլևս չի կարողանում պայքարել ԻՀՊԿ-ի դեմ, շատ հարցերում զիջումներ է անում այդ կառույցին, իսկ արտաքին քաղաքականության շատ հարցերի վերաբերյալ նախագահ Ռոուհանիի դիրքորոշումն ավելի է կոշտացել և մոտեցել ԻՀՊԿ-ի դիրքորոշմանը: Այժմ արդեն Կորպուսի ղեկավարությունը ոգևորությամբ է ընդունում նախագահ Ռոուհանիի և արտգործնախարար Զարիֆի կոշտ ելույթներն ԱՄՆ-ի և նրա դաշնակից մի շարք երկրների դեմ: 

Հարկ է նշել, որ մի կողմից՝ ամերիկյան այս խիստ պատժամիջոցները զգալիորեն նվազեցրել են ԻՀՊԿ-ի ֆինանսական հոսքերը, սակայն մյուս կողմից էլ կառույցն իր եկամուտների մի մասի կորուստը փոխհատուցում է մաքսանենգ ճանապարհով նավթի վաճառքով: Այսինքն ամերիկյան պատժամիջոցների հետևանքով ԻՀՊԿ-ի եկամուտների նվազումը չի հանգեցրել կառույցի նկատմամբ Իրանի նախագահի դիրքերի գերիշխմանը, քանի որ Հասան Ռոուհանիի դիրքերն ավելի շատ են թուլացել, և այժմ երկրի նախագահը սահմանափակ հնարավորություններ ունեցող, կարծես «թևերը ոլորված» պաշտոնյա լինի: 

ԻՀՊԿ-ի պայքարը ժողովրդավարության դեմ և ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում հայտնվելը

Քանի որ «Հեղափոխության պահապանների կորպուսի» ստեղծումը նպատակ ուներ պահպանելու իսլամական համակարգը և հեղափոխությունը, ապա այն ժամանակի ընթացքում սկսեց ոտնձգություններ կատարել նաև ժողովրդավարության այն դրսևորումների դեմ, որոնք կարող էին համակարգի թուլացման կամ վերացման պատճառ դառնալ: 

Կառույցի ստորաբաժանումները տարբեր տարիների ձերբակալել են քաղաքական- հասարակական գործիչների, քաղաքացիական և բնապահպան ակտիվիստների, իրավապաշտպանների, իշխանության դեմ քննադատական ելույթներով հանդես եկած լրագրողների և այլն: Նույնիսկ դեպքեր են եղել, որ Իրանի նախագահը և կաբինետի անդամները հրապարակավ քննադատել են ԻՀՊԿ-ին լրագրողների ձերբակալության համար, սակայն դրանից իրավիճակը չի փոխվել՝ կառույցը շարունակում է հետապնդել այն մարդկանց, որոնք վտանգ են ներկայացնում իսլամական կարգերի և գործող վարչակարգի համար: Իրանական վարչակարգին սպառնացող այլախոհներին պատժելու համար ԻՀՊԿ-ը նույնիսկ օպերացիաներ է իրականացրել արտասահմանում: Մասնավորապես, նախորդ տարվա աշնանը հայտարարեց, որ արտասահմանում ձերբակալել է ընդդիմադիր Ամադնյուզ կայքի լրագրող Ռուհոլլա Զամին՝ իր լրատվամիջոցով Իրանում «խժդժություններ հրահրելու համար»: Իրականում ընդդիմադիր լրագրողը կոշտ քննադատության էր ենթարկում Իրանի իշխանություններին, և նրանք արգելափակեցին Ամադնյուզ կայքը երկրի տարածքում, որն ունի մոտ 1,4 միլիոն հետևորդ: Ավելի ուշ պարզվեց, որ ընդդիմադիր լրագրողը ձերբակալվել է Իրաքում: ԻՀՊԿ-ը պնդում է, որ լրագրողը կապ ունի արևմտյան հատուկ ծառայությունների հետ: 

Կառույցը նույնիսկ չի խորշում 18 տարեկանից ցածր անձանց ձերբակալումից: Օրինակ, նախորդ տարվա սոցիալական բունտերից հետո ԻՀՊԿ-ի Telegram-ի ալիքը հայտարարեց, որ ձերբակալվել է առնվազն 116 անչափահաս, որոնք մասնակցում էին երկրով մեկ անցկացվող լայնամասշտաբ բողոքի ցույցերի: Նշվում էր նաև, որ ձերբակալվածները տեղափոխվել են ուղղիչ հաստատություններ: 

Կառույցը նաև բազմիցս «աչքի է ընկել» քաղաքական և սոցիալական բողոքի ցույցերի դաժանորեն ճնշմամբ, որոնց ընթացքում բազմաթիվ ցուցարարներ են սպանվել և բանտարկվել ԻՀՊԿ-ի կողմից, ինչն արժանացել է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ու որոշ ժողովրդավարական երկրների խիստ քննադատությանը: Ամենավերջին օրինակն ընթացիկ տարվա հունվարին ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած զեկույցն է, որտեղ նշվում է, որ 2019թ. աշնանը տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում ԻՀՊԿ-ի հրամանատարներից բրիգադային գեներալ Հասան Շահվարպուրի հրամանատարության ներքո գտնվող ստորաբաժանումները 148 իրանցի ցուցարարների են սպանել

Բացի դրանից 2019թ. ապրիլին ԱՄՆ-ը հայտարարեց, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում: Դա պատմության մեջ առաջին դեպքն էր, որ Միացյալ Նահանգներն ահաբեկչական կառույցների շարքին է դասում որևէ պետության բանակի առանձին ստորաբաժանում: Ավելի վաղ Սպիտակ տունը պատժամիջոցներ էր կիրառել ԻՀՊԿ-ի ղեկավարության և կառույցի հետ կապված մի շարք ֆինանսատնտեսական հաստատությունների և գործարանների դեմ: 

Ամերիկյան պատժամիջոցների ցանկում է հայտնվել նաև Մելլաթ բանկը, որը նաև մասնաճյուղ ունի Երևանում: ԱՄՆ-ի Գանձապետարանի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Մելլաթ բանկն ԻՀՊԿ փոխօգնության հիմնադրամին պատկանող Մեհրե Էղթեսադ Բանկին ամեն տարի հարյուր միլիոնավոր դոլարներ է տրամադրել՝ շահաբաժինների, անտոկոս փոխառությունների և վարկային գծերի տեսքով՝ աջակցելով մի հաստատության, որը նպաստում և ֆինանսավորում է Բասիջի ներքին և արտասահմանյան ագրեսիան

Պետք է նշել, որ ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպությունների շարքին են դասել նաև Սաուդյան Արաբիան և Բահրեյնը, մի քանի երկրներ էլ դիտարկում են դրա հնարավորությունը: Եվրամիությունն արդեն պատժամիջոցներ կիրառել է Կորպուսի դեմ, չնայած այն չի համարում որպես ահաբեկչական խմբավորում:

Վերջաբան

2013թ. ընտրվելով Իրանի նախագահ՝ Հասան Ռոուհանին երկրի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին համոզեց, որ Արևմուտքի հետ Միջուկային համաձայնագրի ստորագրման և օտարերկրյա ներդրումների ներգրավման դեպքում կբարելավվի փլուզման եզրին գտնվող երկրի տնտեսության վիճակը, և կբարձրանա բնակչության կենսամակարդակը: Գերագույն առաջնորդի համաձայնությամբ ստորագրվեց Իրանի Միջուկային համաձայնագիրը, որոշակիորեն բարելավվեցին հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, և բացի այդ էլ իր կառավարման սկզբնական շրջանում նախագահը կարողացավ նաև որոշակիորեն թուլացնել ԻՀՊԿ-ի քաղաքական և տնտեսական ազդեցությունը, ինչը խոչընդոտ էր Իրանի արդիականացման և զարգացման համար: 

Թվում էր՝ Հասան Ռոուհանիի նախաձեռնած Իրանի քաղաքական արդիականացումը և տնտեսական համակարգի կերպափոխումը (տրանսֆորմացիա) միայն դրական ուղղությամբ կզարգանա, սակայն 2018թ. մայիսի 8-ից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Միջուկային համաձայնագրից դուրս գալու և Իրանի նկատմամբ խիստ պատժամիջոցային քաղաքականություն վարելու մասին, իրավիճակը գլխիվայր շրջվեց: Իրանի նկատմամբ կիրառված ծանր պատժամիջոցները և դրա արդյունքում՝ կաթվածահար եղած տնտեսությունը, հասարակության աղքատացումը զգալիորեն թուլացրել են Հասան Ռոուհանիի դիրքերըերկրի Գերագույն առաջնորդն այլևս շատ քիչ հարցերում է աջակցում նախագահին: 

Իրադարձությունների նման զարգացման խորապատկերին Իրանի նախագահ-ԻՀՊԿ ուժերի հավասարակշռությունը փոխվեց՝ ի հօգուտ վերջինի: Իրանի հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2021թ.: Հասան Ռոուհանին չի մասնակցելու այդ ընտրություններին, քանի որ լրանում է Սահմանադրությամբ նախատեսված՝ երկու անգամ նախագահ ընտրվելու ժամկետը: Մի շարք վերլուծաբանների կարծիքով՝ Կորպուսը կփորձի 2021թ. «վերցնել» նաև նախագահի պաշտոնը: 

Իրանի Մեջլիսի նախկին անդամ Ալի Մոթահարիի կարծիքով՝ «Իրանն աստիճանաբար Իսլամական Հանրապետությունից անցում է կատարում իսլամական կառավարման, որտեղ երկրի խորհրդարանը բացարձակ որևէ դեր չունի, իսկ ժողովրդավարությունը վերածվել է ընդամենը դեկորացիայի, և բոլոր հարցերը որոշվում են երկրի գերագույն առաջնորդի կողմից»: Այս ամենի խորապատկերին առաջիկա տարիներին Իրանում ժողովրդավարության մակարդակի և Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավման հեռանկարները մշուշոտ են թվում: 

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին  քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter