HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Առաջարկվում է ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկություն տրամադրել հարկային մարմնին՝ առանց դատարանի որոշման

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) առաջարկում է ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկատվությունը տրամադրել հարկային մարմիններին՝ առանց դատարանի որոշման։ ՊԵԿ-ն ընդգծել է, որ դրանք օգտագործվելու են միայն հարկային հսկողության շրջանակներում: Այս նախագիծը Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։

Մասնավորապես՝ ՊԵԿ-ն առաջարկում է «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարել սահմանելով, որ ապահովագրողը, վերաապահովագրողը, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձն իր հաճախորդների և Բյուրոն իր անդամների հաճախորդների վերաբերյալ ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները տրամադրելու է հարկային մարմիններին՝ հարկային մարմնի ղեկավարի օրինական, հիմնավորված և պատճառաբանված որոշման հիման վրա։ Իսկ հարկային մարմինը դրանք օգտագործելու է բացառապես իրականացվող հարկային հսկողության նպատակներին համապատասխան: Փոփոխության շրջանակներում ամրագրվելու է, որ կոմիտեն պարտավորվելու է պահպանել և չհրապարակել այդ տեղեկությունները:

Նշենք, որ գործող կարգով՝ Պետական եկամուտների կոմիտեն այդ տեղեկատվությունը ստանում է դատարանի՝ քաղաքացիական դատավարության կամ քրեական դատավարության օրենսգրքերով ընդունված որոշման հիման վրա:

«Երբ հարկային մարմիններին՝ որպես պետական հսկողություն իրականացնող մարմինների, ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկատվությունը տրամադրվում է միայն դատարանի որոշումների հիման վրա, հարկային հսկողության իրականացման շրջանակներում ապահովագրական ընկերություններում չարաշահումները բացահայտելու համար առաջանում են մի շարք խնդիրներ»,-ընդգծել է պետական եկամուտների կոմիտեն։

Ըստ ՊԵԿ-ի՝ խնդիրները մասնավորապես առաջանում են այն իրավիճակներում, երբ ապահովագրական ընկերություններում հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումների ընթացքում վերջիններիս համախառն եկամուտը /ապահովագրական հատուցումների պարագայում՝ որպես ծախս, իսկ ապահովագրական վճարների պարագայում՝ որպես եկամուտ/ պարզելու նպատակով՝ պահանջվում են փաստաթղթեր՝ պայմանագրեր, ապահովադրի, ապահովագրված անձի կամ շահառուի վերաբերյալ: Սակայն դրանք ապահովագրական գաղտնիք համարվելու հիմքով ապահովագրողն այդ փաստաթղթերը չի տրամադրում հարկային մարմնին՝ հաշվի առնելով, որ գործող օրենսդրական կարգավորումներով դրանք կարող են տրամադրվել միայն դատարանի որոշումների հիման վրա.

«Իսկ դա ստանալը կարող է ավելորդ երկարացնել ստուգման բնականոն ընթացքը և առաջացնել լուրջ խոչընդոտներ»,-նախագծում նշել է պետական եկամուտների կոմիտեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter