HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Սարակապցիները դժգոհում են կառավարության ծրագրից օգտվելու բարդություններից եւ թանկացումներից

Գյուղամիջյան աղբյուրի մոտ սոցիալական որոշակի հեռավորություն պահպանելով՝ ջուր տանելու հերթ են գոյացրել սարակապցի երեխաները: Նրանց հետ աղբյուր իջած Ջիմին (սպիտակ շանն այդպես էին կոչում) ալարկոտ համբերությամբ հետեւում է կատարվողին՝ պատրաստ ամեն պահի լքելու տարածքը: Շտապողականություն չկա, հերթն «առաջ գցելու» ցանկություն՝ եւս, սա երեխաների համար լավագույն հնարավորությունն է տնից դուրս գալու եւ  գյուղամիջում միմյանց հետ շփվելու. դպրոցը մարտ ամսից փակ է: 16-ամյա Ափինյան Ջանիբեկն առաջինն է հասել աղբյուրի մոտ, տունը բավական հեռու է, եւ որպեսզի օրվա մեջ տնեցիք նորից չուղարկեն ջրի, միանգամից մեծ տարայով է եկել: 

Ջանիբեկը քչախոս է, ձայնագրիչի տեսքից սկզբում խուճապի է մատնվում, ասում եմ ձայնագրությունն ինձ համար է, որ հետո հիշեմ ինչ ենք խոսել: Տղան մի քանի վայրկյան մտածելով, համաձայնվում է զրուցել հեռավար դասապրոցեսից: 

«Հեռախոսով դաս կենենք, վայբերը կօգտագործենք որպես կապի միջոց, դասարանում 5 հոգի ենք, էնքան էլ շատ պրոբլեմ չկա, բոլոր ուսուցիչներն էլ կարողանում են կապ հաստատել: Մենակ տունը մնալուց կնեղվինք, էն օր չենք կռնա հավաքվի, դե կհասկնանք, օր կարանտին է, լավ է՝ էս ջուր տանելն էլ կա»:

Ծիծաղում ենք, հիշելով, որ քաղաքում ընտանի կենդանի պահողներին թույլատրվում է օրը երկու անգամ դուրս գալ՝ շանը կամ կատվին ման տալու նպատակով: Գյուղում բոլոր կամ գրեթե բոլոր շներն ազատ են, կատուների մասին խոսք անգամ չկա՝ նրանք շրջում են որտեղ եւ երբ իրենք են ցանկանում: Ստացվում է, որ կորոնավիրուսով պայմանավորված, այս սահմանափակումը գյուղական վայրերում չի գործում եւ ջրազուրկ Սարակապում տնից դուրս գալու թերեւս լավագույն առիթն աղբյուրից խմելու ջուր տանելն է:

Սարակապի խնդիրներին «Հետք»անդրադարձել է 2015թ-ին: Այն ժամանակ գյուղում համայնքի ղեկավար էին ընտրում: Նույն այս աղբյուրի մոտ հավաքված էին գյուղի տարեց տղամարդիկ՝ քաղաքական, տնտեսական հարցեր էին քննարկում: Աղբյուրից ջուր տանողներն էլ հիմնականում կանայք էին, որ դժգոհում էին մեկ դար ձգվող անարդարությունից՝ չհամակերպվելով մտքի հետ, որ 21-րդ դարում էլ իրենց տատերին բաժին հասած կենցաղն են կիսում: 

«Կորոնավիրուս 2020»-ը ժամանակավոր փոխել է գյուղամիջյան արտաքին պատկերը` 60-անց բարձր տարիքի բոլոր տղամարդիկ տանն են, ջրկիրության տանջալից գործն էլ անցել է երեխաներին, մնացած ամեն ինչ, այդ թվում եւ պահանջները, նույնն են՝ խմելու ջրի ցանցի անցկացում, ճանապարհների բարեկարգում: Սարակապը 2017թ.-ից Անի խոշորացված համայնքի կազմում է, սակայն դա էլ որեւէ կերպ չի նպաստել բնակավայրի խնդիրների լուծմանը:

Բնակիչներից մի քանիսի հետ զրուցում եմ դրսում՝ մերժելով տուն գնալու հրավերը: Փոշի բարձրացնելով բեռնատար մեքենա է անցնում: Սկսվել են գյուղատնտեսական աշխատանքներն ու դրանց հետ կապված խնդիրները՝ սերմացու, պարարտանյութ, դիզվառելիք ձեռք բերելու, տրակտորիստ գտնելու եւ այլն: Այս ամենին ավելացել են արտակարգ դրությամբ պայմանավորված տեղաշարժի սահմանափակումներն ու որոշակի թանկացումները: Սամվել Հակոբյանը դժգոհում է վարկային կազմակերպությունների վարած քաղաքականությունից: Նրան անհասկանալի է, թե կառավարության կողմից տրամադրվող զրո տոկոսադրույքով գյուղական վարկերն ստանալու գործընթացն ինչու են արհեստականորեն բարդացվում: 

«Հայտարարել են, որ դիմենք ստանանք, կերթանք կհասնինք քաղաք, կդիմենք, կըսեն հըմի կարանտին է, մեր մասնագետը չի կռնա գա գյուղ հասնի, օր գնահատում էնե: Լավ չեն կարող ըմբես կազմակերպեն, օր տարիներով վարկ վերցնողների նկատմամբ էս քաշքշուկը չէղնի: Գյումրուց մի 30-35 կմ հեռու է մեր գյուղը, ամեն անգամ էրթաս, դատարկաձեռն հետ գաս, ու՞մ է պետք»,-նեղսրտում է Սամվել Հակոբյանը: Վահագ Կիրակոսյանը համաձայն է համագյուղացու հետ, նկատում է, որ թանկացել է այն ամենն ինչի կարիքը մարդիկ ավելի շատ ունեն կամ շատ են սպառում: 

«Խնդրեմ, էս ձեռքիս սիգարետը 50 դրամով թանկըցել է, սնունդը թանկցել է, գյուղատնտեսական աշխատանքները սկսվել են՝ պարարտանյութը թանկըցել է: Կերթանք, օր վարկ ստանանք՝ էս բանկից էն բանկ կղրգեն ինչ-որ թղթերի համար: Կարանտինի պահով լիքը սահմանափակումներ կան, բայց հողը բդի մշակվի, հո անմշակ չե՞նք թողնա: Գյուղի մեծ մասն անաշխատանք, անեկամուտ նստած է՝ անասուն չի ծախվի: Ես հըլը դպրոցը կաշխատիմ, ֆիզկուլտուրայի դասատու եմ, աշխատավարձս պահպանված է, բայց մենք տունը 5 հոգի ենք, այսինքն աշխատավարձով հնարավոր չէ ապրել, հող պիտի մշակենք»: Վահագն ասում է, որ մինչեւ կորոնավիրուսը, մինչեւ արտակարգ դրությունն ու սահմանների փակվելը, պարարտանյութը ձեռք էին բերում 5800 դրամով, հիմա մասնավորը գինը բարձրացրել է մինչեւ 7200 դրամ: Գյուղացու հաշվարկով, 5 հա-ի վրա վարուցանքն իրականացնելու համար 2 մլն դրամից ավելի գումար է պետք:

Նինա Մաիլյանը 5 հա հող ունի, պարտքով՝ կգ-ը 150 դրամով սերմացու է գնել: Գարին որպես անասնակեր է օգտագործում՝ ունի 7 կով, 25 ոչխար, 10 հատ էլ խոզ: Գյուղատնտեսական աշխատանքները սկսելու հույսը կապված էր խոզերի վաճառքի հետ:

«Գյուղ-քաղաք շարժը կանգնած է, անասուն առնող չկա, խոզի միսը դարձել է 1400 դրամ կգ-ը՝ տանող չկա: Շատերի խոզերն էլ սատկան՝ կեր չկար, հետո հիվանդություն ընկավ մեջները: Հարեւանուհիս մայրացու խոզը 60 հազար դրամով ծախեց՝ ստիպված էր: Անցած տարի խոզի միսը 2,600-2,800 դրամ էր, ահագին օգտվանք, շատ լավ էր, բայց էս տարի լրիվ տուժեցինք: Տներից համարյա դուրս չենք գա, օր դուս գուկանք՝ էն ինչ պետք է կա՝ դիմակ, սպիրտ, բայց աման լվալու դեղն ինչ է, չունինք օր աման լվանաք»,-դժգոհությունն ու կատակն իրար խառնած ասում է տիկին Նինան:

Համայնքի վարչական ղեկավար Վահրամ Մկոյանն էլ իր հերթին է նկատում, թե գուցե տեղաշարժի սահմանափակումից շատերը դժգոհում են, սակայն դրական կողմ կա՝ հիվանդներ չունեն:

«Սարակապը հարուստ գյուղ չէ, միշտ էլ խնդիրներ ունեցել է, դրանցից ճանապարհներն ու խմելու ջրի ցանցը անլուծելիների շարքում են, ու դրանց մասին միշտ բարձրաձայնում ենք, բայց դեռ որեւէ տեղաշարժ չկա»,-նշում է զրուցակիցս: 622 գրանցված բնակիչներից մոտ 500-ը մշտական բնակվողներն են: Մարդիկ հիմնականում զբաղվում են դաշտավարությամբ եւ անասնապահությամբ, գյուղի 750 հա վարելահողում ցորեն ու գարի են ցանում, ոռոգման ցանց չունեն այլ մշակաբույսերով զբաղվելու համար: Մոտ 1400 գլուխ անասուն (խոշոր եւ մանր եղջերավոր) կա գյուղում, շատերը պահում են վաճառքի նպատակով, բայց այս տարի անասնակերի խնդիր առաջացավ, քանի որ վաճառք չեղավ: Եղանակները բացվել են, եւ եթե կովն ու ոչխարը հնարավոր է արոտ տանել, ապա խոզի կերը ստիպված են գնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter