HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Միխայիլ Սաակաշվիլին կարող է դառնալ Ուկրաինայի փոխվարչապետ

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իրեն առաջարկել է դառնալ բարեփոխումների գծով Ուկրաինայի փոխվարչապետ։ Այն, որ նրա թեկնածությունն իրոք դիտարկվում է, հաստատել են նաև «Ժողովրդի ծառա» խմբակցությունում։

BBC-ն հայտնում է, որ մարտի 4-ին Գերագույն ռադան ընդունել է Ալեքսեյ Գոնչարուկի կառավարության հրաժարականը, որն աշխատել է ընդամենը կես տարի։ Նույն օրը Ռադան հաստատել է նաև Դենիս Շմիգալի կառավարության կազմը։ Արդեն մարտի վերջին առողջապահության և ֆինանսների նորանշանակ նախարարները ազատվել են աշխատանքից։

«Ինձ համար մեծ պատիվ է նախագահ Զելենսկուց ստանալ բարեփոխումների գծով Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը։ Ես նաև շատ բովանդակալից և օգտակար զրույց եմ ունեցել վարչապետ Շմիգալի հետ, որի ընթացքում մենք մանրամասն քննարկել ենք բոլոր այն հարցերը, որոնք կապված են կառավարությունում իմ հնարավոր աշխատանքի հետ»,- Facebook-ի իր էջում գրել է Սաակաշվիլին։ Սաակաշվիլիի խոսքերից թվում է, թե նա արդեն ընդունել է առաջարկը։

«Ես մեծ պատասխանատվությամբ եմ մոտենում այս առաջարկին և իմ որոշմանը, քանի որ երկրի համար հեշտ ժամանակաշրջան չէ։ Առջևում մեզ սպասվում է բարդ ժամանակաշրջան թե՛ տնտեսության և թե՛ երկրում ընդհանուր կյանքի։ Մենք հիմա առավել քան երբևէ պետք է խիզախ լինենք մեր որոշումներում և բարեփոխումներում»,- գրել է նա։

Սաակաշվիլին իրականում դիտարկվում է բարեփոխումների գծով փոխվարչապետի պաշտոնում։ Այդ մասին հայտնել է Բարձրագույն ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Կաչուրան։ Այն մասին, որ խմբակցությունն Սաակաշվիլիին, որպես փոխվարչապետի թեկնածու, հրավիրել է իր նիստին, հայտնել է նաև խմբակցության փոխղեկավար Եվգենյա Կրավչուկը։

«Այո, իրոք, Սաակաշվիլիի թեկնածությունը դիտարկվում է բարեփոխումների գծով փոխվարչապետի պաշտոնում։ Այդպիսի հնարավորության մասին առաջարկել է Դավիթ Արահամիան»,- հայտնել է Կրավչուկը Ինտերֆաքս-Ուկրաինային։ «Սաակաշվիլիին աջակցում է նախագահը, և հիմա մենք հավաքում են տեղեկատվություն այն մասին, թե ժողովրդական պատգամավորները կաջակցեն նրա թեկնածությանը, թե՝ ոչ»,- հավելել է նա։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմը դեռ չի մեկնաբանել Սաակաշվիլու հայտարարությունն այն մասին, որ Զելենսկին Օդեսայի նախկին նահանգապետին առաջարկել է զբաղեցնել բարեփոխումների գծով փոխվարչապետի պաշտոնը։ Ըստ որոշ աղբյուրների՝ Զելենսկին նրա թեկնածությունն արդեն կհաստատի ուրբաթ օրը։

2019 թվականի մայիսին, ընտրվելով նախագահ, Զելենսկին վերականգնել էր Սաակաշվիլիի ուկրաինական քաղաքացիությունը, որից նա զրկվել էր 2017 թվականին՝ նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի կողմից։ Դեռ նախագահական արշավի ժամանակ Զելենսկին դրական էր արտահայտվել Սաակաշվիլիի վերաբերյալ։ 2015 թվականին Սաակաշվիլին նշանակվել էր Օդեսայի մարզի նահանգապետ, սակայն 1,5 տարի անց կենտրոնական իշխանությունները նրան ազատել էին իր զբաղեցրած պաշտոնից։ Սաակաշվիլին վրացական քաղաքացիությունից զրկվել էր 2015 թվականի դեկտեմբերի վերջին։

Լուսանկարում Միխայիլ Սաակաշվիլին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter