HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պաշտպան․ «Միքայել Մինասյանին փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել սեփական միջոցները մի գրպանից մյուսը տեղափոխելու համար»

Վատիկանում Հայաստանի արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Մինասյանի պաշտպաններից Միհրան Պողոսյանը «Հետք»-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել։

-Պարո՛ն Պողոսյան, ե՞րբ է հարուցվել քրեական գործը, որով Միքայել Մինասյանը մեղադրյալ է, ո՞ր քննչական մարմնում է այն քննվում եւ ի՞նչ հոդվածներով է Մինասյանի մեղադրանքը։

-Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում է քննվում գործը, հարուցվել է 2018 թվականին, Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել 2020 թվականի մարտի 17-ին՝ Քրեական օրենսգրքի 310.1 հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի հարստացման 2  դրվագ, 314.3 հոդվածով՝ հայտարարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը և 190-րդ հոդվածի 3-րդ մասով` Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը):

-Ըստ քննչական մարմնի՝ կոնկրետ ի՞նչ գործողությունների միջոցով է Միքայել Մինասյանը կատարել իրեն վերագրվող արարքները։

-Միքայել Մինասյանը,  տարիներ շարունակ, Էթիկայի հանձնաժողով ներկայացնելով իր գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը, որոշակի չափով դրամական միջոցներ է հայտարարագրել, որոնք օրինական գումարներ են, դրանց ծագման աղբյուրը և առկայությունը հիմնավորվում է ոչ թե ընդամենը մեկ, այլ տարիների ընթացքում ներկայացված հայտարարագրերով։ Վարույթն իրականացնող մարմինը պարզել է, որ Միքայել Մինասյանի քարտային հաշվին նրա օգնականի կողմից կատարվել են մուտքագրումներ՝ այն գումարի չափով, որքան Միքայել Մինասյանը հայտարարագրել է 2017, 2018  թվականներին։ Այդ գումարները Մինասյանի հաշվեհամարին փոխանցվելուց հետո Մինասյանն անձամբ իր այլ հաշվեհամարին է տեղափոխել դրանք՝ ընթացիկ ծախսերի և գործունեության համար։ Քննիչը զուտ տեխնիկական մուտքագրումն, ինչպես նաև Միքայել Մինասյանի մի հաշվեհամարից գումարի տեղափոխումը մեկ այլ հաշվեհամարին դիտարկում է որպես ապօրինի հարստացում, փողերի լվացում։ Այս մեղադրանքն անհեթեթ է, այն քաղաքական գնահատելու համար իրավաբան լինել պետք չէ։ Եթե կենցաղային ձևով ներկայացնենք այս ամենը, ապա ստացվում է, որ  սեփական միջոցները մի գրպանից մյուս գրպանը տեղափոխելու համար անձին փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել։ Այսինքն՝ ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ վերը նշված գումարների մուտքագրմամբ Մինասյանը ապօրինի հարստացել է, նույն գումարները փոխանցել է իր մյուս հաշվին, այսինքն՝ փողերը լվացել է, և այդ գումարները, որոնք մուտքագրվել են Մինասյանի հաշվին, հայտարարագրված չեն։

-Ըստ քրեական գործի՝ վերը նշված գործողությունների արդյունքում որքա՞ն գումար է լվացվել։

-Միքայել Մինասյանը 2018 թվականի ընթացքում 680 մլն դրամի չափով եկամուտ է հայտարարագրել, վարույթն իրականացնող մարմինը նրան մեղադրում է նույն ժամանակահատվածում մոտ 1 մլն 200  հազար դոլարի փողերի լվացման մեջ։

-Մինասյանի օգնականն, ով նրա հաշվին դրամական մուտքագրում է կատարել, քրեական գործի շրջանակներում ցուցմունք տվե՞լ է։

-Քանի որ այդ անձը եղել է Միքայել Մինասյանի օգնականը, մենք Մինասյանից տեղեկացված ենք, թե ինչպես են կատարվել վերը նշված գործողությունները, բայց կարծում եմ՝ վարույթն իրականացնող մարմինը  նրան չի էլ հարցաքննել, որովհետև տվյալ դեպքում պայթելու էին վարույթն իրականացնող մարմնի դատողություններն, ուստի նրանք հակառակ ուղղությամբ են գնացել։ Վարույթն իրականացնող մարմինը չի հարցաքննում այն անձանց, որոնք քրեական գործի համար էական նշանակություն ունեցող տվյալներ կարող են հայտնել, այլ սեփական ենթադրությունը որպես քրեական մեղադրանք ներկայացնելով՝ առաջ է շարժվում։

-Մամուլում հրապարակում էր արվել այն մասին, որ Մինասյանի կողմից օտարված գույքի իրական արժեքը չի համապատախանում նրա հայտարարագրում ներկայացված արժեքին։ Ի՞նչի մասին է խոսքը։

-Սա մեղադրանքի երկրորդ  դրվագն է։ Միքայել Մինասյանը իրեն պատկանող 20 %  բաժնեմաս է վաճառել, և  այդ վաճառքից ստացել է ավելի քիչ գումար, քան հայտարարագրվել է, որը եղել է տեխնիկական սխալի հետևանք։  Մինասյանը համապատասխան կազմակերպության հետ պայմանագիր է ունեցել կնքած՝ իր ֆինանսական հաշվապահությունը կատարելու և հայտարարագրերը ներկայացնելու մասով, և հայտարարագիր ներկայացնող անձը հայտարարագրել է ավելի մեծ գումար, քան իրականում գույքի վաճառքից ստացել է Միքայել Մինասյանը։ Սա է ամբողջ իրականությունը, կրկնում եմ, սա տեխնիկական սխալի հետևանքն է, Միքայել Մինասյանը չէր կարող շահագրգռվածություն ունենալ, որ իր հայտարարագրում գույքի օտարման համար ավելի մեծ գումար նշվեր, քան իրականում ստացել է։

-Տեխնիկական սխալ թույլ տված անձը հարցաքննվե՞լ է քրեական գործի շրջանակներում։

-Մենք այդ անձին մասնավոր հարցման ենք ենթարկել, ինչպես նաև միջնորդություն ենք  ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին՝ նրան հարցաքննելու վերաբերյալ, որպեսզի պարզաբանվի այդ հանգամանքը, բայց  վարույթն իրականացնող մարմինը արդեն մեկ ամսից ավելի է, անգործություն է ցուցաբերում, ըստ որում՝ դատախազությունը, և քննչական մարմինը։

-Ինչո՞վ եք պայմանավորում այս ամենը։

-Այս ամենը մեզ հիմք է տալիս եզրահանգման գալու, որ պարոն Մինասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է, այստեղ օրինական քննության մասին խոսք լինել չի կարող։ Եթե սա քրեական գործ է, ապա ինչո՞ւ է դրա  ընթացքի մասին բարձրաձայնվում երկրի բարձրագույն իշխանության կողմից՝ համապատասխան լայվերով, ակնարկներով։ Եթե սա իրավական պրոցես է, ապա ինչո՞ւ վարույթն իրականացնող մարմինը շահագրգիռ չէ՝ օբյեկտիվ իրականությունը պարզելու համար հարցաքննել այն անձին, ով կարող էր տվյալներ հայտնել։ Մենք այստեղ միտում ենք տեսնում թույլ չտալու, որ քրեական գործում որևէ պարագայում հայտնվեն Միքայել Մինասյանի մեղքը բացառող ապացույցներ։ Եթե իրական քրեական գործ է քննվում, ապա պետք չէ լինել իրավաբան՝ հասկանալու համար, որ բավարար ապացույցների համակցություն ապահովելու համար այդ ապացույցները նախ պետք է ձեռք բերել, այլ ոչ թե անձի դրամական միջոցների մուտքերի առկայության պայմաններում միայն նրան մեղադրյալ ներգրավել ապօրինի հարստացման և փողերի լվացման հոդվածներով։  Վարույթն իրականացնող մարմինն ունի այն անձի տվյալները, ով այդ գումարները մուտքագրել է Միքայել Մինասյանի հաշվին։ Եթե օբյեկտիվ նախաքննություն էր իրականանալու և այստեղ քաղաքական պատվեր չկար, ինչո՞վ է պայմանավորված, որ այդ անձին չեն հարցաքննել՝ պարզելու մուտքագրման հանգամանքները։ Չեն հարցաքննել, որովհետև դա կքանդեր նախապես գրված սցենարը՝ Միքայել Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ։

-Միքայել Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը ե՞րբ է ներկայացվել դատարան։

-Արդեն նշեցի, որ մարտի 17-ին քննիչի կողմից որոշում է կայացվել նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին,  դրանից հետո որևէ գործողություն չի կատարվել, որովհետև մինչև մարտի 22-ը ներառյալ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հերթապահ դատավորներ էին Ավան և Նոր Նորքի նստավայրի դատավորները։ Մարտի 23-ին, երբ արդեն Շենգավիթի նստավայրի դատավորներն էին հերթապահ, քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Միքայել Մինասյանի նկատմամբ որպես կալանավորում խափանման միջոցը կիրառելու մասին ու միանգամայն «պատահականորեն» միջնորդությունը մակագրվում է դատավոր Արտուշ Գաբրիելյանին։

-Կպարզաբանե՞ք, թե ինչ տարբերություն կա՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի ո՞ր նստավայրում է քննվում անձին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։

-Հանրության համար գաղտնիք չէ, որ կան դատավորներ, որոնք, այսպես ասած,  «քննչական մարմինների կամակատար են», կան դատավորներ, որոնք օբյեկտիվ կերպով են գործերը քննում։ Արդեն իսկ ձևավորված տպավորության համաձայն՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրի դատավորները մեծ մասամբ օբյեկտիվություն ցուցաբերող դատավորներ են։ Խափանման միջոցի հարցը անհապաղ քննության ենթակա միջնորդություն է, այսինքն՝  եթե հիմքեր կան, որ անձը կարող է փախուստի դիմել, նոր հանցանք կատարել կամ թաքնվել, պետք է անմիջապես միջոցներ ձեռնարկվի, որպեսզի քննարկվի անձի կալանավորելու հարցը, բայց քննիչը, փաստորեն, սպասել է, մինչև Ավան և Նոր Նորքի նստավայրի դատավորների հերթապահության ժամանակացույցը փոխվել է։ Հերթապահ դատարանի դատավորների միջև գործերի բաշխումը կատարում է դատարանի նախագահը՝ առանց համակարգչային մակագրման, և այս պարագայում դատարանի նախագահն ազատ էր տվյալ միջնորդության քննարկումը հանձնել ցանկացած դատավորի։ Բնականաբար, երևի  կարիք չկա հանրությանը տեղեկացնել, թե ով է ավելի բարիացակամ տրամադրված քննչական մարմինների հանդեպ, ով է թե՛ նախկին, թե՛ այս իշխանությունների ժամանակ հնչող գործերով պատրստակամ կատարել իշխանության պահանջը, և գործն, այսպիոսով մակագրվում է պարոն Արտուշ Գաբրիելյանին։ Այս պահին դեռևս խափանման միջոցի վերաբերյալ որոշում չունենք։ Կարծում ենք, որ պարոն Գաբրիելյանը, հաշվի առնելով նրա անձը,  որպես դատավոր իր վարքագիծը, որևէ պարագայում չի կարող օբյեկտիվ որոշում կայացնել։ Պատահական չէ, որ հենց նա է ընտրվել այս որոշումը կայացնելու համար։

-Ի՞նչ  միջնորդություններ ունեք՝ ներկայացնելու դատարանին, որոնց մասին այս պահին կարող եք խոսել։

-Մենք միջնորդելու ենք իմ կողմից նշված անձանց դատարան հրավիրել և հարցաքննել, քանի որ Եվրոպական դատարանն ունի մի շարք որոշումներ, որոնցով թույլատրելի է համարել կալանքի հարցի քննության ժամանակ անձանց հարցաքննությունը։

-Արտուշ Գաբրիելյանին ինքնաբացարկի միջնորդություն չե՞ք ներկայացրել։

 -Պարոն Գաբրիելյանը ամեն կերպ փորձում է այս վարույթն իրենով շարունակել։ Նրան ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրել ենք՝ հաշվի առնելով նրա անձը, դրսևորած վարքագիծը, և որ ամենակարևորն է, այն, որ իմ կողմից Արտուշ Գաբրիելյանի ենթադրյալ հանցավոր գործունեության կապակցությամբ ես դեռևս 2019 թվականի փետրվար ամսին հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել։ Այդ քրեական գործը դեռևս ակտիվ փուլում է, այսինքն՝ կա քրեական գործ, որով ես Արտուշ Գաբրիելյանին, նրա աշխատակազմին մեղադրում եմ քրեական հանցագործություն կատարելու մեջ, ուստի ինքը որևէ պարագայում չի կարող անկաշկանդ լինել իմ հանդեպ։ Փաստացի առկա է ակտիվ քրեական գործ, որով, հնարավոր է, Արտուշ Գաբրիելյանը դատավարական կարգավիճակ ունենա, ընդ որում՝ իր աշխատակազմից մեկը փաստացի կասկածյալի կարգավիճակ է ունեցել։ Բայց Արտուշ Գաբրիելյանը մեր կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժում է միայն մեկ հիմքով․ չկա որևէ դատավոր, ով այս ապօրինի միջնորդությամբ կհամարձակվի քննչական մարմիններին ձեռնտու որոշում կայացնել։ Ես հաստատված փաստ եմ ներկայացնում որպես ինքնաբացարկի հիմք՝ առկա քրեական գործը, բայց ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու որոշման մեջ տեսնում ենք, որ դրանք, ըստ Արտուշ Գաբրիելյանի փաստաբանի, այսինքն՝ իմ սուբյեկտիվ դիտարկումներն են։

-Բայց սուբյեկտիվ ընկալումը եւս կարող է ինքնաբացարկի հիմք լինել։

-Այո, ընդ որում՝ պետք է հաշվի առնել, որ իմ կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդումը, ինչպես նաև Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդին ներկայացված հաղորդումը մեկ անգամ Արտուշ Գաբրիելյանի կողմից դիտարկվել է որպես ինքնաբացարկի հիմք։ Իմ կողմից ներկայացված բողոքներից մեկով Արտուշ Գաբրիելյանը սեփական նախաձեռնությամբ հայտնեց, որ առկա է ինքնաբացարկի հիմք, և կողմերին խնդրեց անտեսել այդ հիմքը։ Մենք, հաշվի առնելով, որ այդ գործի քննությունը ձգձգվում էր Գաբրիելյանի կողմից, հայտնեցինք, որ այո, ինքնաբացարկի հիմքն առկա է, բայց տվյալ պարագայում ողջամիտ ժամկետում գործի քննության խնդիր էր դրված, և մենք այդ պատճառով ինքնաբացարկ չհայտնեցինք նրան։ Այժմ  մենք նույն հիմքով ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել Գաբրիելյանին, բայց նա մերժել է միջնորդությունը։ Կարծում եմ՝ սրանից արդեն ակնհայտ է, թե ինչի մասին է խոսքը․ քննչական մարմինը գտել է իր սրտի դատավորին։

-Պարոն Պողոսյան, Միքայել Մինասյանն այս պահին Հայաստանում չէ՞։

-Ոչ, ՀՀ-ում չի գտնվում, և  մենք այս պայմաններում նրան որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը նույնպես որակում ենք որպես քաղաքական պատվերի մաս։ Քրեական գործում որևէ  փաստաթուղթ չկա, որը ձեռք է բերվել նրան որպես մեղադրյալ ներգրավելուց անմիջապես առաջ՝ մարտի 16-ին, 17-ին։ Ինչո՞ւ է  նա մեղադրյալ ներգրավվում  Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց ընդամենը մեկ օր հետո, ո՞րն է այն ողջամիտ հնարավորությունը, որը վարույթն իրականացնող մարմինը կարող է մեզ ցույց տալ, որպեսզի Միքայել Մինասյանը վերադառնա Հայաստան ու մասնակցի, օրինակ, կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ հարցի քննարկմանը։

-Եթե որպես մեղադրյալ ներգրավելու որոշման ժամանակ Մինասյանը Հայաստանում չի եղել, հետեւաբար վարույթն իրականացնող մարմինը նրան մեղադրանք չի առաջադրել։

-Այո մեղադրանք չի առաջադրվել։

-Ինչպե՞ս է նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն ներկայացվել, եթե մեղադրանք չի առաջադրվել։ Նրա նկատմամբ հետախուզո՞ւմ է հայտարարված կամ որևէ կերպ նշվա՞ծ է, որ, օրինակ, առկա չէ հնարավորություն՝ արտակարգ դրության պայմաններում Հայաստանից դուրս գտնվող Մինասյանի ներկայությունն ապահովելու։

-Համավարակի պայմաններին որևէ անդրադարձ չեն կատարել, միայն նշել են, որ Մինասյանը Հայաստանի Հանրապետությունում չի գտնվում, այդ իսկ պատճառով մեղադրանք չի առաջադրվել։ Գուցե մեղադրանք չառաջադրելու համար քննիչը որոշում է կայացրել հետախուզում հայտարարելու, բայց օրենքով Միքայել Մինասյանի նկատմամբ չի կարող քրեական հետապնդում իրականացվել, քանի որ Հայաստանի քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ հետախուզում հայտարարելուց առաջ պետք է վարույթն իրականացնող մարմինը ներկայացնի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։ Այս պահին Միքայել Մինասյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ, հետևաբար չի կարող իրականացվել օրինական հետախուզում։ Ամեն դեպքում ես համոզված եմ, որ Միքայել Մինասյանի նկատմամբ հետախուզում չի իրականացվում, քանի որ խափանման միջոց չլինելու պայմաններում դա հնարավոր չէ։

Հ․Գ.  Քիչ առաջ Պետական եկամուտների կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում նշված է Միքայել Մինասյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին։ ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է հետևյալը․

ՀՀ պետական եկամուտների քննչական վարչությունում իրականացվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար տվյալների հիման վրա 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին հարուցվել են քրեական գործեր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Արայի Մինասյանի կողմից առերևույթ կատարված հանրորեն վտանգավոր արարքների դեպքերի առթիվ:

Կատարված նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա որոշում է կայացվել Միքայել Արայի Մինասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հարստանալը), 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Մ.Մինասյանը, հանդիսանալով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, հաշվետու ժամանակահատվածում, այն է՝ 2017-2018թթ. ընթացքում, մեծ ծավալների հասնող ֆինանսական միջոցների չափով ավելացրել է իր գույքը, որն էականորեն գերազանցել է իր օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվել դրանցով, այսինքն՝ ապօրինի հարստացել է: Բացի այդ, նույն հաշվետու ժամանակահատվածների համար Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրերում թաքցրել ու չի հայտարարագրել հայտարարգրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքի մասին տվյալներ, ինչպես նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գույք:

23.03.2020թ.-ին որոշում է կայացվել Մ.Մինասյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին, և նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալ Մ.Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է՝ Մ.Մինասյանի կողմից հնարավոր կատարած հանրորեն վտանգավոր այլ արարքները բացահայտելու և դրանց մասնակցություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

Միաժամանակ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, նախաքննության վերաբերյալ տեղեկությունների հանրայնացման ուղղությամբ տևական ժամանակ դրսևորելով զսպվածություն, ապահովելով նախաքննության գաղտնիքի խիստ սահմանները, հորդորում է զերծ մնալ կատարվող քննչական և դատավարական գործողություններին անհիմն և չփաստարկված գնահատականներ տալուց։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter