
Հիվանդագին կրքեր Վանաձորի մանկավարժական ինստիտուտում
Ժամանակ առ ժամանակ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում մթնոլորտը շիկանում է, եւ դասախոսները հայտնվում են ոստիկանության բաժնում:
Անցած տարի հաղորդում էր եղել կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության եւ ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ Հասմիկ Գրիգորյանի դեմ: Վերջերս էլ հայոց լեզվի ամբիոնի դասախոսներն էին իրար դեմ հայտարարություն տվել ոստիկանությունում. նախկին համակուրսեցիներ Լուսինե Սարգսյանն ու Լուսինե Աշուղյանը, հայտնվելով միեւնույն կարգավիճակում (2-ն էլ ատենախոսության պաշտպանության շեմին են, գրեթե միաժամանակ են հանձնել մասնագիտական քննությունները. միաժամանակ մրցույթով ընտրվելով` միաժամանակ էլ լրացել է նրանց աշխատանքային պայմանագրի ժամկետը), դարձել են մրցակիցներ եւ պայքարում են միմյանց դեմ: Նրանց կռիվը նախեւառաջ դասաժամերի համար է:
Լուսինե Աշուղյանի պայմանագրի ժամկետը լրանալուց հետո ղեկավարությունն ըստ երեւույթին որոշել էր այլեւս պայմանագիր չկնքել նրա հետ: 2009-10 ուստարվա սկզբին` ժամաբաշխման ժամանակ, հայոց լեզվի ամբիոնի վարիչը հայոց լեզու առարկայից ոչ մի ժամ չէր հատկացրել դասախոսին եւ նախազգուշացրել էր, որ որոշ աշխատողներ դուրս են մնալու ինստիտուտից: Դասախոսը նույնիսկ ծանուցում էր ստացել աշխատանքից ազատվելու մասին: Նա էլ սկսել էր պայքարել իր աշխատատեղի համար. ղեկավարությանը հիշեցրել էր իր գիտական առաջընթացի մասին, որ ավարտած ատենախոսություն ունի, գիտական հոդվածներ, նաեւ սոցիալապես անապահով է, միայնակ 2 առաջին կարգի հիվանդ է խնամում: Միաժամանակ մատնանշել էր ամբիոնի գիտական աստիճան չունեցող դասախոսներին, որոնք հայցորդ չեն կամ հայցորդ լինելով` չեն հանձնել մասնագիտական քննությունները, բայց ապահովված են դասաժամերով:
Լուսինե Աշուղյանի ասելով` այն բանից հետո, երբ սպառնացել էր բուհի ռեկտորին, որ բողոքով կդիմի նախարարությանը, նրա «շատ ուժեղ ճնշման տակ» ամբիոնում իրեն ապահովել էին 0,25 դրույք դասաժամով:
Դրանից հետո, սակայն, դասախոսի ասելով, սկիզբ էին առել ոտնձգություններ իր անձի նկատմամբ: Ամբիոնի վարիչը ամբիոնի անդամների ներկայությամբ վիրավորելիս է եղել իրեն, դիմել է այնպիսի արտահայտություններով, որ կռիվ հրահրի, ինչպես` «Դու քեզնից ինչ ես ներկայացնում: Դեմքդ քիչ է այլանդակ, հիմա էլ արարքներդ»:
Որոշ ժամանակ անց Լուսինե Աշուղյանը բուհի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի իրավախախտումների վերաբերյալ ահազանգել է նախարարություն: Հանձնաժողով է եկել ինստիտուտ, որը 2 թերություն է արձանագրել եւ վերադարձել: Ռեկտորն էլ դասախոսին կանչել է իր աշխատասենյակ եւ սպառնացել, որ եթե շարունակի բողոքել, ինքը կպատժի նրան` ենթարկելով վարչական պատասխանատվության:
«Պարոն Խաչատրյանը, փոխանակ մտածի իր կատարած խախտումների մասին, փորձում է ինձ լռեցնել վախեցնելու միջոցով: Հետաքրքիր է` իմ կատարած այդ ո՞ր օրինախախտման համար է նա պատրաստվում ինձ պատժել: Ինչ է` ղեկավարի օրինախախտումների մասին ահազանգելը ենթակա է վարչական պատասխանատվությա՞ն»,- զարմանում է Լուսինե Աշուղյանը:
Այնուհետեւ «չարախոս» դասախոսի հարցը քննարկման է դրվել ամբիոնի նիստում եւ գիտխորհրդում: Նիստին չներկայանալու համար Լուսինե Աշուղյանին հայտարարվել է նկատողություն այն դեպքում, երբ արձանագրության մեջ նշված է, որ ինչպես ռեկտորը, այնպես էլ դասախոսը հարգելի պատճառով են բացակայել նիստից:
Դեպքերի հետագա զարգացմամբ` 2011 թ. ապրիլի 1-ին հայոց լեզվի ամբիոնի դասախոս Լուսինե Սարգսյանի մայրը` մանկավարժության ամբիոնի դասախոս Լիզա Սարգսյանը, մանկավարժության ամբիոնի դեկան Թերեզա Շահվերդյանի հետ ներկայացել է ոստիկանության Վանաձորի բաժին եւ հայտարարություն տվել, որ հայոց լեզվի ամբիոնի դասախոս Լուսինե Աշուղյանը շուրջ 2 տարի սպանության սպառնալիքներ է տալիս Լուսինե Սարգսյանի հասցեին:
Լուսինե Աշուղյանի կողմից նման սպառնալիքների դրդապատճառների մասին մայր ու աղջիկ ոստիկանությունում հետեւյալ բացատրություններն են տվել. Լուսինե Սարգսյանը իր եւ Լուսինե Աշուղյանի լարված փոխհարաբերությունները բացատրել է նրանով, որ վերջինիս դասաժամերի կրճատման հաշվին են իր դասաժամերը ավելացրել: Մոր ու աղջկա ասելով` Լուսինե Աշուղյանը վտանգ է զգում, որ եթե Լուսինե Սարգսյանն առաջինը պաշտպանի թեկնածուական թեզը, իր մնացած ժամերն էլ նրան կտան: Մայր ու աղջիկ պնդում են, որ Լուսինե Աշուղյանը ամեն տեղ անձնական բնույթի բամբասանքներ է անում Լուսինե Սարգսյանի հասցեին, ասում է, թե Լուսինե Սարգսյանը միայն իր դիակի վրայով կպաշտպանի ատենախոսությունն ու կդառնա գիտությունների թեկնածու: Ուստի, մայր ու աղջիկ պնդելով, թե Լուսինե Աշուղյանը հոգեպես անհավասարակշիռ մարդ է, հաղորդում են տվել ոստիկանություն, որպեսզի «դրան չհասնեն»:
«Ե՞րբ եմ ձեռք տվել, որ հիմի էլ պարտավորվեմ ձեռք չտալ,- մայր ու աղջկա պահանջով իրեն ներկայացված պարտավորագրի մասին է ասում Լուսինե Աշուղյանը,-սա արդեն չափազանց է: Շա՞տ եմ նման մարդասպանի: Պարզապես ասել եմ, որ գնալու եմ եւ իր պաշտպանության ժամանակ իր ատենախոսությունից հարց եմ տալու իրեն. համոզված եմ, որ չի կարողանալու պատասխանել»: Լուսինե Աշուղյանը ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ մայր ու աղջիկ միասնական խոսքի չեն եկել իրենց հայտարարությունների մեջ. մայրը նշել է, թե Լուսինե Աշուղյանը 2 տարի է` սպառնում է իր աղջկան: Աղջիկն էլ նշել է 3 տարի: Լուսինե Աշուղյանը ոստիկանությունում պահանջել է կոնկրետ անուն նշել, թե ում մոտ է ինքը սպառնալիքներ տվել Լուսինե Սարգսյանի հասցեին: Պարզվել է` կոնկրետ վկաներ չկան:
«Չեն նշել գոնե այնպիսի մարդու, ով, թեկուզեւ այդ սպառնալիքը լսած լինելով մեկ ուրիշից, կարողանար վկայություն տալ ոստիկանությունում: Չէին էլ կարող նշել, քանի որ ես որեւէ տեղ նման արտահայտություն չեմ արել: Դա միտումնավոր կերպով հորինված սուտ է. իմ դեմ բողոք են ներկայացրել` քրեական գործ հարուցելու նպատակով»,- համոզված է Լուսինե Աշուղյանը:
Ոստիկանությունում որոշվել էր Լուսինե Աշուղյանի դեմ քրեական գործի հարուցումը մերժել, քանի որ նրա կողմից Լուսինե Սարգսյանին սպանության սպառնալիքներ տալու վերաբերյալ ապացույցներ չկային: Քրեական գործի հարուցումը մերժվել էր նաեւ Լիզա Սարգսյանի մասով այն պատճառաբանությամբ, թե վերջինս դիտավորություն չի ունեցել Լուսինե Աշուղյանին ենթարկելու քրեական պատասխանատվության:
Լուսինե Աշուղյանը ոստիկանության որոշումը բողոքարկել է Լոռու մարզի դատախազությունում` հիմնավորելով, թե Լիզա Սարգսյանի հաղորդման մեջ առկա են սուտ մատնության հանցակազմի հատկանիշներ: Դատախազությունից ստացված փաստաթղթերը կասկածելի են. ապրիլի 20-ին դատախազությունը մերժել է Լուսինե Աշուղյանի դիմումը, իսկ ապրիլի 21-ին դիմումն ուղարկել է ոստիկանություն` փաստերն ուսումնասիրելու եւ նյութեր նախապատրաստելու համար:
Դատախազությունից Լուսինե Աշուղյանին պատասխանել են, թե հաղորդումը տրվել է սոսկ սպանության սպառնալիքներ տարածելու համար, որ դրանք իրականացնելու իրական վտանգ դիմումատուն չի նշել, նշանակում է` դա չի եղել հանցագործության մասին հաղորդում, ուրեմն եւ` դիտավորություն եւ սուտ մատնություն:
Ոստիկանությունից էլ հայտնել էին, թե դիմումատուն պարզապես չի գիտակցել, որ իր տրամադրած տեղեկությունը կեղծ է: «Ստացվում է, որ կարող են անհիմն կերպով մեղադրանք ներկայացնել: Իսկ այն, որ սուտ մատնությամբ վարկաբեկվում է հասարակության մեջ որոշակի դիրք գրավող մարդու` դասախոսի պատիվն ու արժանապատվությունը, քայքայվում է առողջությունը, ոչ ոքի չի հետաքրքրում»,- վրդովվում է երիտասարդ դասախոսը: Նա առավել քան համոզված է, որ իր դեմ սուտ մատնություն է եղել` իրեն քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով:
«Սա կանխամտածված, միտումնավոր քայլ էր: Հետեւում այն մարդն է կանգնած, որը խիստ շահագրգիռ է, որ Լուսինեն պաշտպանի (նկատի ունի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանին, որը Լուսինե Սարգսյանի գիտական ղեկավարն է - հեղ.): Ամեն ինչը վերեւից է թելադրված` ղեկավարության կողմից: Պարզապես իրագործել են Լուսինե Սարգսյանն ու նրա մայրը»,- ասում է Լուսինե Աշուղյանը:
Նշենք, որ մայիսի 6-ին ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը 5 տարի ժամկետով վերընտրվել է իր պաշտոնում:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել