HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հազար տեղ, որ պետք է տեսնել մահանալուց առաջ

2009 թվականի աշունն էր: Աշխատում էի Հայաստանի Հանրապետության Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում (այդ ժամանակ այս երկու մարմինները միացյալ էին): Մեկ տարի առաջ կորցրել էի նորածին երեխայիս. աշխատավայրում էլ բազում խնդիրներ կային, և ամեն ինչ տաղտկալի էր թվում: Փոփոխություններ էին պետք և որոշել էի կրկին համալսարան գնալ: Այս անգամ որոշել էի սովորել, ո'չ ավել, ո'չ պակաս՝ Հարվարդի համալսարանում: Դիմեցի, չընդունեցին: Գործընկերներիցս մեկը` Աննան, որ անգլերենի թարգմանչուհի էր, խորհուրդ տվեց «Թավիթյան» հիմնադրամի հովանավորած Պետական կառավարման թեմայով ծրագրին դիմել, որ անց էր կացվում ԱՄՆ Թավթս համալսարանի Ֆլետչերի անվան Օրենքի և դիվանագիտության դպրոցում:

Ծրագրին ծանոթացա. վստահ չէի, որ ուզում եմ դիմել, քանի որ համառորեն ուզում էի սովորել իմ նախընտրած համալսարանում: Սակայն, լսեցի գործընկերոջս խորհուրդը՝ ի՞նչ ես կորցնելու, տեղում էլ քո ուզած համալսարանին մոտիկից կծանոթանաս:

Դիմեցի, ընդունեցին: Նախքան ԱՄՆ մեկնելը կազմակերպիչները հանդիպում կազմակերպեցին խմբի մնացյալ 14 անդամների հետ: Այդ ընթացքում Ասո Թավիթյանի մասին պատմություններ սկսեցի իմանալ: Սկսեցի ճանաչել նրան:

Ընկերներով մտածում էինք, թե ինչ նվեր ենք անելու, երբ իր տուն հրավիրի: Նա, սովորաբար, բոլոր խմբերին Նյու Յորքի իր առանձնատուն էր հրավիրում և ուսանողներին ներկայացնում արվեստի իր հավաքածուները, շփվում նրանց հետ: Դժվար է նվեր գնել մի մարդու համար, ով ֆինանսական մեծ կարողություններ ունի: Ընկերներիս առաջարկեցի ֆոտոալբոմ պատրաստել, որտեղ կլինեն Երևան քաղաքի լուսանկարներ` Երևանի որոշ տեսարաններ և վայրեր ներկայում և շուրջ հարյուր տարի առաջ: Առաջարկս ընդունվեց և խմբի անդամներից մեկի` Սամվելի հետ անցանք գործի: Հին նկարները ձեռք բերեցինք Աբովյան և Պուշկին փողոցների հատման մասում գտնվող Երևանի ամենահին լուսանկարչական ստուդիաներից մեկից: Այնուհետ նկարեցինք այդ նույն վայրերը ներկա տեսքով: Նվերը պատրաստ էր:

2010 թվականի ամռանը արդեն ԱՄՆ-ում էինք: Դպրոցը գտնվում է Բոստոն բնակավայրի Մեդֆորդ քաղաքում, իսկ մեզ հատկացված առանձնատունը` դպրոցից ոտքով գնալու դեպքում, հինգ րոպե հեռավորության վրա էր, սակայն մեկ այլ քաղաքում, որ կոչվում էր Սոմերվիլ: Հետագայում իմացանք, որ մեր առանձնատունն այրվել է` իր հետ մոխրացնելով այդ տանը մեր թողած հետքերն ու շունչը:

Մի որոշ ժամանակ անց հանդիպեցինք Ասո Թավիթյանին: Նա բարձրահասակ, փոքր-ինչ կքած, սպիտակահեր, թախծոտ աչքերով, բայց խորաթափանց հայացքով ծերունի էր. այդ ժամանակ (2010թ.) արդեն յոթանասուն տարեկան էր: Նա իր կյանքի կարևոր պատմությունն ուներ, որ պատմել էր բոլոր խմբերին: Ուզում էր, որ պատմության խորհուրդը մեր մեջ կրենք:

Պատմությունը:

Նրա ծնողները Ցեղասպանություն վերապրած հայեր էին, որոնք գաղթել էին Բուլղարիա: Նրա հայրը, հարազատներից զատ, մեծ կարողություն էր կորցրել Օսմանյան կայսրությունում: Ասոն ծնվել էր Բուլղարիայում: Այնուհետ հայրը հաջողությամբ բիզնես և կարողություն էր հիմնել այս երկրում, սակայն կոմունիստների իշխանության գալուց հետո նրանց ունեզրկել էին` խլելով և պետականացնելով ամբողջ կարողությունը:

1959-ին 19 տարեկան Ասոն գնում է Բեյրութ` Հայկազյան համալսարանում ուսանելու: Այս նպատակով նախ եռամսյա արագացված անգլերեն լեզվի դասեր է վերցնում: Համալսարանից ստանում է ֆինանսավորում միայն վարձավճարի գծով, իսկ կեցության ֆինանսավորում չի գտնում: Դժվարության մեջ, երբ արդեն պետք է հրաժարվեր այդտեղ սովորելու մտքից, համալսարանից տեղեկացնում են, որ նրա կեցության ծախսերը նույնպես կֆինանսավորվեն:

21 տարեկան հասակում, որպես փախստական 1961-ի ամռանը մեկնում է ԱՄՆ, որտեղ նույն տարում ընդունվում է Կոլումբիայի համալսարան: Մեկնելուց առաջ պատահաբար իմանում է, որ անգլերենի իր ուսուցիչը` Անտուան Քեհեյանն էր ծածուկ վճարել Բեյրութում ուսանելու և բնակվելու տարիների իր կեցության ծախսերը: Ուսուցիչը Պարոն մականունով էր հայտնի: Պարոնի այս արարքը խորը նստվածք է թողնում: Սա հետագայում Ասոյին մեծ բարերար էր դարձնելու, և իր ուսուցչի օրինակով նա ֆինանսավորելու էր հարյուրավոր հայ ուսանողների` ԱՄՆ լավագույն համալսարաններում ուսանելու համար: Ասոն կրթության կարևորությունը շատ լավ էր գիտակցում: Նա շարունակում է սովորել Կոլումբիայի համալսարանում և բակալավրից հետո ստանում մագիստրոսի որակավորում ատոմային ինժեներիա մասնագիտացմամբ: Որոշում է գիտնական դառնալ և շարունակում կրթությունը նույն համալսարանի դոկտորական ծրագրում: Ուսանելու ընթացքում ընկերների հետ հիմնում է Syncsort տեղեկատվական տեխնոլոգիական ընկերությունը, որը մեծ հաջողություններ է ունենում և Ասոյին դարձնում մեծահարուստ: Հիմնադրամը ստեղծում է 1985 թվականին, որի շնորհիվ ԱՄՆ-ում կրթություն ստանալու ֆինանսավորում են ստանում ավելի քանի 350 հայ ուսանողներ:

Ասոն իր ուսուցչի և իր հաջողության պատմությունը պատմում էր բոլորին: Նա փորձում էր բոլորիս վարակել կրթության լույսով: Նրա հետ հերթական հանդիպումներից մեկը կայացավ Նյու Յորքի իր առանձնատանը, որտեղ նա արվեստի անտիկ գործերի մեծ հավաքածու ուներ: Հիշում եմ սրահներից մեկում, պատին փակցված էր Երկիր մոլորակի երկու կիսագնդերի տեսքով պատկերված ամենահին հայատառ քարտեզներից մեկը, որը նա շատ էր սիրում: Նաև հիշում եմ, որ մեր ընկերներից մեկը անզգուշությամբ վայր գցեց մի քանի հարյուր տարվա պատմություն ունեցող փայտյա աղեղը, որ կոտրվեց: Ասոն, իհարկե, անխռով էր: Ինչքան էլ որ սիրեր իր հավաքածուն, նա գիտեր, որ դա ընդամենը իր է. այդ պատգամն էլ հորից էր ժառանգել:

Իր հավաքածուի զանազան ժանրեր զետեղված էին առանձնատան տարբեր սենյակներում: Նա մեզ ուղեկցում էր սենյակից սենյակ և ծանոթացնում ու պատմում: Սենյակներից մեկում, որտեղ նաև իր մահճակալն էր, կողքի պահարանի վրա մի գիրք կար. վերնագիրն էր` «Հազար տեղ, որ պետք է տեսնել մահանալուց առաջ»:

Ասոն դարձավ հավերժի ճամփորդ` թողնելով իր լույսն ու պատգամը հազարներիս սրտերում:

Լուսանկարը՝ shantnews.am-ի

Մեկնաբանություններ (1)

Անուշ Գալստյան
Լավ կլիներ, որ արևելահայ լեզվի կրողները շփոթության մեջ չընկնեին, երբ գրում են Սփյուռքի մեր հայրենակրցների անուն-ազգանունները: Դավիդյան ազգանունը արևմտահայ լեզվր կրողները արտասանում են Թավիթյան, բայց հայերեն "դ" տառով է գրվում: Անգլերեն տառադարձելիս, այո, Tavitian են գրում, քանի որ իրենք այդ հնչյունն են արտաբերում, բաւց հայերեն բուն ձևը Դավիդյան է (ինչպես նաև հայկական այլ անուն-ազգանուններ, որոնք բաղաձայների եռաստիճան համակարգի տառերով են գրվում):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter