
22 մլն դրամ դրամաշնորհ՝ կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված նախագծերին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ամփոփել է կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելմանն ուղղված մարտահրավերների հաղթահարման դրամաշնորհի մրցույթի արդյունքները։
Դրամաշնորհային մրցույթում հաղթող են ճանաչվել հետևյալ նախագծերը՝
- «Կլինիկական-համաճարակաբանական ուսումնասիրության, բուժման արդյունքների գնահատման ու առավել արդյունավետ կանխարգելիչ ալգորիթմի մշակման» նախագիծն արժանացել է 10 մլն ՀՀ դրամ դրամաշնորհի:
- «Վիրուսների ֆոտոդինամիկ ինակտիվացում - կարող են օգտագործվել տարածքները և բժշկական գործիքների ախտահանման համար, իսկ հետագայում, փարձարկումից հետո, որպես դեղամիջոց» նախագիծն արժանացել է 5 մլն ՀՀ դրամ դրամաշնորհի:
- «Բժշկական սարքավորումների հականեխիչ սարք UV» նախագիծն արժանացել է 3 մլն ՀՀ դրամ դրամաշնորհի:
- «Թոքերի արհեստական օդափոխման բազմահաճախային ասիմետրիկ համակարգ (նվազագույն ծախսատարությամբ թոքերի օդափոխման, խորխահեռացման և մանրէազերծման բարձր արդյունավետություն ապահովելու) » նախագիծն արժանացել է 2 մլն ՀՀ դրամ դրամաշնորհի:
- «Դեղերի օգտագործման վերաբերյալ գիտական տվյալների, ինչպես նաև դրանց ապահովման համար օգտագործվող ռազմավարությունների վերաբերյալ միջազգային փորձի մասին տվյալների բազայի ստեղծում և մշակում» նախագիծն արժանացել է 2 մլն ՀՀ դրամ դրամաշնորհի:
Մրցույթի առաջին՝ հայտերի գնահատման փուլում, դիմումների և ներկայացված կից փաստաթղթերի հիման վրա գնահատվել են նախագծի օգտակարությունը և իրագործելիությունը: Հանձնաժողովի անդամների կողմից ամենաբարձր միավորներ հավաքած ծրագրերն անցել են հաջորդ փուլ:
Ինչպես հայտնում է նախարարությունը, հայտերի ընդունման վերջնաժամկետին (ապրիլի 3-ը) ստացվել է 135 դիմում, որոնցից հանձնաժողովի կողմից քննության են ենթարկվել 122 դիմումները (13 դիմում անվավեր է հայտարարվել, քանի որ ստացվել են անհատներից, ինչպես նաև եղել են կրկնվող դիմումներ):
Մրցույթի երկրորդ փուլը կազմակերպվել է առցանց՝ տեսակապի միջոցով: Դիմորդներից յուրաքանչյուրին տրվել է 3 րոպե՝ մրցութային հանձնաժողովին ծրագիրը ներկայացնելու համար՝ շեշտադրելով օգտակարությունը, իրագործելիության արագությունը, նորարարությունը, իրականացնող թիմը, ֆինանսական գնահատականի համապատասխանությունը, ապա 5 րոպե՝ հանձնաժողովի անդամների կողմից հարցերին պատասխանելու համար: Ամենից բարձր միավորներով 5 մասնակիցները դարձել են հաղթող՝ իրենց ծրագրերն իրագործման համար ստանալով համապատասխանաբար 10մլն, 5մլն, 3մլն, 2մլն, 2մլն ՀՀ դրամ գումար:
Հաղթող նախագծերը ներկայացվել են հետևյալ կազմակերպությունների կողմից՝
- ՀՀ ԱՆ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ,
- ՀՀ ԳԱԱ Հ.Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ ՊՈԱԿ,
- Ա.Ի.Ալիխանյանի անվ. ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամ,
- ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ ՊՈԱԿ, «Դեղերի օգտագործման գիտական խումբ» ՀԿ:
Լուսանկարում՝ նախարար Հակոբ Արշակյանը
Մեկնաբանել