
Կառավարությունը հաստատեց ուսանողներին տրամադրվող աջակցությունը
Կառավարությունն այսօրվա՝ ապրիլի 23-ի նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնչորսերորդ միջոցառումը, որի նպատակն է օժանդակել ՀՀ բարձրագույն և հետբուհական (կլինիկական օրդինատուրա) կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին, որոնք հանդիսանում են ՀՀ քաղաքացի:
Միջոցառման շահառու են հանդիսանում՝
- որոշմանը կից ցանկում ընդգրկված 21 բուհերի առկա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսի ուսանողները, որոնց հանրագումարային միջին որակական գնահատականը (ՄՈԳ) ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 90 և ավել տոկոս,
- ցանկում ընդգրկված բուհերի առկա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի բոլոր կուրսերի (բացառությամբ՝ ավարտական) ուսանողները, որոնց հանրագումարային ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 90 և ավել տոկոս,
- պետական և պետական հավատարմագրում ունեցող բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի առկա և հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող ուսանողները (ուսանողական վարկերի մասով)։
Ավարտական կուրսերում սովորողներին հատկացվում է 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի 100% փոխհատուցում։
«Եթե ուսանողները մեր պետական մի շարք ծրագրերով (նպաստառու ընտանիքի ուսանողներ, սահմանամերձ գյուղերում բնակվող ուսանողներ և ապրիլյան պատերազմի մասնակիցներ) ստացել են որոշակի փոխհատուցում, մենք մնացորդային գումարն ենք փոխհատուցում»,- նշեց Արայիկ Հարությունյանը։
Ընդ որում՝ այս խմբի այն սովորողներին, որոնք մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը, այդ չափով կատարված վճարումը վերադարձվում է ուսանողին (ֆիզիկական անձի կողմից վճարված լինելու պարագայում)՝
- մագիստրատուրան կամ կլինիկական օրդինատուրան ավարտելու դեպքում,
- բակալավրիատի ուսանողի դեպքում՝ մագիստրատուրայում ուսումնառությունը չշարունակելու կամ անվճար ուսուցմամբ մագիստրատուրայում ուսումնառությունը շարունակելու պարագայում։
Այն ուսանողները, որոնք մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը, այդ չափով կատարված վճարումը համարվելու է մագիստրատուրայի ուսման վարձի դիմաց կատարված վճարում՝ վճարովի ուսուցմամբ մագիստրատուրայում ուսումնառությունը շարունակելու դեպքում։
«Այն սովորողները, ովքեր մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը կարող են հրաժարվել սույն աջակցությունից, իսկ ուսանողական վարկի միջոցով վարձը վճարված լինելու դեպքում աջակցությունն ուղղվում է վարկի մարմանը»,-հայտնեց նախարարը։
Մյուս կուրսերի սովորողներին հատկացվում է փոխհատուցում 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի 75 տոկոսի չափով։ Ընդ որում, այս խմբի այն սովորողներին, որոնք 2019-2020 ուսումնական տարում ստացել են պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում, սույն միջոցառման շրջանակներում փոխհատուցում տրամադրվում է կիսամյակի ուսման վարձի մնացորդային գումարի 100 տոկոսի չափով, և մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը, այդ չափով կատարված վճարումը համարվում է հաջորդ կիսմյակի ուսման վարձի դիմաց կատարված վճարում։
Բոլոր կուրսերի սովորողներին 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման համար հովանավոր կազմակերպությունների կողմից հատկացված գումարի տնօրինման հետ կապված հարցերը կարգավորվում են բուհերի և համապատասխան կազմակերպությունների միջև փոխադարձ համաձայնությամբ։
Հաջորդ կետը վերաբերում է այն ուսանողներին, որոնք վարկեր են ստացել և կդիմեն նոր վարկերի համար։ Հեռակա սովոր ուսանողները նույնպես ներգրավված են վարկերի կետում։
Ըստ ԿԳՄՍ նախարարի՝ բոլոր այն խմբերը, որոնք վերցրել են վարկեր, կվերցնեն վարկեր և նրանց ՄՈԳ-ը կլինի 80 %-ից ցածր, ապա մայիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, իրենց տոկոսադրույքը կկազմի 4 %։ Զրոյացում է տեղի ունենալու այն վարկառուների համար, որոնք արդեն ունեն ուսանողական վարկեր, ունեն 80 և ավելի տոկոս ՄՈԳ, նրանց համար տոկոսադրույքը կկազմի 0 %, եթե հանրագումարային ՄՈԳ-ը 80 %-ից ցածր է, տոկոսադրույքը կկազմի 4 %։
Մեկնաբանել