HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ՊԵԿ նախագահ. մարտին գրանցված աշխատատեղերի քանակն աճել է 3700-ով

Մարտի տվյալներով Հայաստանում գրանցված աշխատատեղերի քանակը կազմել է 619 900, որը փետրվարի համեմատ աճել է 3700-ով։ Այս մասին այսօրվա ասուլիսին հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով  հարցին կա՞ն տվյալներ, թե արտակարգ դրություն հայտարարելուց ի վեր ինչպե՞ս է փոփոխվել գրանցված աշխատողների քանակը։

«Մարտ ամսվա եկամտային հարկի հաշվարկը ներկայացվում է մինչև ապրիլի 20-ը, ապրիլի 21-ի դրությամբ մենք ունեինք արդեն վերլուծված տեղեկատվություն։ Մարտին, փետրվարի համեմատ, աշխատատեղերի աճ է գրանցվել։ 619 900 աշխտատեղ հայտարարագրվել է մարտ ամսին՝ ըստ ապրիլին ստացված հաշվետվությունների, 616 200 աշխատատեղ էլ հայտարարագրվել է  փետրվարի համար (փետրվարի աճը հունվարի համեմատ՝ 14 400)»,- նշեց ՊԵԿ նախագահը։

Ըստ նրա՝ երբ ամփոփվեն ապրիլի ցուցանիշները, այդ ժամանակ արդեն կերևան կորոնավիրուսի ազդեցության հետևանքները. «Դա կվերլուծենք մայիսի 21-ի դրությամբ՝ ապրլի եկամտային հարկի հաշվետվությունների հիման վրա»։ 

ՊԵԿ նախագահը ասուլիսին անդրադարձավ նաև  մի շարք այլ հարցերի։ Ըստ նրա՝ այս պահին որևէ տնտեսվարողի համար հարկերի չեղարկում, կասեցում կամ ներում նախատեսող արտոնություններ չեն քննարկվում: «Կարող են քննարկվել հարկային  արձակուրդներ տրամադրելու միջոցառումներ: Ոչինչ բացառել պետք չի, բայց հարկային արձակուրդների թեմա կարող է քննարկվել՝ ելնելով նրանից, թե դեպքերի զարգացումն ինչ ընթացք է ստանում»,-ասաց Անանյանը:

Միևնույն ժամանակ՝ պետությունը հարկ վճարողներին նոր գործիք է առաջարկում` քվազի վարկավորման գործիք։ Ընդհանուր գաղափարն այն է, որ 1.5 մլն դրամ չվճարած հարկային պարտականություն ունեցող անձանց տրվում է տարեկան 14.6 տոկոսադրույքով վարկի հնարավորություն։ Ըստ ՊԵԿ նախագահի՝ այս դեպքում սանկցիաներ, մասնավորապես`չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթներ, գույքի արգելանքի գործառույթներ, չեն իրականացվում։

«Նախկինում, եթե հարկ վաճարողը ուներ չկատարված հարկային պարտավորություն, որը չէր գերազանցում 200 հազ. դրամը, ապա տվյալ հարկային պարտավորության նկատմամբ չէր հարուցվում չկատարած հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթ։ Իսկ եթե պարտավորությունը չէր գերազանցում 500 հազ. դրամը, ապա գույքի արգելանքի գործառույթներ չէին իրականացվում: Ներկայում այդ սահմաչափերը բարձրացվել են և մինչև 1.5 մլն դրամ չկատարված հարկային պարտավորությունների դեպքում չեն հարուցվելու վարչական վարույթներ։ Եվ չեն իրականացվելու գույքի արգելանքի կիրառման գործառույթներ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter