HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

ՊԵԿ-ը ցանկանում է առանց դատարանի որոշման ստանալ հաճախորդի բանկային գաղտնիք համարվող տեղեկությունները. մասնագետները տարակարծիք են

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) առաջարկում է հարկային մարմնին թույլատրել ստանալ և օգտագործել հաճախորդների բանկային գաղտնիք համարվող տեղեկություններն՝ առանց դատարանի որոշման։ ՊԵԿ-ն ընդգծում է, որ այդ տեղեկություններն օգտագործելու է բացառապես հարկային հսկողության նպատակով։

Այդ նպատակով Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է օրենսդրորեն սահմանել, որ բանկն իր հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները տրամադրելու է հարկային մարմիններին՝ հարկային մարմնի ղեկավարի օրինական, հիմնավորված և պատճառաբանված որոշման հիման վրա։

Նման նախագիծ է Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։

Նշենք, որ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքով՝ բանկն իր հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմիններին տրամադրում է միայն դատարանի` Քաղաքացիական դատավարության կամ Քրեական դատավարության օրենսգրքերով նախատեսված կարգով ընդունված որոշման հիման վրա, ինչպես նաև իր հաճախորդի բանկային հաշվի վրա բռնագանձում տարածելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի կամ դատավճռի հիման վրա:

«Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմիններին կարող են տրամադրվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարկային մարմինը նույնպես հանդիսանում է գաղտնիք տնօրինող պետական մարմին, բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմինը պահպանում է օրենքով սահմանված կարգով։ Ինչպես նաև այն հանգամանքը, որ այդպիսի տեղեկությունները հարկային մարմինը օգտագործում է հարկային հսկողության սահմաններում և շրջանակներում, ինչպես նաև իր առջեւ դրված խնդիրներին ու նպատակներին համապատասխան»,- որպես հիմնավորում` նշել է Պետական եկամուտների կոմիտեն։

«Բանկային գաղտնիքի մասին» օրենքով արգելվում է բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ հրապարակել այն պաշտոնատար անձի, կազմակերպության, պետական մարմնի կողմից, ում այդ տեղեկությունները վստահված են եղել, հայտնի են դարձել նրա ծառայության, աշխատանքի ընթացքում կամ տրամադրվել են օրենքով սահմանված կարգով:

«Ուստի, բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց իրավասության շրջանակներում իրականացվող հարկային հսկողության նպատակներին համապատասխան օգտագործելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել մշակել սույն նախագիծը, որով օրենսդրական ամրագրում կստանան հարկային մարմնի կողմից բանկային գաղտնիք համարվող տեղեկությունները ստանալու և օգտագործելու հետ կապված հարաբերությունները»,- նախագծում նշել է Պետական եկամուտների կոմիտեն։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այս նախագծին։ Պատգամավորի կարծիքով՝ այս նախագծով առանց այն էլ հիմքերը խարխլած բանկային գաղտնիքի ինստիտուտը Հայաստանում ստանալու է վերջնական մահացու հարված։ «Այս նախագծի ընդունման հետևանքը լինելու է այն, որ բոլորն իրենց ֆինանսական միջոցները հանելու են բանկերից, խուսափելու են Հայաստանում գործարարությամբ զբաղվելուց»,-գրառման մեջ նշել է պատգամավորը։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը քիչ առաջ կայացած ասուլիսին անդրադարձավ այս նախագծին և պատգամավորի գրառմանը։ ՊԵԿ նախագահը նշեց. «Պարոն Մարուքյանի ասածի մեջ որոշակի մասով կա նաև ճշմարտություն, մի փոքր նաև չափազանցված է ազդեցությունը։ Բայց նաև կարծում եմ, որ «Global Forum»-ի շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների առումով բանկային գաղտնիքը որոշակիորեն բացելու պարտավորությունների շրջանակներում մենք դեռևս անելիքներ ունենք»։

Բագրատ Ասատրյան. «Նախագծի վտանգները շատ ավելի մեծ են, քան ակնկալվող արդյունքները»

Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանի կարծիքով՝ ՊԵԿ-ի ներկայացրած փոփոխության նախագիծը, ըստ էության, նշանակում է հրաժարվել բանկային գաղտնիքից ընդհանրապես, քանի որ դրանով իսկ խաթարվում է օրենքով սահմանված հիմնարար սկզբունքը՝ բանկն այն տեղը չէ, որտեղից որևէ մեկը կարող է որևէ տեղեկություն ստանալ հաճախորդի մասին:

«Գործող օրենքը երաշխավորում է, որ բանկն այն ապահով տեղն է, որտեղ հաշվետերերը առանց կասկածի, հուսալիորեն կպահեն իրենց միջոցները կամ տեղեկությունները, որի պարագայում հաշվետերերը կնախընտրեն նշված եղանակը, այլ ոչ թե կանխիկ տեսքով տանը բարձի տակ պահելը»,- ասում է պրն Ասատրյանը։

Տնտեսագետն ընդգծում է, որ հարկային կամ որևէ այլ պատկան մարմնի համար տեղեկության աղբյուր պետք է հանդիսանա միջոցների սեփականատերը (կամավոր կամ հարկադիր՝ օրենքով սահմանված կարգով):

Բագրատ Ասատրյանի համար անհասկանալի է, թե ինչու է այսօր այս նախագիծը «հրապարակ հանվում»՝ խրախուսելու համա՞ր միջոցների արտահոսքը բանկերից, թե այլ նպատակներով: «Վտանգավոր, չմտածված և անբովանդակ նախագիծ, որի վտանգները շատ ավելի մեծ են, քան ակնկալվող արդյունքները»,- նշեց Կենտրոնական բանկի նախկին նախագահը։

     Ատոմ Մարգարյան. «ՊԵԿ նախագիծը տեղին է և իրատեսական»

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանի կարծիքով՝ նման նախագծերը միանգամայն տեղին են և իրատեսական են:

«Մեր իրավիճակում գտնվող երկրների համար դա միանգամայն բնական և նորմալ մոտեցում է։ Օրինակ՝ նախկին բնապահպանության նախարարներից մեկը փախած է տասնյակ միլիոնավոր դոլարների կաշառք վերցնելու, յուրացնելու համար։ Այդ մարդը ունի գույք, ակտիվներ։ Հիմա դուք ո՞նց եք պատկերացնում այս իրավիճակի լուծումը։ Դրա համար էլ պետք է ուսումնասիրվի ամեն ինչ։ Եթե մարդը չի ներկայանում քննչական մարմին, միակ ելքը սա է»,- ասում է տնտեսագետը։

Մարգարյանն ընդգծում է՝ եթե մարդն իր կատարած վճարումների, ձեռքբերումների, եկամուտների համար մտահոգվելու առիթ չունի, չպետք է վախենա դրանք ստուգելուց։

Տնտեսագետը կարծում է՝ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց շրջանակ կա, որոնց յուրացրած գումարները տասնյակ միլիարդավոր դոլարների են հասնում, և պետությունը պետք է գնա այդ ակտիվների հետևից։

Այդ իսկ պատճառով Մարգարյանը կարևորում է ՊԵԿ-ի ներկայացրած այս նախագիծը, որով նախկին պաշտոնյաները հաշիվ կտան իրենց եկամուտների մասին, իսկ ներկա պաշտոնյաների համար այն դառնա կանխարգելիչ միջոցառում։

«Ես կարծում եմ՝ ուրիշ տարբերակ չկա, ժամանակը չի սպասում։ Մարդիկ շատ ճկուն են։ Տեսեք՝ մետաղական հանքարդյունաբերության ոլորտի բոլոր ընկերությունները օֆշորում են։ Դուք պատկերացնու՞մ եք, թե ինչ միլիարդների շրջանառություններ են թաքցվել։ Ո՞նց եք պատկերացնում, բա թալանված ընդերքը յուրացրած մարդկանց ո՞նց է ներկայացվելու հաշիվը»,- ընդգծում է տնտեսագետը։

Ատոմ Մարգարյանը չի բացառում, որ նախագիծը կարող է նաև ռիսկեր պարունակել, քանի որ այդ մարդիկ կապիտալ դուրս բերելու կամ թաքցնելու քայլերի կգնան։


Լուսանկարները՝ abkcafirm.com-ի, panorama.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter