Սերժ Սարգսյանն ավարտել է այցը Բելգիա
Նախագահ Սերժ Սարգսյանի Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցն ավարտվել է ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպմամբ:
Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկա վիճակին, եվրաինտեգրման ուղղությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին, ԵՄ օժանդակությամբ իրականացվող և հեռանկարային ծրագրերին, այդ թվում՝ Հայաստանում ձեռնարկված լայնածավալ բարեփոխումների գործընթացին, որը մեր երկիրը, Սերժ Սարգսյանի հավաստմամբ, վճռական է՝ զարգացնելու ԵՄ չափանիշներին համապատասխան:
Շտեֆան Ֆյուլեն նշել է, որ չափազանց տպավորված է այն առաջընթացով, որը կարճ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունն արձանագրել է Արևելյան գործընկերության ծրագրի ներքո իրականացված բարեփոխումներով:
Սերժ Սարգսյանը և Շտեֆան Ֆյուլեն մանրամասն քննարկել են բոլոր ուղղություններով ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարը, այդ թվում՝ ԵՄ Արևելյան գործընկերության նոր գաղափարախոսության հիմքում ընկած «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքը, որը նախատեսում է Եվրամիության կողմից գործընկեր երկրներին ավելի շատ աջակցության տրամադրում՝ ավելի շատ բարեփոխումների դիմաց:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ՝ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, ավարտելով աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն, վերադառնում է Երևան:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել