HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գնդային մարտավարական զորավարժություններ՝ մարտական հրաձգությամբ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում  է, որ զինծառայողների տեսական գիտելիքները գործնականում կիրառելու, հրամանատարական ունակությունների կատարելագործման և մարտի տարբեր ձևերում ստորաբաժանումների գործողությունները ներդաշնակելու նպատակով պաշտպանության բանակում պարբերաբար անց են կացվում տարբեր ծավալների ու բնույթի զորավարժություններ:

Վերոնշյալ և հակառակորդի գործողությունների բնույթից բխող հանգամանքների հաշվառումով էլ ապրիլի 20-23-ը հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի ներգրավմամբ անց է կացվել գնդային մարտավարական զորավարժություն, որի առաջին փուլում, նպատակ ունենալով ստուգել զորամասի մարտական պատրաստականությունն ու դրանց հետ կապված խնդիրների իրականացումը, համապատասխան ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի` պայմանականորեն զբաղեցնելով մարտական կիրառման շրջանները:

Գումարտակներից մեկի ուժեղացված կազմով անցկացված մարտական հրաձգության փուլում, որին, բացի միավորման հրամկազմից, ապրիլի 23-ին հետևել և մասնակիցներին ուսումնամեթոդական ցուցումներ է տվել նաև պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, խաղարկվել են պաշտպանողական ու հարձակողական բնույթի մարտավարական դրվագներ՝ հաշվի առնելով ինչպես ապրիլյան առճակատման օրերին տեղի ունեցած մարտական գործողությունների առանձնահատկությունները, այնպես էլ զորամասի առջև դրված իրական խնդիրները:

Կազմակերպելով զբաղեցրած շրջանի պաշտպանությունը և կասեցնելով մխրճված հակառակորդի հետագա առաջխաղացումը` հրամանատարների կողմից ընդունվել են համապատասխան որոշումներ, որոնք մասնակից անձնակազմի կողմից կյանքի են կոչվել գերազանց մակարդակով: Այնուհետև, վերախմբավորելով ուժերը և ստանալով համապատասխան կրակային աջակցություն` զրահատանկային ուժերի, հրետանու և հակաօդայինների օգնությամբ իրականացվել է հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի խոցում, հակագրոհի կազմակերպում և, օգտագործելով նաև արդիական տեխնիկական միջոցներ ու նորարարական տարբեր լուծումներ, ստորաբաժանումները, լիովին ձախողելով հակառակորդի մտադրությունները, վերականգնել են առաջնագիծն ու  զբաղեցրել շատ ավելի նպաստավոր բնագծեր:

Մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժությունները եզրափակվել են ընդգրկված ստորաբաժանումների հանդիսավոր երթով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter