HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գառնի համայնքի նախկին ղեկավարը ձերբակալվել է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով

Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ  Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում՝ վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության և կադաստրի կոմիտեի համատեղ ուսումնասիրության արդյունքների հիման վրա պետական վերահսկողական ծառայության իրականացրած մշտադիտարկման արդյունքում կազմված տեղեկանքի և կից փաստաթղթերի հիման վրա նյութերի նախապատրաստման  ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կոտայքի մարզի Գառնի համայնքի նախկին ղեկավարը, շահադիտական և անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործելով  ծառայության շահերին հակառակ, որպես համայնքի ղեկավար 2006 թվականի մարտի 31-ին իր կնոջ հետ կնքել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր, որով վերջինս Գառնի համայնքից վարձակալել է համայնքի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության արոտավայր հանդիսացող 0.14 հա մակերեսով հողատարածքը՝  25 տարի ժամկետով՝ տարեկան 3.000 դրամ վարձավճարով: Դրանից կարճ ժամանակ անց՝ 2006 թվականի ապրիլի 18-ին՝ 10 տարի ժամկետով  կնքված ենթավարձակալության պայմանագրով կինը նշված հողատարածքից 0.02 հա  մակերեսով հողատարածքն ամսական 40.000 դրամ վարձավճարով հանձնել է ՓԲԸ-ի՝ ենթավարձակալության։ Դրանից հետո՝ 2010 թվականի մայիսի 24-ին, վերջինս իր վարձակալած հողատարածքից 0.0139 հա  մակերեսով հողատարածքն ամսական 70.000 դրամ վարձավճարով հանձնել է ենթավարձակալության մեկ այլ ՓԲԸ-ի։
        Նշված «արոտավայր» նշանակության հողատարածքում տեղադրվել են ալեհավաք կայաններ։ Այսինքն՝ նշված ժամանակահատվածում  ենթավարձակալների կողմից  վարձակալին ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 15.530.000 ՀՀ դրամ գումար, և Կոտայքի մարզի Գառնի համայնք չի վճարվել ընդհանուր առմամբ 13.977.000 դրամ գումար՝ համայնքի համար առաջացնելով ծանր հետևանքներ։
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասի հատկանիշներով:

2020թ. ապրիլի 23-ին Գառնի համայնքի նախկին ղեկավարը ձերբակալվել է, ով պարտավորվել է 4.500.000 ՀՀ դրամ գումար վճարել, իսկ մնացած գումարը՝ երկու ամսվա ընթացքում, ինչպես նաև՝ որոշում է կայացվել՝ վերջինիս կնոջ նկատմամբ ստորագրությունը չհեռանալու մասին որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter