
Իմ տորթը քո շամպայնին վնաս չէ. ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի մարտի 8-ի մրցավազքը
Արմավիրի մարզի դպրոցներում եւ այլ կառույցներում այսօր առավոտվանից եռուզեռ էր: ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի ավտոմեքենաները, մեկը մյուսին հաջորդելով, քաղցրավենիք ու ոգելից խմիչք էին տանում դպրոցներ ու մանկապարտեզներ: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանի անունից, որպես մարտի 8-ի նվեր, դպրոցներին բաժանվում էին տորթեր, իսկ ՀՀԿ-ի անունից՝ տորթ եւ շամպայն:
Սակայն կանանց տոնն էլ անմասն չմնաց կուսակցական պիտակավորումից եւ քաղաքական PR-ից: Դպրոցների մեծ մասի հանրապետական տնօրենները ԲՀԿ-ի նվեր տորթը չեն ընդունել, փոխարենը «խորին երախտագիտությամբ» վերցրել են ՀՀԿ-ի անունից ուղղարկված տորթն ու շամպայնը:
Ըստ լուրերի՝ Արմավիր քաղաքի թիվ 6 դպրոցի հանրապետական տնօրեն Հասմիկ Գասպարյանն այսօր հետ է ուղարկել Ռուստամ Գասպարյանի ուղղարկած տորթը` ասելով, թե ԲՀԿ-ից իրեն ոչինչ պետք չէ, սակայն խոսակցություններ տարածվեցին, որ Հասմիկ Գասպարյանն ընդունել է ՀՀԿ-ի նվերը: Տնօրենի հետ զրուցել չհաջողվեց: Նրա բջջային հեռախոսն անհասանելի էր:
Նույն կերպ են վարվել նաեւ մարզի Բաղրամյանի տարածաշրջանի շատ դպրոցի տնօրեններ: Խոսակցություններ կան, որ Արմավիրի ՀՀԿ-ական մարզպետ Աշոտ Ղահրամանյանը եւս կանանց համար հյուրասիրություն է նախատեսել, իհարկե՝ ՀՀԿ-ի անունից:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել