HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Ինչպես նախկին պատգամավոր Գագիկ Մխեյանը տիրացավ ուրիշի ավտոտնակին

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գագիկ Մխեյանին հաջողվել է տիրանալ Երևանի կենտրոնում այլ անձի պատկանող ավտոտնակի։ Այդ գործարքը Մխեյանն իրագործել է Կադաստրի կոմիտեի և Երևանի քաղաքապետարանի անուշադրության կամ դիտավորության արդյունքում։ Ավտոտնակի իրական տերը ամիսներ շարունակ մի գերատեսչությունից մյուսն է գնում, իրավապահ մարմինների դռներն է թակում, վարչապետին նամակ է գրում, բայց ոչ մի կերպ չի կարողանում թղթերով իրենից խլված ավտոտնակը նախկին պատգամավորից հետ ստանալ։

Երևանի Բաղրամյան պողոտայի սկզբնամասում՝ Գրողների տան հարևանությամբ է գտնվում կենտրոնի բնակիչ Աշոտ Բաղդասարյանի ավտոտնակը։ Այն իրեն է փոխանցվել հորից։ Հայրն էլ 1981 թ.-ին Հայկական ՍՍՀ Երևան քաղաքի 26 կոմիսարների անվան շրջսովետի գործկոմի բնակֆոնդի շահագործման և պահպանման վարչության թույլտվությամբ էր ավտոտնակը ձեռք բերել՝ փոխանակման արդյունքում։ Հոր մահից հետո` 2013 թ.-ին, ավտոտնակը հաշվառվել է Աշոտ Բաղդասարյանի անունով։ 2019 թ.-ի նոյեմբերին Աշոտը տեղեկանում է, որ իր ավտոտնակը վաճառվում է, վաճառողն էլ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, երբեմնի ՕԵԿ–ական Գագիկ Մխեյանն է։

Մութ գործարք` Կադաստրում

Գագիկ Մխեյանը Բաղրամյան 1 շենքի հարևանությամ 2003 թ.-ին գնել է ավտոնակ, որը Աշոտ Բաղդասարյանի ավտոտնակից մի քանի մետր այն կողմ է եղել։ Մխեյանն այդ ավտոտնակը ձեռք է բերել այլ անձից և 2013 թ.-ին Կադաստրում գրանցվել է հողի վարձակալության իր իրավունքը։ Նախկին պատգամավորը 2015 թ.-ին այդ 16․5 քմ ավտոտնակի հողի վարձակալության վճարները պատշաճ չի կատարել, որի համար Երևանի քաղաքապետարանը դատարան է դիմել և ընդդեմ Մխեյանի վճիռ է ստացել։ Այդ ավտոտնակը քարից և երկաթբետոնե կոնստրուկցիաներց է կազմված եղել։ Մխեյանին երբեմնի պատկանած ավտոտնակն ու ուրիշ այլ ավտոնակներ տարիներ առաջ դատարանի վճռով քանդվել են, այսօր տեղում եռահարկ շինություն կա։ Այսինքն` Մխեյանին պատկանած ավտոտնակը վաղուց գոյություն չունի։

2019 թ.-ի փետրվարին Գագիկ Մխեյանը դիմում է գրում Կադաստրի կոմիտեում և խնդրում է՝ իր գոյություն չունեցող ավտոտնակի փաստաթղթերում (Կադաստրի գործում) ուղղում կատարել։ Կադաստրի աշխատակից Սլավիկ Ժամկոցյանը Աշոտ Բաղդասարյանին պատկանող ավտոտնակի կադաստրային ծածկագիրը վերցնում և դնում է Գագիկ Մխեյանին ժամանակին պատկանած, սակայն այլեւս գոյություն չունեցող ավտոտնակի փաստաթղթերի տակ։ Այդ, այսպես կոչված, «սխալի ուղղման» արդյունքում Աշոտ Բաղդասարյանը զրկվում է իր ավտոտնակից, իսկ Գագիկ Մխեյանը դառնում է ավտոտնակի տեր։

Այդ «սխալի ուղղման» փաստաթղթի հիման վրա Մխեյանին հաջողվում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ստորագրած որոշումը ստանալ` հողի վարձակալության ժամկետի երկարացման և հասցե տրամադրելու։ Հայկ Մարությանի որոշումը ստանալուց հետո Մխեյանը կրկին գնում է Կադաստր և Աշոտ Բաղդասարյանի ավտոտնակի նկատմամբ գրանցում իր սեփականության իրավունքը, իսկ ավտոտնակի հողի նկատմամբ՝ վարձակալության իրավունք։

Գագիկ Մխեյանին ժամանակին պատկանած և գոյություն չունեցող ավտոտնակը ունեցել է երկաթբետոնե հիմք` 14.3 քմ մակերեսով, քարե կոնստրուկցիա, իսկ Աշոտ Բաղդասարյանինը՝ երկաթյա, 16,5 քմ։ Ավելին, մինչ օրս ավտոտնակի մեջ կանգնած է Բաղդասարյանի հանգուցյալ հորը պատկանած «Ժիգուլին»՝ փոշին վրան։

Կադաստրը ձեռքերը լվանում է, իրավապահները չեն խորանում

Աշոտ Բաղդասրյանն իր ավտոտնակի նոր տիրոջ մասին անակնկալ իմանում է նախորդ տարվա նոյեմբերին։ Դիմում է Կադաստրի կոմիտե, Երևանի քաղաքապետարան, Կենտրոնի թաղապետարան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին։ Զուգահեռաբար դիմում է դատարան, և արգելանք է դրվում ավտոտնակի վրա, որպեսզի Գագիկ Մխեյանը հանկարծ այն այլ անձի չվաճառի։ Մի քանի ամիս ապարդյուն նամակագրություններից հետո Աշոտ Բաղդասարյանը հաղորդում է ներկայացնում Գլխավոր դատախազություն, այնտեղից ուղարկում են ոստիկանություն, ոստիկանությունում էլ քրեական գործի հարուցումը մերժվում է։ Մերժման վերաբերյալ բողոք է ներկայացրել Գլխավոր դատախազություն, դեռ սպասում է։

Այս պատմության հիմնական պատասխանատու Կադաստրի կոմիտեից Աշոտ Բաղդասարյանը մի քանի անգամ պատասխան է ստացել։ Դրանցից մեկով Բաղդասարյանին հայտնել են, որ կադաստրային գործում սխալի ուղղում կարող է կատարվել գույքի նկատմամբ իրավունք ունեցող անձի դիմումով կամ դատական կարգով։ Այսինքն` Կադաստրի կոմիտեում «սխալի ուղղման» անվան տակ քաղաքացուն զրկել են իր սեփականությունից և այն վերականգնելու համար նրան առաջարկում են դիմել դատարան։

Գագիկ Մխեյանը փաստաթղթերը դատարանում կներկայացնի

Փորձեցինք պարզաբանում ստանալ Գագիկ Մխեյանից։ Ներկայացնում ենք նրա հետ ունեցած մեր հարցուպատասխանը։

–Պարոն Մխեյան, ի՞նչ ավտոտնակի պատմություն է։

–Ի՞նչ պատմության մասին է խոսքը։ Ես ունեմ համապատասխան օրինական փաստաթղթեր, որը կներկայացնեմ։ Քաղաքացին դիմել է դատարան, ես կներկայացնեմ փաստաթղթերը համապատասխան դատարան։ Այդքան բան կարող եմ ասել։

–Պարոն Մխեյան, դուք պնդո՞ւմ եք, որ երկաթյա ավտոտնակը ձեր այն ավտոտնակն է, որը գնել եք 2003 թ.-ին։

–Գիտեք ոնց է, ես ունեմ համապատասխան փաստաթղթեր։ Կադաստրով, ամեն ինչով դուք կարող եք հետաքրքրվել և տեսնել, որ ամեն ինչով, քարտեզագրումով դրանք համապատասխանում են իրականությանը։ Մնացածը ես կներկայացնեմ դատարանում։ Այսքան բան, ուրիշ բան չունեմ ասելու։

–Դուք վստա՞հ եք, որ ամեն ինչ օրինական է ձեզ մոտ։

–Գիտեք ինչ կա` դատարանը կորոշի։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանություններ (2)

Արամ
Եթե դուք ճիշտ եք ներկայացրեք Ձեր փաստերը Պարոն Մխեյան ։ Չէ որ ըստ առաջին հայացքից դա Ձեզ չի պատկանում ։ Եվ ի վերջո այդտեղ հարսանիքներ են եղել ։Մարդիկ կարող են ապացուցել ու տեղ որ քանդվել նաև նկարահանումներ եղացած կլինեն ։
Հրաչյա Հովհաննիսյան
Ակնհայտ է , որ նախկին պատգամավորը ապօրինի տիրացել է քաղաքացու սեփականությանը, սակայն ապօրինությունը հնարավոր էր եղել իրականացնել կադաստրի աշխատակցի հանցավոր գործունեության և ոստիկանության հանցավոր անգործության հետևանքով : Այսպիսով՝ բացահայտվել է պետական համակարգում հանցավոր շխթայի օղակ, որը գործել է ընդդեմ Հայայստանի < հպարտ > քաղաքացու ունեզրկելով վերջինիս: Հետաքրքիր է ինչպես կպահի իրեն դատարանը, որը քաղաքացու վերջին հույսն է: Այս դեպըքը միակը չէ , կան նմանատիպ բազմաթիվ այսպիսի դեպքեր և բոլոր նրանք ովքեր տուժել են պետական ապարատի ապօրիություններից պետք է իրենց ձայնը բարձրացնեն և տեր կանգնեն իրենց իրավունքներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter