HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Եթե էս պետությունը մե ընտանիքիմ հարց չի կրնա լուծե, էս պետության հալն ի՞նչ բդի էղնի»,- հարցնում է առափեցի Ռուստամ Պողոսյանը (վիդեո)

Որ սարը մի օր փլվելու էր տան վրա, Պողոսյանների մտքով երբեք չէր անցել: 32 տարի առաջ Շիրակի մարզի Առափի գյուղում նոր տուն կառուցելու համար դիմել էին կոլտնտեսության նախագահին ու արված հողահատկացումից դժգոհ չէին:

Բարձրադիր մասում էր: Ճիշտ է, թիկունքում բարձրացող սարի թեք լանջերից հոսող ձնհալի ու անձրեւաջրերի հետեւանք խոնավության` տուն թափանցելու հեռանկարը կար, բայց կանխարգելման ձեւն էլ էին գտել: Պողոսյաններն ու այդ հատվածում տներ կառուցած առափեցի մի քանի այլ ընտանիքներ մեկ մետր բարձրությամբ քարե պատնեշով ամրացրել էին բլրի հողե կտրվածքի շերտը:

 Ռուստամ Պողոսյանն ասում է, որ իրենք մշտապես տան հետնամասում փոքր քանակությամբ թափվող հողը մաքրել-հեռացրել են: «Սողանքի վտանգ, որպես էդպիսին, ինչքան հիշում եմ, գյուղում միշտ եղել է,- ասում է Ռուստամ Պողոսյանը,- գյուղի սկզբի տներից մեկը դեռ խորհրդային տարիներին սողանքի հետեւանքով մեջտեղից կիսվել էր: Իսկ էս հատվածը, որտեղ իմ հերս 1979-ից սկսեց տունը սարքել, երբեք սողանքային գոտի չի համարվել»:

Այդպես մտածում էին մինչեւ 2011 թ. փետրվարը: Պողոսյանների հարսը` Արմինե Հովհաննիսյանը, պատմեց, որ այս տարվա հունվարին գյուղ էին եկել Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները: Եկան, իրենց տան հետեւում ինչ-որ չափումներ արեցին ու գնալուց առաջ հայտարարեցին, որ սարի տակ կառուցված մի քանի տներ վտանգված են: Երբ սկսվի հալոցքի ու անձրեւների շրջանը, ակտիվանալու է նորահայտ սողանքի գոտին, ու մի օր այդ չարաբաստիկ սարը «տակովն է անելու» տները:

Իրենց զգուշացրել էին տեղափոխվել, իսկ թե ուր կամ ինչ տարբերակով` որեւէ մեկն այդ հարցին չէր պատասխանել: Գյուղում 120 տուն ենթակա է քանդման: Մարդիկ ապրում են բազմաթիվ ու բազմապիսի ճեղքվածքներով «զարդարված» պատերով տներում: Առափիում չի թույլատրվում նոր տների կառուցումը: Բնակֆոնդն անմխիթար վիճակում է: Գյուղի ներքեւի հատվածում կառուցված տներն անմիջապես ողողվում են, հենց բարձրանում է Արփա գետի մակարդակը, վերեւում կառուցված տներին էլ սողանքն է սպառնում: Վաղուց խոսակցություններ էին պտտվում, որ 100-120 ընտանիք տեղահանվելու է Առափի գյուղից: Բնականաբար, Պողոսյանների համար նոր տան կառուցման գաղափարը պիտի մղվեր հետին պլան:

 Մտածելով, որ խնդրին կարող են լուծում տալ միայն «վերեւներից», Պողոսյանները հունվարի 17-ին նամակով դիմել են վարչապետին: Ռուստամի տղան` Հակոբը, բացատրում է, որ այդ ժամանակ, այսինքն` մասնագետների ուսումնասիրությունից ու զգուշացումներից հետո, իրենք չեն ուզել ամեն ինչ «ականջի հետեւ» գցել: «Որոշեցինք քանի դեռ փորձանք չի եկել գլխներիս, դիմենք կառավարությանը,- պատմում է Հակոբը,- գյուղապետը տուն չէր կրնա տա, ոչ էլ` փոխհատուցում: Մենք էլ գնալու տեղ չունեինք: Մտածեցինք` դիմենք վարչապետին, կարող ա մի բան արվի պետական մակարդակով»:

Պողոսյանների նամակի պատասխանը ստացվել է քաղաքաշինության նախարարությունից: Նախարարի տեղակալ Ա. Հակոբյանի մակագրությամբ փետրվարի 23-ին ստացված նամակից Պողոսյանները տեղեկացել են, որ 2011 թ. պետական բյուջեում հակասողանքային ինժեներապաշտպան միջոցների իրականացման համար գումարներ նախատեսված չեն, եւ որ Առափի գյուղի տարածքում հակասողանքային միջոցառումների ծրագիր նախարարության կողմից կներկայացվի միայն 2012-2014 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հայտի 2012 թ. չափաքանակներով:

«Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից առաջարկվել է Շիրակի մարզպետին Առափի գյուղի համայնքապետի հետ համատեղ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ սողանքի ազդեցության վտանգավոր գոտու բնակիչների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, մինչեւ խնդրի հիմնովին լուծումը»: Նախարարի տեղակալի պատասխան-նամակի եզրափակիչ այս հատվածը սկզբում լավատեսություն է ներշնչել Պողոսյաններին` մտածել տալով, թե գուցե մինչեւ փորձանքի գալն, իրոք, խնդրին լուծում տրվի: Հետագայում պիտի համոզվեին, որ զուր հույսեր են փայփայել:

Հակոբն ու Արմինեն եւս մեկ անգամ վերապրում են մարտի 22-ի լույս 23-ին կատարվածի անախորժ դրվագները: Թե ինչպես են արթնացել ճմահողի ու խոնավության սուր հոտից, շտապել երեխաների ննջասենյակ, փորձել արագ կարգով դուրս բերել նրանց բակ: Քանի որ լույսը դեռ բացված չի եղել, լավ չեն հասկացել կատարվածը: Անմիջապես շտապել են հոսանքազրկել ու գազազրկել տունը: Փորձել են իրերը դուրս տանել: Երբ մեկ ժամից լույսը բացվել է, ավելի շուտ սարսափել են ոչ թե տեսածից, այլ այն մտքից, թե ինչ կպատահեր, եթե ժամանակին չարթնանային, կամ ճնշումն ավելի մեծ լիներ:

«Հենց էդ օրը անմիջապես սաղ տեղերից եկան, Արտակարգ իրավիճակներից էլ եկան, սեյսմիկից էլ եկան: Ընձի սեյսմիկի աշխատողն ըսավ, թե` Ռուստամ, էս սարն ինչխոր ռակ էղնի, ճյուղավորված ռակ: Կոֆեն օր կդնես գազին, ինչխ, եթե աչքդ մե պահըմ թեքեցիր, կելնի կթափի, ըդպես էս սարը, կրնա ցանկացած պահի ամբողջությամբ փլվի տան վրա»,- պատկերավոր բացատրում է ընտանիքի ավագը` Ռուստամ Պողոսյանը:- Էս մեր պետությունը մենակ էն վախտ տեղից կշարժվի, երբ օր, հեռի տնից, մարդ կմեռնի: Հմի ի՞նչ, մենք էլ մեռնեինք, օր մեզի տեր էղնեի՞ն»:

 Միայն կատարվածից հետո են մարզային իշխանությունները Պողոսյաններին առաջարկել վարձով բնակարան գտնել եւ տեղափոխվել` խոստանալով լուծել բնակվարձի խնդիրը: «Իրանց մտքինն էն է, որ էդ սարը մաքրեն, հեռեցնեն ու գուզեն, օր մենք էլ նորից գանք էդ տան մեջն ապրինք, ըդուր համար էլ կըսեն` գնացեք վարձով ապրեք,- տարակուսում է Արմինեն,- բայց դա անհնար է: Տան մեծ մասն արդեն խոնավությունից քայքայվել է»: «Հետո, եթե իրանք կըսեն, թե մի թեթեւ շարժ, ու էս սարը փուլ գուկա, էդ դեպքում իրանք ի՞նչ ձեւով գուզեն էդտեղ տեխնիկա աշխատցնեն, բա որ էդ խեղճ տրակտորիստը տուժե: Թե՞ անպայման բդի մարդ մեռնի, օր իրանք հասկնան վտանգը»,- հարցնում է Հակոբ Պողոսյանը:

Տան արեւմտյան պատն ամբողջությամբ փակված է ներքեւ սահած հողի մի մեծ շերտով: Այդ հատվածում գտնվող երեք ննջասենյակների պատուհանները հողի ծանրությունից տեղահանվել են: Պատերը դեռ դիմադրում են, սակայն մի օր հաստատ փլվելու են օր-օրի ավելացող խոնավությունից ու հողի ճնշող ծանրությունից: 3-4 օր առաջ մի մեծ ճիմահող սահել-հայտնվել է ննջասենյակներից մեկում: Հակոբն ասում է, որ վախենում են որեւէ բանի ձեռք տալ: Արդեն 2 ամիս է` միակ բանը, որ անում են, ամեն առավոտ գալիս են` տեսնելու, թե ինչ նոր փլուզում է արձանագրվել:

«Ով քաղաք ընձի կտեսնի, կհարցնե` էհ Ռուստամ, բանմ տվի՞ն... ո՞վ տա, ըշտը կերթան, կուտեն-կխմեն, ո՞վ բդի բանմ տա,- դժգոհում է Ռուստամ Պողոսյանը,- իմ միակ ցանկությունս էն է, որ մեզի մե օթեւանմ տան կամ փող, ես տուն առնիմ, երեխեքիս, թոռներիս վերցնեմ, էրթանք ապրինք: Թե չէ արդեն 2 ամիս է` կեսս մե բարեկամի տունը կապրինք, մյուս կեսս` մյուս բարեկամի տունը: Բայց մինչեւ ե՞րբ: Մինչեւ յա էշը սատկի, յա իշատե՞րը: Ըբը ըսիկ էղավ մարդկությու՞ն: Եթե էս պետությունը մե ընտանիքիմ հարց չի կրնա լուծե, էս պետության հալն ի՞նչ բդի էղնի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter