HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ճիշտ» արարողակարգից անդին

Մարինե Կարոյան

«ԱՐէ» կատարողական արվեստների փառատոնի ղեկավար

Նամակ վերապրածների զավակից

Սիրելի՜ պետություն, ի՛մ Հայաստան, Սա նամակ է քո այն մարմնավորմանը, որին այդքան կարոտ են եղել Եղեռնը վերապրած մեծ տատերս ու պապերս, ու հետո նաև նրանց սերունդները: Դա այն մարմնավորումն է, որի մասին ասում ու համոզում էին տասնամյակներ, ու տատերիս ու պապերիս մնում էր միայն երևակայել դրանք, երազել կոլեկտիվ ուժով՝ որպես գործընթաց ու պրակտիկա, երևակայության մեջ պատկերացնել ու, մի տեսակ, հավատալ, թե դա իրականություն է:

Եղեռնից մազապուրծ ու Հայրենիք վերադարձած՝ 1965-ից սկսած նրանք արդեն չէին էլ երևակայում: Դա ավելորդ շքեղություն էր: Եղեռնի հուշարձան կերտած պետությունը նրանց համոզել էր, որ պետք է միայն հավատալ:

Հավատում էին, որ հզոր պետություն ունեն, որն ինքը կերևակայի ու կասի, թե ինչ պետք է անել: Ու պատրաստ էին անել դա: Դա հնգամյակներով պլանավորված, (ավելի հաճախ հնգամյակը՝ չորս տարում ավարտող), իսկ 1991-ից սկսած, ընդհանրապես չպլանավորված պետության «Ճիշտ վերաբերմունքն» էր դեպի իր քաղաքացին, նրա հիշողության մրմուռն ու դրա «պրոտոկոլը»:

Իմ գիտակից կյանքը սկսվել է Եղեռնի Զոհերի Հուշարձանի ներկայությամբ: Ամեն տարի ապրիլի 24-ին ավելի ու ավելի մարդաշատ դարձող այդ կոլեկտիվ դարդի տարածքը, սակայն, ինձ համար հանրային մի տարածք էր, որ ստեղծվել էր պետության կողմից ու օգտագործվում էր պետության համար:

Ամեն ապրիլի 24-ին տատս հագնում էր իր սև շորերը, ձեռքը վերցնում բակից քաղած յասամանի մի մեծ փունջ, գրպանը դնում սպիտակ մի թաշկինակ, ու գնում իր անցավորների «գերեզմանին»: Գերեզման գնալն էլ էր արարողակարգ: Ինքն ու իր նման վերապրածներն այն ֆոնն էին, որն ակնառու պիտի դարձներ այդ օրը «ճիշտ կազմակերպելու», «ճիշտ հոգ տանելու» ու մյուս «ճիշտ» բաների պետության զառանցանքը:

Այդ ապրիլքսանչորսյան պետական մեգալոմանիակալ «արարողակարգը» ոչ մի կերպ չէր կապվում տատիս բազմասերիանոց ֆիլմ հիշեցնող հիշողությունների, մռմռացող եղանակների ու թրքերեն բառերի հետ: Այստեղ տատս չկար: Ու հետո, նույնիսկ տարիներ անց, մարդկային հոսքի գեղեցիկ հագուստների ու համընդհանուր աղմուկի մեջ, մենք էլ չկայինք:

Պետության «արարողակարգի» ու այդ պետության մեջ ապրող մարդու կսկծի միջև ոչ մի սոլիդարության նշույլ: Եվ ահա, ևս մի փորձանք ՝ Թագաժահրը: Այս անգամ նույնիսկ մեր միջև սոլիդարությունը չափվեց «ճիշտ կանոնների» պահպանմամբ, մետրերով չափվող «ճիշտ վարվելակերպով» ու հավաստիացումներով, որ իրարից հեռու մնալը նույնպես կարող է միմյանց նկատմամբ հոգատարության տեսակ լինել:

Եվ մինչ ստիպված ենք ապրել այս «Ճիշտ կանոններով», մեզ սկսում է թվալ որ ֆիզիկական հոգատարությունը միմյանց, կենդանիների, բույսերի, հոտերի ու գույների նկատմամբ, վերջիվերջո չլվացված ձեռքերով իրար գրկելու, ու դրանով իսկ հոգատարություն ցուցաբերելու մեր բոլոր ցանկությունները արմատապես փլուզվում են անորոշ ժամանակով: «Ճիշտ կանոնները» հառնեցին ուրիշ դեմքով: Հետո գալիս է ապրիլի 24-ը: Չէ, ապրիլի 23-ի երեկոն: Մեկ էլ տեսնում ես, ի՞նչ:

Երկմետրանոց հեռավորության, ձեռնոցների ու դիմակների այս ժամանակաշրջանում քո ու քո պետության հեռավորությունը կրճատվել, դարձել է մի լուսե մոմ, որ երկինք հառնած ողբում է 105-ամյա զոհերին: Տեսնում ես, որ այդ նույն պետությունը կիսել է օրվա խորհրդին մասնակից լինելու քո իղձը, քո այնտեղ լինելու ներկայությունը ապահովել՝ առանց քեզ անհանգստացնելու:

Տեսնում ես, որ այդ նույն պետությունը տարբեր դեմքեր ունի: Նա ընկերդ է, հարազատդ է, քո մասին հոգացողն է: Հոգալ, հոգ տանել: Ուրեմն համաճարակ պիտի լիներ, որ զգայինք, թե որքան բերկրանք կա աշխատելու, այդ աշխատանքի արդյունքը տարբեր ձևերով տարածելու, կիսելու ու, դրանով իսկ, համագործակցային պրակտիկա ձևավորելու մեջ, որքան բերկրանք կա այդ ճիշտ, թվայնացված պրոտոկոլը փոխելու ու անփոփոխ մեծամտությունը անտարբերությունից տարբերելու մեջ:

Ուրեմն համաճարակ պիտի լիներ, որ ակնհայտ դառնար միմյանց նկատմամբ հոգածություն ցուցաբերելու անսահման հնարավորությունների ու դրա ժլատ իրականության բախումը: Պիտի սա գար, որ տարբերեինք կողքինին սիրելու վիրտուալ դրսևորումն ու զուսպ արցունքներ բերող մարդկայնությունը:

Ուրեմն համաճարակ պիտի լիներ, որ ապրիլքսանչորսյան երկինքը երկրին մոտեցնող լույս-մոմերի ներքո, մանկահասակ սառած ձեռքերի, բերանից դուրս եկող գոլորշիների, Հավուն-Հավունի ու Անտունու, առնվազն մեկ ամիս տներում փակված ու փորձ չարած պրոֆեսիոնալ երաժիշտների չթվայնացված, չմաքրված, մարդկային կերկերուն ինտոնացիաներով անմեղ զոհերի հետ ուղիղ, «պռոտոկոլից» դուրս մտերմիկ խոսող ու մարդկային նվիրվածության այսպիսի հուզիչ դրսևորմանն արժանանայինք: Տատերս շատ կսիրեին:

Հիմա ես գիտեմ, որ մեր երևակայությունը ոչ մի արգելք չունի: Դա մի տարածք է, որ անսպասելի, հարուստ, սպոնտան, բայց հոգացող աշխարհի դուռը կարող է բացել: Չմոռանանք այս պահը: Տատերս շատ կսիրեին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter