
Բանտում չի կարելի ստեղծել բնության անկյուն
Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
Զարմանալի է, թե ինչպես մոլորակի տարբեր տեղերում մարդկանց մտքերը և պատկերացումները կարող են համընկնել միևնույն ժամանակ բազմաթիվ հարցերում: Օրեր առաջ հեռուստացույցով ծանոթացա Ժակ Ֆռեսկոյի և նրա գաղափարական ընկեր`Ռոքսանա Մեդոուզի հետ: Ապշած էի, երբ լսում էի նրանց հոգեհարազատ մտքերը: Հետո իմացա, որ դեռ 1995 թվականին ստեղծել են «Վեներա» նախագիծը և սկսել կյանքի կոչել: Նրանք համոզված են, որ փող հասկացությունը պետք է վերանա, որ մարդկանց հասարակությունը այլ մոդելով է լինելու, ինչպես նաև մեր քաղաքակրթությունից վերանալու են բանտերը… իսկ մինչ այդ…
Արտակարգ դրությունը շարունակվում է, սակայն մարդիկ, ինչպես բոլոր կենդանի արարածները, հարմարվում են նոր իրավիճակին, կամ այն ձևափոխում` հարմարեցնելով սեփական կարիքներին և նպատակներին… բանտում նույնպես կյանքը շարունակվում է: Ներկայումս ամեն օր 3 ժամով զբոսանքի եմ գնում: Ճիշտ է` նույն խցային պայմաններն են` չկա ոչ խոտածածկ, ոչ ծառ կամ ծաղիկներ, իսկ սլյուդայից տանիքը թույլ չի տալիս արևի ճառագայթների լիարժեք թափանցում: Ես էլ որոշել եմ զբոսանքի ժամանակ հետս վերցնել անհրաժեշտ պարագաները և զբաղվել կավագործությամբ նաև այդ 3 ժամվա ընթացքում, որտեղ օդը համեմատած մաքուր է:
Օրեր առաջ պայմանագիր ստորագրեցի «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հետ: Կավից աշխատանքներս այլ դատապարտյալների ստեղծագործական աշխատանքների հետ միասին հիմնադրամը ներկայացնելու է իրենց խանութ-սրահում: Առհասարակ դատապարտյալների աշխատանքը առանցքային պետք է լինի: Քրեակատարողական համակարգը պետք է ստեղծի բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի ազատազրկման վայրերում մարդիկ օգտակար և արդյունավետ անցկացնեն ժամանակը: Անձամբ ինձ կավանյութը, ներկերը փոխանցում է կինս: Պարտաստածս աշխատանքները թրծելու հարցում օգնում են մեր արվեստագետ ընկերները: Ահա իմ նոր աշխատանքներից:
Մի քանի ամիս առաջ դիմել էի բանտի վարչակազմին, ցանկություն հայտնել սենյակային բույսեր աճեցնել, ծիտիկներ պահել, ինչպես նաև թեկուզ փոքր` խաղալիքատիպ դաշնամուր ունենալ: Դպրոցական տարիքում շուրջ 5 տարի այցելել եմ դաշնամուրի դասերի ու միշտ ցանկացել եմ վերհիշել, շարունակել նվագել: Ինչ վերաբերում է բնության հետ գոնե այդ կերպ շփվելուն, ապա համոզված եմ, պարզ ցանկություն է, ավելին` անհրաժեշտություն է բնության հետ շփվելը: Պատկերացնու՞մ եք` 2 տասնամյակից ավելի մենք` ցմահ ազատազրկվածներս չենք տեսնում բաց երկինքը`միայն քառապատ ճաղերի ետևից, 20-25 տարի չենք տեսնում, չենք դիպչում կանաչ խոտի, ծառի, չեն թույլատրում նվագել երաժշտական գործիքներ: Ավելի քան համոզված եմ` նման կերպ և այդչափ երկար մարդկանց պատժելը չի հետապնդում ոչ մի իրավաչափ նպատակ: Սա ամրագրվել է ՀՀ կառավարության կողմից դեռ 2006 թվականին և հակասում է միջազգային կարգավորումներին` բանտարկյաների պահման նվազագույն կանոնների հետ կապված: Փաստորեն, ՀՀ կառավարության որոշման համաձայն, այստեղ՝ բանտում չի կարելի ստեղծել կենդանի բնության անկյուն:
Ակամա նորից հիշում եմ Ժակ Ֆռեսկոյի ապագա քաղաքների նախագծերը, որոնք նա կյանքի է կոչել «Վեներա» նախագծի շրջանակներում` կառուցելով փոքրիկ քաղաք Ֆլորիդայում, որտեղ մարդիկ կենդանիների հետ միասին համերաշխ ապրում են կանաչապատ տարածքում: Հաղորդման մեջ, որը օրերս դիտում էի հեռուստացույցով, Ժակը մի քանի անգամ անդրադառնում էր բանտերի անիմաստությանը և համոզված է, որ դրանք ստեղծվել են փողի իշխանությունը հաստատելու և պահելու համար, ինչպես նաև առհասարակ ողջ դատաիրավական համակարգը, որը սպասարկում է փոքրաթիվ քրեաօլիգարխիկ բանկային համակարգի տերերին: Վերջիններս, ըստ Ֆռեսկոյի, ձևավորում են նաև իրենց շահերը սպասարկող քաղաքական իշխանություններին: Նա համոզված է, որ մոլորակի վրա ոչ մի երկրում չկա ոչ մի դեմոկրատիա, այդ ամենը խաբկանք է, պոպուլիստական լոզունգներ և ոչ ավելին: Ըստ Ֆռեսկոյի, քանի դեռ կա փողի իշխանությունը, քաղաքական իշխանությունները այս կամ այն կերպ վաճառվում են…
Ժակ Ֆռեսկոն առաջարկում է և սեփական ջանքերով կառուցած փոքրիկ քաղաքի օրինակով ցույց տալիս, որ հնարավոր է քաղաքակրթության այլ մոդել, որտեղ չի լինի աղքատություն, հանցագործություններ և անարդարություններ: Անձամբ ինձ շատ հետաքրքրեց «Վեներա» նախագիծը, քանի որ անասելի համահունչ է իմ պատկերացումներին և աշխարհայացքին: Խնդրել եմ, որ հնարավորինս շատ նյութեր ուղարկեն ինձ այս մասին: Գիտեմ նաև, որ Ֆռեսկոյի և Մեդոուզի գաղափարները ոմանք համարում են ուտոպիստական, սակայն նոր ապագային հակազդողները հաստատ բանկիրներ են կամ նմանատիպ այլ սպիտակօձիքավորներ, իսկ սովորական քաղաքացիները, ցավոք, սովորաբար փողի իշխանության զոհերն են և ներշնչված են, թե իբր ոչինչ փոխել հնարավոր չէ: Ես համոզված եմ հակառակում, միայն թե հարկավոր է գործել, որքան էլ ժամանակ և ջանք պահանջվի: Աստված մարդուն ստեղծել է այնպես, որ մենք մշտապես կատարելագործվում ենք ու փոխում աշխարհը:
Մեկնաբանել