HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սեդա Սաֆարյանի դստեր ընտանիքի հետ տեղի ունեցած միջադեպի գործով երեք անձ ոստիկանությունում է

Փաստաբան Սեդա Սաֆարյանի դստեր ընտանիքի հետ տեղի ունեցած միջադեպի գործով երեք անձ այս պահին ոստիկանությունում է։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Սեդա Սաֆարյանը։

Այսօր առավոտյան փաստաբանն ահազանգել է այն մասին, որ ապրիլի 24-ի ուշ երեկոյան Երևանի Մուշ թաղամասում, որտեղ դստեր տունն է գտնվում, ծեծի են ենթարկել իր դստերը, փեսային, վերջինիս քրոջը, մորն ու հորը։

Փաստաբանը մանրամասնեց, որ ուշ երեկոյան  դստեր տան մոտով անցնող անձինք հայհոյանքներ են հնչեցրել։

«Իրենց դարպասից փոքր ինչ այն կողմ 5-6  հոգով բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցրել, փեսաս դուրս է եկել ու ասել, որ այստեղ ապրողներ կան, ինչո՞ւ եք ձեզ այդպես պահում, անհարմար է, մի՛ հայհոյեք։ Սա շատ վրդովեցրել է խմբի անդամներից մեկին, որը փեսայիս խփել ու փախուստի է դիմել։ Դրանից հետո խմբի մյուս անդամներն են վեճի մեջ մտել ու հարվածել, հետո դստերս տան անդամներն են դուրս եկել, բոլորին խփել, տապալել են գետնին, քացիներով են հարվածել»,- պատմեց Սաֆարյանը՝ նշելով, որ դստեր հարևան նույնպես դուրս է եկել, խմբի անդամներին նախատել մեծահասակ մարդկանց հարվածելու համար, բայց խմբի անդամները հարվածել են նաև հարևանին։

Սեդա Սաֆարյանի խոսքով՝ չնայած իր դուստրը զգուշացրել է, որ ոստիկանություն է դիմելու՝ խմբի անդամները որևէ կերպ չեն փոխել իրենց վարքագիծը, շարունակել են հարվածել ու հայհոյել։

Փաստաբանը նշեց, որ դուստրը բացատրություն է տվել երեկ,  փեսան՝ այսօր, նախատեսվում է բացատրություններ վերցնել նաև դստեր ընտանիքի մյուս անդամներից։ Սաֆարյանի խոսքով՝ դստեր ընտանիքի անդամները տեսնելու դեպքում կճանաչեն խմբի անդամներին, ոստիկանությունում գտնվող երեք անձինք այնտեղ են տարվել՝  հենց դստեր ընտանիքի տված բնութագրի հիման վրա։

«Այս ամենը ակնհայտ դրսևորված խուլիգանություն է։ Ըստ էության, չեմ բացառում նաև, որ այս պատմությունը նպատակային է սարքվել։ Քանի դեռ խմբի անդամները չեն հարցաքննվել, պարզ չէ, թե ում հետ են առնչվել, ոչինչ հստակ ասել հնարավոր չէ»,- ասաց Սաֆարյանը՝ կարծիք հայտնելով, որ այս բոլոր հարցերը պետք է քննարկման առարկա դառնան, այլ ոչ թե քննությունը տարվի միայն  երեկվա միջադեպի համատեքստում։

«Պետք է պարզել՝  ինչու գնացին հենց այդ տան մոտ, հավաքվեցին, ընդ որում՝ այնպես չէ, որ այնտեղ շատ տներ կան, մի փոքր այն կողմ ընդհանրապես ազատ տարածք է, չեմ կարողանում հասկանալ, թե նրանք այնտեղ ի՞նչ էին անում։

Նշենք, որ այս պահին հայտնի չէ, թե ինչ կարգավիճակով են երեք անձինք գտնվում ոստիկանությունում։ Նրանց կարգավիճակի վերաբերյալ Սեդա Սաֆարյանին տեղեկություններ չեն տրվել։

Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը «Հետք»-ի հետ զրույցում միայն նշեց, որ Երևանի Մուշ թաղամասում տեղի ունեցած ծեծի վերաբերյալ հաղորդումը ստացվել է Ոստիկանության Մալաթիայի բաժնում՝ ապրիլի 24-ին, ժամը 23:40-ին, դեպքի հանգամանքները պարզվում են, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, քննություն է կատարվում։

 

Լուսանկարում՝ Սեդա Սաֆարյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter