HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Մարտի 8-ից «Մարտի 8»-ի փողոցի բնակիչները մեծ սպասելիքներ չունեն

Լճափոսերով ծածկված փողոցի եզրի երեւացող հատուկենտ տների դարպասներն ապարդյուն ծեծելուց հետո նկատում եմ փոքրիկ մի կրպակ` «Վերանորոգում» ցուցանակով: Ներսում հարմար տեղավորված պապին թերթի ընթերցանությունից կտրում եմ` գլուխս դռան արանքից ներս խոթելով: Վերջինս սպասողական նայում է ինձ`մտածելով, որ հավանաբար ճտքավոր կոշիկներս եմ բերել կրունկները վերանորոգելու համար: Իսկ ես դրա փոխարեն խնդրում եմ բացատրել «Մարտի 8» փողոցի գտնվելու աշխարհագրական դիրքը:

Պապիկն առանց ալարելու տեղից բարձրանում է, դուրս գալիս նեղլիկ անկյունից ու արդեն դրսում ցույց տալիս իրենց փոսառատ փողոցից աջ թեքվող հատվածը. «Այ հենց ըդիկ էլ «Մարտի 8»-ի փողոցն է, աղջիկ ջան, դու ո՞ւմ գուզես, ըսա, ես ընդեղ քանիմ հոգու գիտեմ, կարող է կռնանամ օգնեմ»,-հարցնում է տարեց կոշկակարը:

Բացատրում եմ, որ ընդամենը փողոցի տեղն եմ ուզում ճշտել, իսկ այնտեղ ապրողների հետ ինքս կծանոթանամ:

«Բայց ըսեմ, օր առաջ «Մարտի 8»-ի փողոցը էս մեր փողոցն է էղել, օր հմի Անդրանիկ Օզանյանի անունով է»,-74-ամյա Վիլեն Նախշիկյանի այս արտահայտությունն ինձ ստիպում է վերադառնալ փոքրիկ տաղավար:

Վիլեն Նախշիկյանը Նախկին Մարտի 8, ներկայիս Օզանյան փողոցը

Հարմարավետ տեղավորվում եմ կոշկակարի դիմացը դրված աթոռակներից մեկի վրա: Վիլեն պապին էլ ծալում ու մի կողմ է դնում թերթը` կռահելով, որ լրագրող ներկայացած անձը մինչեւ չզրուցի իր հետ, չի հեռանալու:

«Ես երեւի 4 տարեկան էի, կհիշեմ, օր էդ վախտվանից մեր փողոցն էդ անունն ուներ, մեր հին հասցեն «Մարտի 8»-ի փողոց, 2-րդ տունն էր,-հիշում է Վիլեն պապին,-հետո անունը փոխեցին, դարձրեցին «Կարմիր բանակայինի» փողոց: Էն վախտն, օր Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում «Կարմիր ղուլի» մեջը ռուսական կայազորը կմնար, դե մեր փողոցն էլ դեպի էդ կողմ կերթար, կմտածեմ, օր պատճառն հենց ըդիկ էղավ` անունը փոխելու: Մեր փողոցի անունն օր փոխվավ, հիմիկվա Ղարսի խճուղին էն վախտը անուն չուներ, որոշեցին էդ փողոցի վրա դնեն «Մարտի 8» անունը»:

Կանանց սիրելի տոնը հիշեցնող անվանումը հավանաբար այնքան էլ բախտավոր աստղի տակ չէր ծնվել, որովհետեւ երկրաշարժից հետո «Մարտի 8»-ը, քաղաքային իշխանությունների որոշմամբ, փոխարինվում է «Ղարսի խճուղի» անվանումով, նախքան երկրաշարժն էլ «Կարմրի բանակային» փողոցին Անդրանիկ Օզանյան հնչեղ անունն էին տվել ու հարցն համարել փակված:

Սակայն փյունիկի պես վերածնվելու սովորույթը մեկ անգամ էլ է օգնել փողոցից-փողոց հալածվող «Մարտի 8»-ին, ու մի գեղեցիկ օր անհայտ փողոցում ապրող 22 տան բնակիչներ առավոտը դիմավորել են հասցե ունեցող քաղաքացու գիտակցությամբ:

«Կարծեմ 1995թ-ին էր, քաղաքապետարանից եկան, թե ձեր փողոցին պիտի անուն դնենք, եթե դուք որեւէ առաջարկ ունեք, արեք, ձեր ուզածով թող փողոցը կոչվի,-պատմում է «Մարտի 8»-ի փողոցի հենց սկզբնամասում գտնվող տնակի բնակչուհի Ժենյա Գեւորգյանը,-էն ժամանակ էլ ապրողների մեջ կանայք թվով ավելի շատ էին ու հիշելով, որ մի ժամանակ այդ տարածքում երկու փողոց «Մարտի 8»  է կոչվել, առաջարկել են իրենց նորաստեղծ փողոցը հենց այդպես էլ կոչել: Եթե չեմ սխալվի` օրն էլ կամ մարտի 8-ն է եղել, կամ 7-ը. ամեն դեպքում ոգեշնչող մի բան կար: Մի խոսքով. մեր առաջարկն ընդունվեց, ու էդ օրվանից մենք հասցե ունեցանք»:

Ժենյա Գեւորգյանը

Դեպի փոքրիկ ձորակ տանող արահետը հավանաբար այդպես էլ չհավակներ փողոցի կոչման, եթե երկրաշարժից հետո, հաշվի առնելով կանաչ տարածքների առկայությունը, որոշ տնակատերեր ցանկություն չունենային իրենց ժամանակավոր կացարանները փոխադրել այդտեղ` հեռու բուն քաղաքի փոշուց: Սկզբնական շրջանում հինգ ընտանիք էր, հետո ապրողների թիվը շատացավ ու փողոցի անվանակոչման, հասցեի խնդիր առաջացավ:

«Ըստեղ աղբանոց էր, էն ժամանակ քաղաքի շինաղբը կբերեին ըստեղ կթափեին, խայտառակ վիճակ էր: Մենք տնակը դնելուց հետո, մի քանի հարեւաններով ամբողջ տարածքը մաքրել ենք, 5 ավտո աղբ ենք ըստեղից տեղափոխել,-ասում է տիկին Ժենյայի ամուսինը` 76-ամյա Ռազմիկ Գեւորգյանը,-ըստեղ ճահճանոց ու գորտանոց էր: Մենք տարածքը մաքրեցինք, բարեկարգեցինք, փողոցն էլ տեսքի բերեցինք, անունն էլ առաջարկեցինք, իշխանություններն էլ չմերժեցին»:

«Մարտի 8»-ի փողոցում տրամադրող քիչ բան կա: Տներից շատերը զրկված են խմելու ջրից եւ կոյուղատարից, անգամ գազիֆիկացումից չեն օգտվում: Ինձ հյուրընկալած ծեր ամուսիններն հենց այդ տարրական հարմարություններից զուրկ տնակատերերից են:

«Միակ առավելությունը Մայր Հայաստան հուշարձանին հարող կանաչ տարածքի եղեւնիներն են, որ մեր տանը մոտ են, մաքուր օդ ենք շնչում, թե չէ փողոցն ավելի շուտ գյուղամիջյան ճանապարհի կնմանվի, ասֆալտի երես տեսած չկա: Ցեխ օրերին, հատկապես, անհնար է մեր փողոցով անցնելը»,-ասում է տիկին Ժենյան:

Մարտի 8-ից ապրիլի 7-ը հայտարարված միամսյակից «Մարտի 8»-ի փողոցի բնակիչները` հատկապես կանայք, մեծ սպասելիքներ չունեն; Վերջերս էլ իմացել են, որ ժամանակավոր կացարաններում ապրողներին տարածքից հանում են, որովհետեւ, ըստ Գյումրու գլխավոր հատակագծի, այդ հատվածում կանաչ գոտի է լինելու: Տնակատերերի մեծ մասը գնալու տեղ չունի, չունի անօթեւանի կարգավիճակ, եւ առաջիկա բնակբաշխումը նրանց չի վերաբերում:

«Մեկը մենք, եթե հանեն, հեչ չիդենք, թե ուր պիտի գնանք»,-տարակուսում է Ռազմիկ պապին:  Անորոշ է նաեւ «Մարտի 8»-ի ճակատագիրը: Կրկին բախտը չի բերելու, եւ երբ տարածքն ազատեն բնակիչներից, նրան էլ կվտարեն Գյումրիում առկա փողոցների անվանացանկից:

Սակայն բացասականի կողքին, այնուամենայնիվ, դրական 3 բան կա այս փողոցի բնակիչների համար` անվանումը, կանաչ տարածքի եղեւնիներն ու իրենց համերաշխությունը:

«Ամեն տարի մարտի 8-ին մենք կանանցով հավաքվում ենք տներից ամենամեծում ու տոնը նշում ենք փոքրիկ խնջույքով: Համեղ բաներ ենք պատրաստում, ամեն մեկս մի բան իր հետ բերում է ու էդպես ուրախանում ենք: Համ մեր տոնն ենք շնորհավորում, համ փողոցի անվանակոչության»,-զրույցը եզրափակում է «Մարտի 8» փողոցի տարեց բնակչուհին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter