HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանն աջակցության ծրագրեր ներկայացնելու նպատակով կհանդիպի Օձունի բնակիչների հետ

«Այս տարի Օձուն համայնքում շատ հող չի կարող մշակվել, քանի որ գյուղացիները սերմացու չունեն»,- մեզ հետ զրույցում ասաց Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը:

Վերջինս նաև տեղեկացրեց, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման Կառավարության  ծրագրից չեն կարողանում օգտվել Օձունի տնտեսվարողները և անհատ գյուղացիները՝ մեծ վարկերի տակ լինելու և վարկային վատ պատմություններ ունենալու պատճառով:

«Հիմա մեզ համար հրատապ լուծում է պահանջում համայնքի 9 բնակավայրում կորոնավիրուսի հետևանքով գարնանացանի խոչընդոտների չեզոքացումը, այլապես մենք կձախողվենք գարնանացանի գործում»,- ասում է համայնքապետը: Կարմիր Աղեկի բնակավայրի վարչական ղեկավար Վաչագան Հովհաննիսյանն, նկատի ունենալով սերմացուի պատճառով Օձուն համայնքի գարնանացանի դժվարությունները, առաջարկեց Կառավարության ծրագրում սերմնաբուծական տնտեսությունների ստեղծման ծրագրի միջոցառման  ներգրավումը:

Օձուն համայնքը 8 հազար բնակիչ և 3000 հա ջրովի վարելահող ունի: Արսեն Տիտանյանի խոսքով` մշակվում է ջրովի հողերի 70 տոկոսը: Անցած տարի համայնքի Արևածագ և մյուս բնակավայրերում միանգամից բռնկվել է աֆրիկյան ցեց հիվանդություն: Սերմացուի համար պահեստավորված կարտոֆիլը փտել և դարձել է անօգտագործելի: Հողատերերը նոր վնասներ չկրելու համար խուսափել են առողջ սերմացու ցանել իրենց վարակված հողերում: Կարտոֆիլի ցանքատարածքները փոխարինվել են այլ մշակաբույսերով: Այս տարի ձմռանը տեղումներ չլինելու պատճառով  գյուղացիների դաշտերում չի ծլել նաև աշնանացան ցորենը: Համայնքն արդեն  ունի ցորենի բերքի 20-30 տոկոս անկում:

«Եթե կարողանանք հա-ից ցորենի 30 ցենտներ բերք հավաքել, դա մեզ համար լավ ցուցանիշ կլինի»,- ասում է Արսեն Տիտանյանը: Անասնապահությամբ զբաղվող խոշոր տնտեսությունները այս տարի անցել են սիլոսի կուտակման: Պարզվում է` նրանք էլ սիլոսի համար սերմացու չեն կարողանում հայթայթել: Նշված պատճառներով Օձուն համայնքում սերմացուի մեծ պահանջարկ է առաջացել: Գարնան անձրևները բարենպաստ պայմաններ են ստեղծել գարնանացանի համար, սակայն սերմեր չունենալու պատճառով բնության ընձեռած հնարավորությունից համայնքի հողագործները չեն կարողանում օգտվել:

Վաչագան Հովհաննիսյանի խոսքով` գյուղացիների մի մասը թեև երկու ամիս  առաջ են իրենց պարարտանյութի վճարները փոխանցել մատակարարին` դեռևս պարարտանյութ չեն ստացել: Արսեն Տիտանյանի ասելով` առայժմ պարարտանյութ ստացել է հողատերերի 50 տոկոսը: Անցած տարիներին համայնքի բնակավայրերի գյուղացիներին շուկայականից էժան գներով Կառավարության կողմից գարու, եգիպտացորենի, առվույտիկորնգանի և այլ մշակաբույսերի սերմեր են տրվել: Գյուղացիները հույս են փայփայել, որ կարտոֆիլի և ցորենի սերմերի բացը կլրացնեն այլ մշակաբույսերի սերմերով, սակայն այս տարի նրանց սերմացուներ չեն առաջարկվել։ «Դա մեզ համար սերմացուների դժվարություն է ստեղծել»,- բացատրեց Արսեն Տիտանյանը:

«Մենք համայնքի ղեկավարներին դեռ աշնանն ենք տեղեկացրել, որ այս տարի գյուղական տնտեսություններին սերմացու չի տրամադրվելուԳյուղացիները իրենք պետք է լուծեն իրենց սերմացուի հարցը»,- այսօր մեզ հեռախոսով հայտնեց մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

Համայնքի գյուղացիները մինչ կորոնավիրուսը, եգիպտացորենիսոխի, սխտորի և այլ սերմացուներ ձեռք են բերել նաև հարևան Վրաստանից: Համավարակի պատճառով գյուղացիները զրկվել են նաև այդ հնարավորությունից:

Մի քանի օր առաջ Օձունի համայնքապետարանը շրջաբերական է ստացել Կառավարության կողմից լոբազգի 5 տեսակի սերմեր հատկացնելու մասին։ «Բայց այդ օգնությունը նույնպես դեռ չկա»,- ասաց Ա. Տիտանյանը:

Կորոնավիրուսի վատ հետևանքներից խուճապային վիճակ է ստեղծվել համայնքի ֆերմերների մոտ: Վահան Գրիգորյանն իր անասուններին արոտի էր դուրս բերել Մղարթի տարածքում գտնվող արոտավայր: Ասաց՝ մի քանի օր հետո անասունը տեղափոխելու է գյուղի «Շեկ աղբյուր» սարը: Մղարթը խմելու ջուր չունի: Վահանն իր անասուններին ջուր տալու համար հարևան Կողես գյուղից գլանատակառներով 2-3 օրը մեկ 5 տոննա ջուր է տեղափոխում Մղարթ: «Ամեն ջուր բերելիս միայն ավտոմեքենան գազ լցնելու համար 5 հազար դրամ եմ վճարում»,- ասաց նա: Իր եկամուտները հաշվարկելուց հետո Վահանը եզրակացնում է, եթե մյուս տարի էլ Մղարթի ջրի հարցը չլուծվի, արդեն վնասով է աշխատելու:

Արսեն Տիտանյանը պարզաբանեց, որ Մղարթի խմելու ջրամատակարարման խնդիրը այս տարի պետք է լուծվի Հայաստանի տնտեսական զարգացման հիմնադրամի միջոցով: Ծրագիրը նախագծման փուլում է: Համայնքապետի ասելով` եթե կորոնավիրուսը չխանգարի, մինչև տարեվերջ կսկսվի ջրագծի շինարարությունը:

Վահան Գրիգորյանը նաև խոտհարք չունի: Ասում է` անասունների ձմեռվա խոտի մեկ տուկը մինչև վերջերս 1000 դրամով է առել: «50 տուկ խոտ չեմ կարողանում ճարել հորթերի համար: Հիմա այս պահին խոտի մեկ տուկի գինը դարձել է 1500 դրամ: Եթե կորոնավիրուսը երկարի, հաստատ տնտեսությանս  համար լուրջ պրոբլեմներ են առաջանալու»,- կանխատեսում է Վահանը:

29-ամյա ֆերմերը 60 կով, 15 ձի, 20 ոչխար ունի:

Դժվարացել է գյուղմթերքների իրացումը: Վահանը ամեն տարի այս օրերին 20 ցուլիկ ու կով է ծախել և գումարը ներդրել իր հողերի մշակման գործում: «Երբ կորոնավիրուսը չկարմեկը գյուղում կամ հարևան գյուղերում ծնունդ էր անում, ինձնից միս էին վերցնումռեստորաններից էին գալիս, միս առնումմսավաճառներն անընդհատ զանգում, ապրանք էին ուզում, հիմա էդ ամեն ինչը չկա, ինքնըստինքյան քանդվում է տնտեսությունս»,- ասում է Վահան Գրիգորյանը։ Վերջինս ասում է, որ հազիվ է կարողանում ունեցած վարկերը փակել։

Նա նաև 3 հա աշնանացան ցորեն, 3 հա եգիպտացորեն է ցանել: Վահանի արտերի ցորենը նույնպես չի ծլել, 10 օր առաջ ցորենի արտերում գարի և վարսակ է ցանել:

«Կորոնավիրուսը միայն իմ տնտեսության վրա չի ազդում, ամբողջ գյուղացիների տնտեսության վրա է ազդում»,- ասում է Վահան Գրիգորյանը:

Արթուր Դալլաքյանն ասաց` 2,5 մլն դրամ վարկ ունի: Վարկերը սկզբում վերցրել է անասուն առնելու և հողը մշակելու համար: Տարին անբարենպաստ լինելու պատճառով ժամանակին չի կարողացել փակել վարկի մայր գումարը: Արթուր Դալլաքյանը նոր վարկեր է վերցրել՝ հին վարկերը մարելու համար, որից էլ վարկային գումարը մեծացել է: «Եթե վարկ ես վերցնում, որ հող մշակես, վարկի մուծելու ժամանակը ավելի շուտ է գալիս, քան բերքը հասնում է»,- դժգոհեց նա: Արթուրը վարկերը մարելու համար վերջին տարիներին արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստան: Այս տարի կորոնավիրուսի պատճառով չի մեկնելու արտագնա աշխատանքի:

2,5 մլն դրամի վարկի մարումը անհանգստացնում է Արթուր Դալլաքյանին: Վերջինս փորձում է բանկից ստանալ Կառավարության ծրագրով  առաջարկվող 0 տոկոսադրույքովմլն դրամ վարկ՝ իր տնտեսությունը  կորոնավիրուսի ազդեցություններից փրկելու համար: Արթուրը վստահ չէոր բանկը 2,5 մլն դրամ չմարած վարկ ունենալու դեպքում նոր վարկ կտրամադրի իրեն:

Կարտոֆիլի դաշտերի աֆրիկյան ցեց հիվանդությամբ վարակվելու պատճառով Կարմիր Աղեկ բնակավայրի կարտոֆիլի 30 հա ցանքսը 50 տոկոսով կրճատվել է: Կարմիր Աղեկը մոտ 80 հա աշնանացան ցորեն ունի: Վաչագան Հովհաննիսյանի ասելով` դրանից 2 հա է վնասված: Այս պահին Կարմիր Աղեկի գյուղացիները ինչ սերմացու ճարել են` հողին են հանձնել:

«Խոտաբույսերից մոտ 20 հա-ի վրա վարսակ ենք  ցանել»,- ասաց Վ. Հովհաննիսյանը:

Գյուղամիջում արդվեցի հողագործ Անդրանիկ Մոսինյանը ասաց, որ միայն սերմացուն և պարարտանյութը ժամանակին մատակարարելու դեպքում  գյուղացիները աշնանը կապահովեն իրենց ապրուստը:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր առավոտյան «Հետք»-ին հայտնեց, որ տեղյակ չէ Օձուն խոշորացված համայնքում գարնանացանի հետ կապված դժվարություններից: Մարզպետը խոստացավ գարնանացանի ընթացքում կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանն աջակցելու համար առաջիկա օրերին հանդիպել Օձուն համայնքի գյուղացիների և ֆերմերների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter