HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Թարխանյան

Ձերբակալվել է ՀԴԲ նախկին գործակալ, որը մեղադրվում է հայկական կազմակերպված հանցավոր խմբի ներկայացուցչի փաստաբանից կաշառք ստանալու մեջ

Ապրիլի 24-ին դաշնային հանցագործություն կատարելու մեղադրանքով ձերբակալվել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) նախկին գործակալ, որը, 20 տարի ծառայելով բյուրոյում, 2019 թվականին թոշակի է անցել։ Կալիֆոռնիայի կենտրոնական շրջանի դատախազությունը հայտնում է, որ վերջինս ստացել է ավելի քան 200 000 ԱՄՆ դոլարի կաշառք՝ հայկական կազմակերպված հանցավոր խմբի հետ փոխկապակցված փաստաբանին գաղտնի ինֆորմացիա տրամադրելու համար։

ՀԴԲ հատուկ գործակալները 53-ամյա Բաբակ Բրումանդին ձերբակալել են նրա բնակության վայրի մոտ։ Վերջինս մեղադրվում է փաստաբանից պարբերաբար կաշառք ստանալու մեջ, երբ բյուրոյի Սան Ֆրանցիսկոյի գրասենյակում զբաղվում էր ազգային անվտանգության հարցերով և գաղտնի աղբյուրների մշակմամբ։

Կաշառք վերցնելու սխեման սկսել է գործել 2015 թվականից և շարունակվել է մինչև 2017 թվականի վերջերը։ Այդ ընթացքում Բրումանդն ամսական ստացել է մոտ 10 000 ԱՄՆ դոլար կաշառք։ Կաշառքը տվել է մի անձ, որը փաստաբանական գործունեության արտոնագիր է ստացել 2016 թվականին։ Կաշառքը կանխիկ մուտքագրվել է Բրումանդի տարբեր բանկային հաշիվներին։ Գործակալը որպես կաշառք ստացել է նաև տարբեր նվերներ՝ ներառյալ հյուրանոցային, տրանսպորտային և էսկորտ ծառայություններ։ Փաստաբանն ու Բրումանդը պայմանավորվել են, որ վերջինս կանխամտածված գործողություններ կանի, որոշ դեպքերում էլ չարաշահելով  պաշտոնեական դիրքը՝ չի կատարի իր պարտականությունները, ինչպես նաև իրավապահ մարմինների ունեցած գաղտնի տեղեկատվությունը կփոխանցի փաստաբանին։

Կաշառք տրված բոլոր գումարները եղել են կանխիկ մուտքագրումներ, բացի մեկից՝ 30 000 ԱՄՆ դոլարի չեկից «Love Bugs» ընկերության համար, որը զբաղվում էր ոջիլի բուժմամբ։ Ընկերությունը պատկանում է Բրումանդին և կնոջը։ Ավելի ուշ, Բրումանդն այդ գումարով վճարել է  Թահո լճի մոտ գտնվող 1.3 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ամառանոցի նախնական վճարի մի մասը։

Փաստաբանը Բրումանդի հետ ծանոթացել է 2014 թվականի աշնանը Բևերլի Հիլզի սիգարների մասնավոր սրահներից մեկում և ավելի ուշ Բրումանդին հրավիրել խնջույքի՝ Լաս Վեգասի իր վարձակալած տուն։ Նկատելով Բրումանդի «թանկարժեք ճաշակը, շքեղ իրերի ու ծառայությունների նկատմամբ սերը, որոնց թվում էին նրա Rolex ժամացույցը և Gucci գոտին», փաստաբանը որոշում է իր կողմը գրավել Բրումանդին, որպեսզի վերջինիս օգնությամբ խուսափի իրավապահ մարմիններից։

Բրումանդի հետ ընկերանալուց հետո նրանց հարաբերությունները 2015 թվականին արդեն կրում էին կոռուպցիոն բնույթ։ Այդ ժամանակ փաստաբանը Բրումանդին տեղեկացնում է, որ ներգրավված է հանցավոր գործունեության մեջ և գործակալին հարցնում է, թե արդյոք նա չի ցանկանա «կողքից գործ անել», ինչին ստանում է դրական պատասխան։ Այնուհետև փաստաբանը սկսում է Բրումանդին ամսական մոտ 10 000 ԱՄՆ դոլար վճարել «տեղեկատվության և պաշտպանվածության համար»։

Կոռուպցիոն սխեման սկսվելուց կարճ ժամանակ անց, փաստաբանը Բրումանդին խնդրում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի տվյալների բազայում փնտրել հայկական կազմակերպված հանցավոր խմբի ներկայացուցիչներից մեկի՝ իր գործատուն հանդիսացող Լևոն Թերմենջյանի վերաբերյալ տեղեկություններ։ Տվյալների բազայից Բրումանդն իմանում է Լոս Անջելեսում ընթացող ՀԴԲ-ի մի հետաքննության մասին, որը կապված էր Թերմենջյանի անվան հետ։

Գործակալը Թերմենջյանի վերաբերյալ տվյալներ է փնտրել բազայում նաև 2016 թվականի մայիսին։ Թերմենջյանը հայտնի է Լև Ասլան Դերմեն անվամբ։ Սոլթ Լեյք Սիթիի դաշնային դատարանը անցած ամիս նրան մեղադրանք է առաջադրել 1 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով վերականգնվող վառելիքի հարկային արտոնություն ստանալու հետ կապված խարդախության համար։        

Փաստաբանի մեկ այլ հաճախորդի մասին տեղեկատվություն տրամադրելուց հետո, որ նա ներգրավված չէ ահաբեկչական գործողությունների մեջ, Բրումանդը որպես բոնուս 36 000 ԱՄՆ դոլար արժողությամբ Ducati մակնիշի մոտոցիկլետ նվեր ստացավ։ ՀԴԲ գործակալը փաստաբանի խնդրանքով 10-20 անուն է փնտրել տվյալների բազայում, ում հետ նա պետք է օրինական կամ անօրինական գործարքների մեջ մտներ։ Օրինակ՝ Բրումանդը խորհուրդ է տվել «հեռու մնալ» սիգարների սրահի անդամներից մեկից։ Այս տեղեկատվությունը ի հայտ է եկել, երբ այդ անձը ձերբակալվել է առողջապահական ոլորտում կատարած խարդախության համար։

Բրումանդը խանգարել է նաև Հետաքննությունների դաշնային բյուրոյի մեկ այլ կոռումպացված գործակալի՝ Ֆելիքս Սիսներոս կրտսերի գործի հետաքննությանը, որը ևս փոխկապակցված է Թերմենջյանի հետ։ Կանխիկ ստացած կաշառքները թաքցնելու նպատակով Բրումանդն օգտագործել է կանխիկով բազմակի բանկային փոխանցումների սխեմա, չի հայտարարագրել կաշառքներից և ոջիլից բուժման սրահից առաջացած եկամուտները, կեղծ ցուցմունքներ է տվել ՀԴԲ-ին։ Բրումանդի գործով մեղադրական ակտում նշված հանցանքների համար որպես պատիժ նախատեսվում է առավելագույնը հինգ տարվա ազատազրկում դաշնային բանտում։

Լուսանկարում՝ Լևոն Թերմենջյանն Է, որը հայտնի է նաև որպես Լև Ասլան Դերմեն։   

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter