HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արտակարգ» բալիկներ. ծննդաբերությունը կորոնավիրուսի օրերին

Ամեն ինչ տեղի ունեցավ շատ արագ. զանգ բժշկին, ինձ հետ կատարվածի նկարագրություն, հիվանդանոց գնալու հրահանգ, ու ահա դատարկ փողոցներով ուղևորվում ենք մայրաքաղաքի N ծննդատուն։ Մեքենայում ջանասիրաբար ախտահանում եմ բռնակները, ամրագոտին, ձեռքերս ու հայելու մեջ զգույշ զննում եմ վարորդին։ «Լավ է, որ դիմակով է»,- փոքր-ինչ հանգստանում եմ: Փորձում եմ կենտրոնանալ: Մի՞թե մի քանի ժամից կծնվի երեխան... Ամուսինս հանգիստ է կամ հանգիստ է ձևանում, սեղմում է ձեռքս, իսկ ես մեր բժշկական ձեռնոցները տեսնում ու էլի տագնապով եմ լցվում…

Հիվանդանոցի գլխավոր մուտքը փակ է, հետևի մուտքն էլ՝ խիստ հսկողության տակ։ Մեզ ջերմաչափում են, խնդրում, որ ախտահանենք ձեռքերը: Ժպտալով ցույց եմ տալիս պայուսակիս ամրացրած «ալկոգելի» սրվակը, բայց հսկիչներն առարկություն չընդունող տոնով պնդում են՝ ախտահանվե՛ք: Հրաժեշտ եմ տալիս ամուսունուս ու, ծննդատան հսկա պայուսակս գլորելով, բարձրանում եմ ծնարան:

Ապրիլի 5-ն է, Հայաստանում արդեն կորոնավիրուսի 833 հաստատված դեպք կա, մահացել է 8 հոգի...

Ես սա այսպես չէի պատկերացնում

ԱՀԿ տվյալներով՝ ամբողջ աշխարհում տարեկան ծննդաբերում է 140 մլն կին: Մեկ այլ հետազոտության համաձայն՝ ամեն երրորդ կին ծննդաբերության ընթացքում տրավմատիկ ապրումներ է ունենում: Ծննդաբերության դրական ու գեղեցիկ փորձ ունենալու համար ԱՀԿ֊ն  մի շարք խորհուրդներ է տալիս, որոնցից մեկն էլ ծննդաբերության ժամանակ կնոջ՝ ուղեկից ունենալու իրավունքի իրացումն է: Ուղեկից կարող է լինել ծննդաբերող կնոջ ընտրությամբ ցանկացած անձ՝ ամուսինը, մայրը, քույրը, դուլան (doula ), ընկերը և այլն, օրինակ՝ Արևմուտքում առավել տարածված է ամուսնու ներկայությունը ծննդաբերության ժամանակ: ՀՀ ԱՆ-ն էլ դեմ չէ այս պրակտիկային, սակայն ծննդատներն ու անգամ առանձին բժիշկներ կարող են իրենց ներքին քաղաքականության համաձայն կամ ըստ սեփական հայեցողության՝ մերժել ուղեկցող անձի մասնակցությունը: Հատկանշական է, որ Հայաստանում կանանց գերակշիռ մասն էլ տղամարդու ներկայությունը ծնարանում խրախուսելի չի համարում: «Չէի ուզի ամուսինս ինձ «այդ վիճակում» տեսներ»,-սա ինձ հետ նույն օրը ծննդաբերած Լաուրայի կարծիքն է: Հայրիկների մասնակցությունը ծննդաբերություններին չընդունող բժիշկներն էլ պնդում են, որ ծննդաբերության տեսարանը տղամարդկանց համար չափազանց ծանր է, չեն դիմանում։ Իսկ ահա մենք ամուսնուս հետ դեռ հղիություն պլանավորելիս էինք այս հարցը քննարկել ու որոշել, որ իմ ծննդաբերության ընթացքում նա մեր կողքին պիտի լինի: Ամեն ինչ արել էինք, որ «մեծ օրվան» պատրաստ լինենք՝ ուսումնական նյութեր դիտել, ծննդաբերության նախապատրաստական սեմինարի հաճախել, հոդվածներ կարդացել ու քննարկել բոլոր հնարավոր ելքերը: Բոլոր հնարավոր ելքերը, բացի կորոնավիրուսից: Ու հիմա, երբ ես հանգամանքների հրամայականով մեն-մենակ բարձրանում եմ ծննդաբերության, վերհիշում եմ երազանքներս ու պատկերացումներս ու տրամադրությունս ընկնում է. ես սա այսպես չէի պատկերացնում…

Այս նավակում ես մենակ չեմ

Լաուրային հանդիպեցի նախածնարանում: Բուժանձնակազմը մեզ զգուշացնում է, որ իրարից հեռավորություն պահենք: Առաջին մի քանի րոպեներին հետևում ենք կանոններին, սակայն հետո արագ մոռանում ենք համավարակի մասին, երկուսս էլ բուռն ապրումներ ունենք: Լաուրան արդեն հաճախակի կծկանքներ ունի: Երբ մի քանի րոպե լավ է զգում, խոսում է հետս: Պատմում է, որ արտակարգ դրություն հայտարարելու օրվանից սկսած իրենց ընտանիքը սկսել է քննարկել, թե երեխայի ծնվելուց հետո ո՞վ պիտի այցելի իրենց, այսպես կոչված «քառասունք» պահելո՞ւ են, թե չէ, ինչպե՞ս են պաշտպանելու փոքրիկին հնարավոր վտանգավոր շփումներից և այլն: Կոնֆլիկտ ծագել է, երբ Լաուրան կտրուկ արգելել է հարազատներին այցելել իրենց: Բանն անգամ հասել է նրան, որ ամուսնու եղբայն է նեղացել իրենցից. «Մեզ մոտ խնդիրներ առաջացան, երբ ընտանիքի որոշ անդամների սկսեց թվալ, թե այցելություններ չընդունելը վստահության պակասի նշան է: Ասում են՝ մենք հո վարակվա՞ծ չենք կամ՝ հենց մե՞նք պիտի վարակենք ձեզ… Չեն ուզում հասկանալ, որ սա անձնական մոտեցում չի, հատուկ իրենց դեմ չի, ուղղակի ընդհանուր վիճակն է այդպես, կարանտինի կանոններն են»: Չնայած ընտանեկան տարակարծություններին, Լաուրան հաստատակամ է, նույնիսկ ծնողներին է խնդրել, որ որոշ ժամանակ չայցելեն իրենց:

Երևի նույն իրավիճակում գտնվելն է, որ այսքան արագ մտերմացնում է մեզ: Խոսում ենք միայնությունից, ակնկալած ծննդաբերությունից ու ներկա դրության անհեթեթությունից: Մեզ ու երեխաներին զննող բժիշկներն ու բուժքույրերը չափազանց ջերմ են, տարեց մի բուժքույր ծիծաղելով ասում է՝ համարեք, որ ես ձեր մորաքույրն եմ: Մեկ այլ բուժաշխատող էլ ավելացնում է՝ ես էլ հորաքույրը: Ծիծաղում ենք, ու մի պահ թեթևություն եմ զգում...Ես այս նավակում մենակ չեմ:

Կյանքիս ամենաերկար գիշերը

Մեծագույն երազանքս էր երեխային լույս աշխարհ բերել բնական ծննդաբերությամբ, սակայն վերջին պահին խնդիրներ են ծագում, ու որոշվում է կեսարյան հատման դիմել: Այս անսպասելի, չնախատեսված վիրահատությունը ինձ մի քանի օր արցունքների մեջ կպահի... Բժիշկներն ասում են, որ գրեթե բոլոր կանայք հետծննդաբերական շրջանում ունենում են նման ապրումներ: Մասնագիտական գրականության մեջ առանձնացվում է երկու երևույթ՝ հետծննդաբերական դեպրեսիա, որը լուրջ հիվանդություն է ու հանդիպում է ամեն տասներորդ կնոջ մոտ և «Baby Blues» կոչվածը, որին ենթարկվում է ծննդաբերած յուրաքանչյուր երրորդ կամ չորրոդ կին: Վերջինս տրամադրության կտրուկ տատանումներով է ուղեկցվում, կարող է սթրեսի, հոգնածության կամ անհանգստության հետևանք լինել ու պահպանվում է մոտավորապես մեկ շաբաթ: Ես ինձ այս խմբում եմ տեսնում, անկառավարելի տխուր ու անսահման երջանիկ եմ: Այդ օրերին դեռ չգիտեի, որ մի քանի օր անց ցավն ու տխրությունը փոխարինվելու են դրական ու կառուցողական հույզերով: Իսկ մինչ այդ ինձ սպասվում էր կյանքիս ամենաերկար գիշերը:

Այդ օրը ինձ ու երեխային իջեցնում են պալատ։ Մեզանից բացի այստեղ պետք է ևս մեկ մայրիկ լիներ, բայց կորոնավիրուսի տարածումը խոչընդոտելու համար բոլորիս առանձին սենյակներ են տրամադրել։ Փուչիկներ չեմ սիրում, սակայն եթե իմանայի, որ այսքան դատարկ պիտի լինի պալատը՝ հետս փուչիկներ կբերեի… Նաև ընտանեկան մի քանի լուսանկար:

Արդեն կես օր է, ինչ մայրիկ եմ ես, առաջին անգամ բալիկիս հետ մեն֊մենակ ենք, երեխան ամբողջությամբ իմ խնամքին է։ Քույրը գալիս է, ներարկումներ անում ու խորհուրդ տալիս քնել, հանգստանալ: Կեսգիշերին, երբ հոգնածությունից սպառված կլինեմ, կհիշեմ ու կգնահատեմ այս խորհուրդը, իսկ հիմա ես շատ հուզված եմ, որպեսզի կարողանամ քնել։ Նայում եմ երեխային անկուշտի պես, հիանում-հիանում. դու կատարյալ ես, փոքրիկ։ Հետո կատարյալ փոքրիկն արթնանում ու սկսում է ճչալ։ Ահա, վեր եմ կենում, համբերի, անուշս…. Իսկ կարերս թույլ չեն տալիս վեր կենալ։ Ռազմավարություն եմ մշակում՝ եթե նախ մեջքս սահեցնեմ ներքև, հետո ոտքերիս մկաններով ինձ բարձրացնեմ, կարերս չեն ցավի… Կարծես թե ստացվեց: Գրկում եմ երեխային, փորձում կերակրել: Շարունակում է լաց լինել: Լաց եմ լինում և ես: Քայլում եմ սենյակում, քթիս տակ երգում, ինչից երեխան հանդարտվում է:

Արտակարգ դրության ժամանակ տարբեր ծննդատներ միանման մոտեցում ունեն. անել ամեն ինչ, որպեսզի մայրերն ու նորածինները պաշտպանված լինեն: Այդ նպատակով արգելված են այցելությունները, միայն լուրջ խնամքի կարիք ունեցող ծննդկաններին է թույլատրվում խնամակալ ունենալ: Մայրաքաղաքի N ծննդատանը գտնվելով հետվիրահատական վիճակում՝ ես միայն երկար բանակցություններից հետո, երրորդ օրը խնամակալ ունենալու թույլտվություն ստացա այն նախապայմանով, որ խնամակալը պալատ մտնելուց հետո մինչև մեր դուրս գրվելը չի կարող լքել հիվանդանոցը:

Առհասարակ, հայաստանյան իրականության մեջ հետաքրքիր բաներ կան, ու ես չեմ կարող ասել՝ դա լա՞վ է, թե վատ: Երբեմն պրոֆեսիոնալ ծառայությունը փոխարինվում է ընկերական, «տնավարի» շփման: Օրինակ՝ բժիշկը, տեսնելով հուզված դեմքս, սկսեց ինձ հետ զրուցել: Ես հիմա չեմ հիշում, թե հատկապես ինչից էի ես հուզվել, ու թե ինչ էր ասում բժիշկը, բայց դա ամենահանգստացնող, թեթևացնող զրույցն էր, կյանքին փիլիսոփայորեն նայելու, հանգստությունը պահպանելու մասին ջերմագույն զրույց: Բժիշկն այդ պահին մանկաբարձ-գինեկոլոգ չէր, հոգեբան չէր, ավագ ընկեր էր, խորհրդատու, հարազատ, հոգատար մեկը: Արտասահմանում դրա փոխարեն կներկայանար մեկը, կասեր, որ ծննդատան հոգեբանն է ու կհամարվեր, որ բուժառուն «ամբողջական փաթեթով» ծառայություններ ստացավ: Մեզ մոտ կարծես թե նույնն արվում է, բայց առանց դրան կարևորություն տալու, առանց արածն արձանագրելու: Ինչևէ, շնորհակալություն, բժի՛շկ: 

«Գիտե՞ս, մի տեսակ ամբողջությամբ չէի զգացել, որ երեխա եմ ունեցել»

Անքնությունից հյուծված դեմքս միանգամից փայլեց, երբ ամուսինս որպես խնամակալ այցելեց մեզ: Մինչ այդ նա միայն լուսանկարներով էր տեսել երեխային: Հիմա՝ ծնվելուց երկու օր անց, հանդիպում են հայր ու դուստր: Կարծես թե արցունքներ եմ տեսնում միշտ հանգիստ, հավասարակշռված ամուսնուս աչքերում: «Գիտե՞ս, մի տեսակ ամբողջությամբ չէի զգացել, որ երեխա եմ ունեցել… Նկարները շատ քիչ բան են փոխանցում»:

Ես խաղաղվում եմ, հանգստանում: Մենք մենակ չենք: Երեխային էլ դուր է եկել հայրիկի գրկում լինելը, բացում է աչուկներն ու ուշադիր զննում մեզ՝ մի քիչ վախեցած, մի քիչ հուզված, անսահման երջանիկ նորաթուխ մայրիկին ու հայրիկին:

Արտակարգ դրության ժամանակ ծննդաբերելը կարող է մարտահրավերային լինել, բայց ինչպես ամեն բան, սա էլ իր թերություններից բացի նաև առավելություն ունի: Ծննդաբերությունը, անկախ դրա բարդությունից, սթրես է կնոջ համար, որից վերականգնվելու համար շաբաթներ են անհրաժեշտ: Չնայած դրան, հաճախ են մեր մոտ ու հեռու հարազատները շտապում երեխային տեսնելու: Այցելություններն ու հավաքները լրացուցիչ սթրես են նոր ծննդաբերած մայրիկի ու բալիկի համար: Իսկ ահա, համավարակի ժամանակ ոչ ոք չի գա ձեզ հյուր, ու դուք միմյանց ճանաչելու, «արտակարգ» բալիկի հետ առաջին հանդիպումը լիովին վայելելու ժամանակ կունենաք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter