
Քահանան զրպարտո՞ւմ է «Կյանքի խոսք» ավետարանական եկեղեցուն
Երևանի Սբ. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Եսայի քահանա Արթենյանը երեկ կայացած ասուլիսի ժամանակ հերթական անգամ իր պարտքն է համարել հերյուրանք տարածել Ավետարանական ընտանիքի եկեղեցիների և հատկապես` «Կյանքի խոսք» եկեղեցու վերաբերյալ: Ցավոք սրտի, մեր եկեղեցու հասցեին անվայել բնորոշումներ տալը և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հաղորդելը, եկեղեցու հետևորդների արժանապատվությունը վիրավորելը, հասարակության մեջ ատելություն և թշնամանք սերմանելը արժանապատիվ հոր համար դարձել է սովորական գործելաոճ:
Քահանան այս անգամ որոշել էր «Կյանքի խոսք» եկեղեցուն մեղադրել անառակությունը և անառակ կեցվածքը խրախուսելու մեջ` փորձելով դա հիմնավորել նրանով, թե իբր դերասանուհի Անժելա Սարգսյանը եղել է «Կյանքի խոսք» եկեղեցու անդամ, և թե իբր նրա կյանքի աղմկահարույց իրադարձություններն առնչվում են եկեղեցու գաղափարախոսության հետ:
Նախ` նման կարգի մեղադրանքը ոչ միայն ստահոդ է, այլև` չափազանց վիրավորական մեր եկեղեցու անդամների համար, ովքեր ջանում են հետևել Տեր Հիսուս Քրիստոսի Ավետարանին և ապրել բարոյական կյանքով: Թե որքանով է քահանան գիտակցում, որ իր վարկաբեկիչ խոսքերը նսեմացնում են առաքինի շատ կանանց, մայրերի, քույրերի և դուստրերի պատիվը, չենք կարող ասել, բայց որ դա անընդունելի և նվաստ արարք է, այն էլ հոգևոր սպասավորի կողմից, անվիճելի է:
Երկրորդ` ակնհայտ է, որ որևէ առանձին անհատի վարքը չի կարելի վերագրել նրա ընտանիքի անդամներին, ընկերներին, նույնպես և եկեղեցուն, առավել ևս, երբ այդ անձը, եթե անգամ հաճախել է եկեղեցու պաշտամունքներին, իրականում չի հանդիսացել եկեղեցու անդամ: Բացի այդ, ցանկացած եկեղեցի պատասխանատվություն է կրում իր ուսմունքների և քարոզների, բայց ոչ եկեղեցու այցելուների վարքի համար: Յուրաքանչյուր մարդ իր ազատ կամքով ինքն է որոշում ապրել, թե չապրել Աստծո պատվիրաններով: Բայց և եկեղեցին այն վայրն է, որի դռները միշտ պետք է բաց լինեն մեղավորների համար, քանի որ այդտեղ է, որ մարդը կարող է վերապրել Աստծո Խոսքի զորությունը և փոխել իր ապրելակերպը:
Մինչդեռ Եսայի քահանայի տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում հարց է ծագում` արդյոք կա՞ մի այդպիսի եկեղեցի, ուր ընդհանրապես չեն հաճախում մեղավոր մարդիկ, իսկ եթե չկա, կարո՞ղ ենք հայտարարել, որ այդ մարդիկ մեղավոր են դարձել եկեղեցական քարոզչության պատճառով:
Քավ լիցի, մենք այդպիսի բան չենք ասում ոչ մի քրիստոնեական եկեղեցու վերաբերյալ, իսկ թե ինչու է քահանան իրեն իրավունք վերապահում դա ասել «Կյանքի խոսք» եկեղեցու մասին, միմիայն զարմանք է առաջացնում: Եվ դա այն դեպքում, երբ մեր եկեղեցու ուսմունքները հասանելի են բոլոր ցանկացողներին, և դրանց ծանոթացող մարդու համար միանշանակ պարզ է, որ «Կյանքի խոսք» եկեղեցու քարոզները առաքինի և բարոյական կյանքի կոչ են անում և ոչ թե հակառակը: Այս ամենը չտեսնել կամ իրականությունը խեղաթյուրել կարող է միայն նա, ով չի ցանկանում տեսնել իրականությունը:
Հայաստանի «Կյանք խոսք» ավետարանական եկեղեցու մամլո քարտուղարություն
Մեկնաբանություններ (117)
Մեկնաբանել