HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Սերյոժա Գիշյան. «Հողի հետ աշխատանքը մարդուն փրկում է ամեն ինչից»

- Արի թևանցուկ անեմ, նկարվենք։

- Էհ, լա մի դենը….

- Դե արի էլի, ինչի՞ց ես ամաչում։

- Թող, թող թևս, ամոթ է, մեծ մարդ ես....

Սերյոժա Գիշյանը բռնում է կնոջ ձեռքից, խնդրում է՝ իր կողքը կանգնի, որ նկարեմ, իսկ կինը՝ Սուսաննան, հետ է քաշվում, որին հետեւում է ամուսնու ծիծաղը։ Ու  Սերյոժան պատմում է, թե ինչպես են իրենք ամենօրյա փոքր լեզվակռիվները շուլուխի (կատակի) վերածում։

Սերյոժա Գիշյանն ընտանիքի հետ ապրում է Նոյեմբերյանում, չորս քրոջ միակ եղբայրն է, քույրերն այնքան են ասել՝ ապեր, ապեր, որ իրենց թաղում Սերյոժային Ապեր անունով են ճանաչում։ Ապերը երեք զավակ ունի, թոռներ։

50 տարվա ամուսիններին առաջարկում եմ այս տարի ոսկե հարսանիք նշել, ասում եմ ՝ սաղ թաղն էլ կգա, երկուսով ծիծաղում են.

-Լա բոլ դիմացել եմ,- ասում է Սուսաննան։

-Էնա էնքան Կողբից էկավ, գնաց, վերջը ուզեցի, - ասում է Սերյոժան։

-Ես էլ որ չուզեի, տանն էիր մնացել,- իր խոսքն է պնդում Սուսաննան (ժպտում է,- հեղ.)։

- Ես եմ քեզ դիմացե՞լ, թե դու՝ ինձ, լա դուզն ասա,- շարունակում է Սերյոժան։

-Իսկ ինչպե՞ս եք անցկացնում արտակարգ դրության օրերը, - հարցնում եմ ամուսիններին։

- Հեռուստացույցով ինչ ասում են, հետեւում ենք, փորձում չշփվել ուրիշների հետ։ Գյուղացին կարող է գյուղատնտեսությամբ զբաղվել, ուրիշին չխանգարել. հողի հետ աշխատանքը մարդուն փրկում է ամեն ինչից։

-Իսկ գյուղատնտեսությունը չի՞ տուժում այս օրերին։

-Էս քանի օրը իմ կնոջ հետ գնացել եմ սարը, կարտոֆիլ եմ ցանել, եկել, հիմա էստեղ ենք փորում, որ ցանենք։ Էստեղ բիբար է՝ տաքդեղ, էն մասում պոմիդոր, վարունգ է լինելու, էն էլ կարտոֆիլի տեղն է,- ցույց է տալիս այգու տարբեր հատվածներում պատրաստի մարգերը։

-Հողը որ փորում ես, պիտի ավելորդ խոտերը միջից հանես, որ հողդ մաքուր լինի, իմ հորից եմ սովորել, տես, հանում եմ, լցնում դույլի մեջ, որ մոլախոտը նորից չաճի։

-Իսկ երբվանի՞ց եք հող մշակում։

-Մանկուց էլ արել եմ, մերս, քույրերս, որ դաշտ գնալիս են եղել, իրենց հետ գնացել եմ, հետո ուրիշ տեղ էի աշխատում, երբ թոշակի անցա, նորից սկսեցի գյուղատնտեսությամբ զբաղվել։ Գյուղացուն պահողը հողն ա,- ասում է։

Զրույցի ընթացքում անձրեւ է սկսում, Սերյոժան դույլն ու բահը ձեռքն է առնում, միասին այգուց դուրս ենք գալիս։ Սերյոժան առաջարկում է զրույցը շարունակել տանը։ 

-Երբ ամուսնացանք, Սուսանը ճաշը դռանն էր եփում, այ էս հին սեղանի վրա, հետո կամաց-կամաց կարողացանք աշխատել, էս տունը ստեղծել.....,- պատմում է Սերյոժան։

Մինչ տիկին Սուսաննան պահարանից հանում է ընկույզն ու տնական չրերը, սեղանին դնում վայրի զկեռի կոմպոտը, Սերյոժա Գիշյանը շարունակում է իր ամենօրյա աշխատանքից խոսել։ Ասում է, որ առավոտյան ամուսիններով վաղ են արթնանում, որդուն աշխատանքի ճանապարհում, հետո իջնում բակ, հավերին, ճտերին կեր տալիս, այգին մաքրում, օրվա գործն անում.

-Սարից  կապս չեմ կտրում, մի քանի օր առաջ կնոջս, աղջկաս հետ կարտոշկա ցանելու ենք գնացել։ Կոզմանթալա սար չհասած՝ ճամփի եզրին է հողատարածքս. սոխ, սխտոր, գազար էլ ենք ցանում։ Ես սիրում եմ, երբ ես, թոռներս իմ մշակած բերքն ենք ուտում, որ գիտենք, թե ինչ ենք ուտում, ինչ պարարտանյութ ենք օգտագործում,- ասում է Սերյոժան։

Գիշյանների ընտանիքը մի քանի կով էլ ունի, իրենք են միշտ սարերը տարել, պահել, հիմա ուղարկել են, որ անասնապահը հետեւի, քանի որ իրենք չեն հասցնում։

81-ամյա Սերյոժա Գիշյանը միշտ աշխատել է։

«Քաղաքում տարեցների ակումբ ունենք, որ գնում եմ ընդեղ, տեսնում եմ՝ իմ տարիքի մարդիկ ռավոդից մինչեւ րիգուն ընդեղ նստած են, տարբեր ընտանիքների, պետության, համակարգի հարցերն են քննարկում։ Ասում եմ՝ այգիդ մաքրիր, հետո նոր արի, ստեղ նստիր, հանգստացիր»։

Մարդու կյանքում Սերյոժան կարեւորում է կրթությունը։ Բանակում ծառայելուց հետո նա ընդունվել է Ոստիկանության ակադեմիա, ստացել կրթություն, այնուհետեւ աշխատել Ալավերդիում, հետո՝ Նոյեմբերյանում, ունի մայորի կոչում:

- Ինչքան դեպք էր լինում, ասում էին՝ Գիշյան, գնա։ Ամեն դեպքից մի բան էի սովորում։ Գիշեր-ցերեկ վազքի մեջ էի։

Մեկնաբանություններ (2)

gohar
Շատ մեծ հաճույքով կարդացի , նայեցի, խորացա։ Խորացա այնքան , որ բացի ավելուկի հոտն ու համը զգալուց նաև ապշեցի այդ շարանների երկարության վրա։ Լավ։ Այ Սուսան քույրս, որ մի քիչ կարճ հյուսես, մի հատը 3 կապ դառնա, չի լինի՞։ միևնույնն է եփելիս կեսի կեսն ես փշրելու, եփես։ Ինձ համար դա մեծ դժվարություն կլիներ և հյուսելը և հետո եփելը։ Բայց ինչ սիրով կգայի ձեզ տեսության ։ Ափսոս, այս կոռոնան, որը խախատեց բոլոր ծրագրերս։ Ապրենք , մինչև մի օր կտեսնվենք։
ani
Great, really !! I love them ! you see, some are busy , willing to work and so , have healthy food, joy and GOOD health - physically and mentally and welfare ! ! I hope, ALL armenians will read this report ! Sooo many only sit, drink and smoke, and complain, the state doesn't give social money -- too lazy and too proud to do simple work ! Hetq's , please great them and congratulate them from my part, thank you : PS: I hope , Armenia's politicians read this report too, and are citing them, as examples to follow

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter