
«Հոգնած» ու «տրյապկա» բառերով Էդմոն Մարուքյանն ու Ալեն Սիմոնյանը վիճաբանեցին Ազգային ժողովում
Խորհրդարանի արտահերթ նիստում բանավեճ ծավալվեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև: Ամեն ինչ սկսվեց երբ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը կասկածի տակ առավ Ալեն Սիմոնյանի դերը, ինչից հետո քաղաքական մեծամասնության պատգամավորները սկսեցին ելույթներով հանդես գալ` ի աջակցություն Ալեն Սիմոնյանի: Ի վերջո ելույթով հանդես եկավ Սիմոնյանը:
«Տիկին Սամսոնյան, ներողություն եմ խնդրում, բայց ես ամուսնացած եմ, առաջարկում եմ իմ մասին ավելի քիչ խոսել, դա տգեղ է դիտվում, բայց ես Ձեզ չեմ պատասխանելու, ես պատասխանելու եմ Ձեր փեշի հետևում թաքնված Էդմոն Մարուքյանին` մեկ Գորգիսյանին է խնդրում, որ տեղը ելույթ ունենա, մեկ Ձեզ է խնդրում»,-ասաց Սիմոնյանը:
Սիմոնյանի խոսքով` այս ամենի պատճառն այն է, որ ինքը Միքայել Մինասյանի մասին խոսել է, դա էլ վրդովեցրել է Մարուքյանին:
«Երբ լսեցի, որ թիմի մասին խոսում եք, հիշեցի 2018 թվականի ապրիլի 16-ը, երբ ես իմ ընկերների հետ ու շատերը մահանալուց պրծան, ես ձեզ գրում էի «Ելք» խմբակցության խմբի մեջ, ասում էի` խնդրում եմ դուրս եկեք փողոց, ձեզանից որևէ մեկը դուրս չեկավ: Իսկ էդ ժամանակ Էդմոն Մարուքյանն ընդդիմության տեսլիք ստեղծելու համար, որ Սերժ Սարգսյանն ընտրվի, առնվազն 15 անգամ պարոն Սարգսյան էր ասում: Դրա մասին կխոսենք հետո, ես կպատմեմ շատ բաներ, որոնք գիտեմ, թե ինչի է էդպես եղել»,-ասաց Սիմոնյանը:
Անի Սամսոնյանը տեղից արձագանքեց` իրենք էլ պատմելիք ունեն, Սիմոնյանը կոչ արեց անպայման պատմել:
Տեղից խոսում էր նաև Էդմոն Մարուքյանը, սակայն ձայնը լսելի չէր, ապա Սիմոնյանը կոչ արեց Դուք-ով խոսել:
«Կեթաս Միշիկիդ հետ դու-ով կխոսես»,-ասաց Սիմոնյանը:
«Միշիկը քո ախպերն ա, այ հոգնած»,-տեղից գոռաց Էդմոն Մարուքյանը:
«Հոգնածը դու ես, հանգստացի»,-պատասխանեց Ալեն Սիմոնյանը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կոչ արեց հանդարտվել:
«Հանգստացի, քաղաքական տրյապկա»,-շարունակեց Սիմոնյանը:
«Անբարոյականի վաստակ»,-պատախանեց Մարուքյանը:
Միրզոյանը փորձում էր հանդարտեցնել կողմերին, սակայն դահլիճում աղմուկ էր:
«Սա խորհրդարան է, պետք է պահել պատգամավորի ինստիտուտի հանդեպ հարգանքը»,-ասաց Միրզոյանը:
Լրացում: 19:50
Վիճաբանությունից մոտ մեկ ժամ անց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ներողություն խնդրեց քաղաքացիներից:
«Ես ուզում եմ հայցել ձեր ներողամտությունն այն տեսարանի համար, որին դուք ականատես եղաք, որտեղ ես ստիպված եղա ներքաշվել այդ «բանավեճի» մեջ: Կարծում եմ եզրակացությունները կանեք դուք, այնուամենայնիվ ճիշտ եմ համարում ֆիքսել, որ ես ՀՀ քաղաքացիներից ներողություն եմ խնդրում, որ իրենք ականատես եղան նման տեսարանի»,-ասաց նա:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել