HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Երեխայի հոգեբուժական օգնության և սպասարկման փոփոխություններ են նախատեսվում

Առողջապահության նախարարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել երեխայի հոգեբուժական օգնության և սպասարկման ոլորտում։

Նախարարությունն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում «Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ է ներկայացրել։

Մասնավորապես՝ նախարարությունն առաջարկում է օրենքով սահմանել, որ երեխայի հոգեբուժական օգնությունը և սպասարկումն իրականացվելու է նրա օրինական ներկայացուցչի գրավոր իրազեկված համաձայնության (դիմում) դեպքում։

Իսկ 16 տարին լրացած հոգեկան առողջության խնդիր ունեցող երեխան իրավունք է ունենալու տալ կամավոր իրազեկված համաձայնություն՝ բժշկական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ, եթե բժշկի կարծիքով նա ունակ է հասկանալ բժշկական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետևանքները։

Երեխայի կամ անգործունակ ճանաչված անձի հոգեբուժական օգնությունը և սպասարկումը իրականացնելիս նրանց կարծիքը լսելը պարտադիր է լինելու: 

Առողջապահության նախարարությունը «Երեխայի իրավունքների մասին» օրենքի փոփոխությունը պայմանավորել է այն Սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

Նախարարությունն ընդգծել է՝ Սահմանադրությամբ սահմանված է, որ երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում:

«Սահմանադիրը հստակ պահանջ է դրել, որպեսզի երաշխավորվի երեխայի կարծիքը ցանկացած հարցի վերաբերյալ ազատ արտահայտելու իրավական հնարավորությունը: Սակայն այդ կարծիքը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, պարտադիր պետք է հաշվի առնվի միայն այն դեպքերում, երբ հարցը վերաբերում է իրեն՝ երեխային»,- հայտնել է առողջապահական գերատեսչությունը:

Նախարարության հաղորդմամբ՝ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան» սահմանադրական ձևակերպումից բխում է, որ երեխայի կարծիքի որոշիչ լինելու աստիճանը կախված է կոնկրետ հանգամանքներից՝ երեխայի տարիքից և հասունության մակարդակից, որը տարբեր անձանց մոտ կարող է տարբեր լինել:

«Ուստի յուրաքանչյուր կոնկրետ դեպքում անհրաժեշտ է գնահատել երեխայի տարիքը և հասունության մակարդակը, որպեսզի հնարավոր լինի գնահատել երեխայի՝ իր հոգեկան առողջության վիճակը գիտակցելու, իր հոգեկան անձեռնմխելիությանը բժշկական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետևանքները հստակ հասկանալու և կանխատեսելու ունակությունը»,- նախագծում նշել է Առողջապահության նախարարությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter