HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2020թ. առաջին եռամսյակային զեկույց

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2020 թվականի առաջին եռամսյակի զեկույցը

2020 թ. առաջին եռամսյակը լրագրողների ու լրատվամիջոցների համար լարված ժամանակաշրջան էր` կապված նախ հանրաքվեի քարոզարշավի լուսաբանման և ապա` կորոնավիրուսի տարածման պատճառով հայտարարված արտակարգ դրության պայմաններում խոսքի ազատության սահմանափակումների հետ։ Դրանք լուրջ խնդիրներ առաջացրեցին ԶԼՄ–ների  համար։

Այսպես` մարտի 16–ին ընդունված «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության որոշման այն դրույթները, որոնք վերաբերում էին լրատվամիջոցների գործունեությանը, սուբյեկտիվության և կամայական արգելքների լայն հնարավորություններ էին ստեղծում։ Իսկ որոշման իրականացնողը ՀՀ ոստիկանությունն էր, որը կոշտ միջամտություն էր ցուցաբերում ԶԼՄ-ների աշխատանքին և պարտադրում հրապարակումներ հեռացնել։ Արձանագրվել են նաև դեպքեր, երբ սոցցանցերի օգտատերերին են ստիպել ջնջել «անթույլատրելի» կամ, այսպես կոչված, «խուճապածին» գրառումները։ Եվ հենց այս իրավիճակով պայմանավորված` եռամսյակի ընթացքում լրագրողների ու ԶԼՄ-ների նկատմամբ կիրառված ճնշումների մեծ մասը` 50–ից 30–ը, գրանցվեց այդ օրերին։

Հայաստանյան լրագրողական կազմակերպությունների և ԶԼՄ-ների, ինչպես նաև միջազգային կառույցների (մասնավորապես՝ ԵԱՀԿ-ի և «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպության) ջանքերի շնորհիվ հաջողվեց հասնել նրան, որ Կառավարությունը վերանայի իր մոտեցումները և նոր որոշում ընդունի՝ էապես մեղմացնելով լրատվամիջոցների գործունեությանն ու տեղեկատվության տարածմանը վերաբերող պահանջները։ Սակայն դրանից հետո էլ վիճակը մտահոգիչ էր մնում կորոնավիրուսի թեմային վերաբերող պաշտոնական տվյալների և մեկնաբանությունների հասանելիության առումով։ Եռամսյակի ընթացքում տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների 21 դեպքից 6–ը գրանցվել է մարտի 16-ից 31-ն ընկած ժամանակահատվածում։

Առաջին եռամսյակի ընթացքում լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնության որևէ դեպք չի գրանցվել։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրկնակի նվազել է նաև լրագրողների ու լրատվամիջոցների ներգրավվածությամբ դատական գործերի քանակը. արձանագրվել է 14 նոր հայց, որից 12–ը Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված՝ վիրավորանքի և զրպարտության հիմքով են, 2–ն աշխատանքային վեճ է։ ԶԼՄ–ների ու լրագրողների դեմ ներկայացված նոր հայցերից 6–ը շարքային քաղաքացիներից են, 3–ը` գործարարներից, 3–ը` ներկա և նախկին պաշտոնյաների և նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից, իսկ 2 դեպքում լրագրողն է հայց ներկայացրել գործատուի դեմ։

Ստորև ներկայացնում ենք առաջին եռամսյակի ընթացքում լրագրողների և ԶԼՄ-ների իրավունքների խախտումների քանակական տվյալները և համեմատությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։

2019-2020 թթ. 1-ին եռամսյակների խախտումների քանակական տվյալները

Խախտումների տեսակները 2019 թ. 1-ին եռամսյակ 2020 թ. 1-ին եռամսյակ
Ֆիզիկական բռնություններ` լրագրողների նկատմամբ 2 0
Ճնշումներ` ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ 41 50
Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ 51 21

Դիտարկվող ժամանակաշրջանում կառավարությունն ու խորհրդարանը հանդես եկան մեդիա ոլորտին առնչվող մի շարք նախաձեռնություններով, որոնք միշտ չէ, որ ընդունելի էին լրագրողական հանրության համար։ Տարեսկզբին լայն քննարկման առարկա դարձավ Արդարադատության նախարարության առաջարկած Քրեական օրենսգրքի նոր նախագիծը, որտեղ սուտ մատնությանը վերաբերող 450-րդ հոդվածը խիստ պատասխանատվություն է նախատեսում ԶԼՄ-ներում որևէ հանցանքի մասին սուտ տեղեկատվություն հրապարակելու համար՝ ընդհուպ մինչև ազատազրկում։ Այս փոփոխության առնչությամբ լրագրողական և իրավապաշտպան կազմակերպությունները հանդես եկան հայտարարությամբ՝ սուտ մատնությունը որպես հանցանք ԶԼՄ-ների դաշտ տեղափոխելը համարելով մահակ լրատվամիջոցների գլխին և սպառնալիք լրագրողների տեղեկատվական աղբյուրների համար։

Ավելի վաղ մեկ այլ նախաձեռնությամբ Արդարադատության նախարարությունն առաջարկել էր «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարել` պետբյուջեից սնվող Հանրային հեռուստաընկերությանը գովազդ հեռարձակելու իրավունք վերապահելու նպատակով։ Ու թեև 10 լրագրողական կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ անընդունելի համարեցին այդ փոփոխությունները, դա չխանգարեց, որ կառավարությունը հավանության արժանացնի նախագիծը, իսկ Ազգային Ժողովն ընդունի այն։

Մինչդեռ, հեռարձակման ոլորտը կարգավորող օրենսդրությունն արմատական բարեփոխման կարիք ունի։ ԽԱՊԿ-ի և գործընկեր կազմակերպությունների մշակած և Ազգային Ժողով ներկայացրած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծն այդպես էլ պաշտոնապես շրջանառության մեջ չդրվեց։ Իսկ ոլորտի խնդիրները քննարկելու նպատակով հունվարի 16–ին անցկացված խորհրդարանական լսումները հստակ պատասխաններ չտվեցին, թե որոնք պետք է լինեն նոր կարգավորումների հայեցակարգային մոտեցումներն ու սկզբունքները։

Խիստ մտահոգիչ են նաև «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելուն վերաբերող գործընթացները։ Դրանով զբաղվում են ԱԺ տարբեր խմբակցություններ, ձևավորված է աշխատանքային խումբ, որին օրինագիծ է առաջարկել նաև ԽԱՊԿ-ը, սակայն այս ամենը համակարգված բնույթ չի կրում, ինչի պատճառով էլ գործընթացն առայժմ արդյունավետ չէ։

ԱԺ-ում աշխատանքային խմբի մակարդակով քննարկումներ են ընթանում նաև ատելության խոսքի տարածումը քրեականացնելու խնդրի շուրջ։ Իսկ մեկ այլ` բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար քրեական պատասխանատվության ենթարկելուն միտված օրենսդրական փոփոխություններն ԱԺ-ն մարտի 5–ին ընդունեց առաջին ընթերցմամբ։ Երկու դեպքում էլ մտահոգություններ կան, որ խոսքի ազատության չարդարացված սահմանափակումներ կարող են կիրառվել։

Առաջին եռամսյակի ընթացքում ԽԱՊԿ-ը շարունակել է դիտարկել «Էլեկտրիկ Երևանի» և «Սարի թաղի» իրադարձությունների առնչությամբ հարուցված քրեական գործերը, որոնց շրջանակներում տուժող են ճանաչվել 40-ից ավելի լրագրողներ ու օպերատորներ։ «Էլեկտրիկ Երևանի» նախաքննությունը կասեցնելու մասին Հատուկ քննչական ծառայության որոշումը տուժած լրագրողները ԽԱՊԿ-ի աջակցությամբ բողոքարկել էին նախ՝ դատախազություն, ապա՝ դատական կարգով։ Այս տարվա հունվարի 21-ին Վերաքննիչ քրեական դատարանը կարճեց այս գործն այն հիմքով, որ ՀՔԾ-ն սեփական նախաձեռնությամբ վերացրել էր կասեցման մասին իր իսկ որոշումը և վերսկսել էր նախաքննությունը։ Անցած տարի վերաքննիչ դատական ատյանում նույն ճակատագրին արժանացավ «Սարի թաղի» գործը։

Զեկույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ՝ այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter