Աղջիկները գրավել են Մաշտոցի այգու կրպակները, իսկ ոստիկանները նրանց ծաղիկներ են նվիրել
Այսօր՝ կանանց միջազգային օրը, մի խումբ աղջիկներ գրավել են Մաշտոցի այգու կրպակները՝ հաղթահարելով ոստիկանների կողմից տեղադրած արգելապատնեշները: «Օպերացիան» կազմակերպել են բացառապես աղջիկները, քանի որ վերջիններս արգելել են տղաներին մասնակցել կրպակների գրավմանը:
Այդ ընթացքում տարածքում գտնվող ոստիկանների ուշադրությունը շեղել են այգում հավաքված քաղաքացիները, իսկ աղջիկները ծննդատան մոտակայքից բացել են արգելապատնեշներն ու ներխուժել կրպակների տարածք: Մի քանի աղջիկների հաջողված փորձից ոգեւորվել են նաեւ իգական սեռի այլ ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը, եւ նրանք էլ արգելապատնեշներից մտել են ներս:
Ոստիկանները հավաքվել են, սակայն որեւէ կերպ չեն խոչընդոտել աղջիկների գործողություններին, ընդհակառակը, երբ նրանք առաջ են եկել, ոստիկանները նահանջել են: Այդ ընթացքում այգու տարածքին մոտեցել է մեկ ոստիկանական խմբի ավտոբուս, սակայն դեռ այգի չհասած հետ են գնացել:
Անահիտ Բախշյանը «Հետքին» տեղեկացրեց, որ Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ծաղիկներ է բաժանել կրպակները գրաված աղջիկներին, իսկ մի քանի րոպե անց ոստիկանները հավաքել են նաեւ արգելապատնեշները, եւ կրպակներն ամբողջությամբ ազատագրվել են:
«Ամեն դեպքում, շնորհակալ եմ աղջիկներից, որ, ինչպես Չեխովն է ասել, կաթիլ-կաթիլ ստրուկը հանում են մեր մեջից: Բացի կրպակները, մենք էլ ենք ազատագրվում»,-ավելացրեց Անահիտ Բախշյանը:
Պատգամավորը շուտ է դուրս եկել այգու տարածքից, քանի որ տան անդամները «սպառնացել» են, որ եթե նրանց չմիանա, ապա իր անունը «կջնջեն ցուցակից»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել