
Առաջարկվում է հնարավորություն ընձեռել վարույթ իրականացնող մարմիններին միջնորդություններն էլեկտրոնային եղանակով դատարան ներկայացնել
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սոնա Ղազարյանի և Սերգեյ Ատոմյանի հեղինակած Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Փոփոխությամբ առաջարկվում է ամրագրել, որ հետաքննության մարմինը, քննիչը միջնորդություն հարուցելու որոշման պատճենը, քննչական գործողություններ կատարելու մասին միջնորդություն հարուցելու որոշումը (պատճենը) և այն հիմնավորելու համար ներկայացվող փաստաթղթերը (պատճենները) դատարան և հսկող դատախազին կարող է ուղարկել էլեկտրոնային եղանակով:
«Պատգամավոր Սոնա Ղազարյանին դիմել էին իրավապահ մարմիններից և հայտնել, որ իրենք ունեն բավականին համակարգչային տեխնիկա, որն օգտագործում են միայն ցուցմունքներ տպելու և այլ որոշումներ կայացնելու համար, սակայն ամբողջովին այդ համակարգչային տեխնիկան չեն օգտագործում»,-իր խոսքում նշեց հիմնական զեկուցող Սերգեյ Ատոմյանը:
Պատգամավորի խոսքով` առաջարկում են Քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածում ավելացնել յոթերորդ մաս, որը հնարավորություն կտա վարույթ իրականացնող մարմիններին իրենց կայացրած միջնորդություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնել դատարան, այնուհետև դատարանից կրկին նույն եղանակով ստանալ փաստաթղթերը և ներկայացնել դատախազին:
Ըստ նախագծի համահեղինակի` առաջարկվող փոփոխությունները միտված են նվազեցնելու քննչական կոմիտեի քննիչների անտեղի ծանրաբեռնվածությունը, որի հետևանքով հնարավոր կլինի բարձրացնել քննիչի վարույթում քննվող քրեական գործերով քննչական գործողությունների և ընդհանրապես ամբողջ նախաքննության արդյունավետությունը: Քննիչների աշխատանքային ժամերի զգալի մասը ծախսվում է միջնորդություններ ներկայացնելու նպատակով մի քանի անգամ դատարան գնալու վրա: Նախ՝ քննիչը մեկ անգամ գնում է դատարան ներկայացնելու միջնորդությունը և կից փաստաթղթերը՝ թղթային տարբերակով, երկրորդ անգամ գնում է դատարան դատական նիստին մասնակցելու համար, իսկ երրորդ անգամ՝ դատարանի որոշումը վերցնելու նպատակով: Սա անհարկի ձգձգում է անհապաղ կատարվելիք քննչական գործողությունների իրականացումը: Այդ պատճառով առաջարկվում է միջնորդությունները և կից փաստաթղթերը դատարան ուղարկել էլեկտրոնային տարբերակով՝ սկանավորված վիճակում:
Ատոմյանի խոսքով` փոփոխությունների նպատակն է նվազեցնել անհարկի փաստաթղթաշրջանառությունը թղթային տարբերակով, քանի որ մեկ քրեական գործով տարբեր քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ կարող են ներկայացվել բազմաթիվ միջնորդություններ հարուցելու մասին որոշումներ: Բացի այդ, հիմնավորումներում նշում է, որ պետությունը մեծ ծավալի ծախսեր է կատարում իրավապահ մարմիններին համակարգչային տեխնիկայով ապահովելու համար, և դրանք իրենց նպատակին չծառայեցնելը արդարացված չի:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հետաքրքրվեց՝ կա՞ն, արդյոք, համապատասխան անվտանգության երաշխիքներ, որ տվյալների արտահոսք չի լինի:
«Էլեկտրոնային հեռահաղորդակցությունն ու դրան հակազդող միջոցներն էնքան են զարգացել, որ շատ դեպքերում անգամ պետական պաշտոնատար անձինք են գաղտնալսվում, և հնարավոր է, որ քրեական գործի շրջանակում գաղտնի տեղեկատվության փոխանցման խնդիր լինի: Եւ եթե միևնույն բաց էլեկտրոնային հաղորդակցության միջոցով ենք մենք կատարում` դեռևս չունենալով փակ համակարգեր, իմ մտավախությունն այն է, որ կարող է գաղտնի տեղեկատվությունը դուրս գալ»,-ասաց Սիմոնյանը:
Նախագծի հարակից զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանը հարցին հարցով պատասխանեց` հնարավո՞ր է, արդյոք, տեխնիկական տեսակետից սարքել մի համակարգ, որը բացառի հաքերային հարձակումների հետևանքով տեղեկատվության արտահոսքը:
«Ես դրա մասնագետը չեմ, բայց աշխարհի լավագույն մասնագետների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ հնարավոր է միշտ պատմության մեջ լինի մի հաքեր, որը լավագույն տեղեկատվական տեխնոլոգիաները, հնարավոր է, կոտրի»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ հավելեց` սմարթֆոնների ի հայտ գալուց հետո ցանկացած փաստաթղթի, անկախ նրանից՝ թղթային տարբերակով է ուղարկվել, թե էլեկտրոնային, արտահոսքի մտավախությունը կարող է լինել:
«Եվ շատ դեպքերում էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով ուղարկելը շատ ավելի արդյունավետ է ու վերահսկելի։ Օրինակ, պարոն Սիմոնյան, ես նոր նկարեցի այս օրենքը և ուղարկեցի ձեզ»,-ասաց Վարդանյանը:
Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանի խոսքով` էլեկտրոնային եղանակով դատավարական գործողություններ կատարելու միջնորդությունների ներկայացումը խնայելու է վարույթ իրականացնող մարմնի ժամանակը:
«Ինչ վերաբերում է բաց ցանցերի միջոցով միջնորդություների փոխանցմանը, ապա, այո, իրականում գոյություն ունեցող խնդիր է, բայց պետք է մի բան փաստենք, որ պրակտիկայում ունենք այդ գործելաոճը` հատկապես կորոնավիրուսային վարակի պայմաններում, որից հետո քննչական մարմինները, կարելի է ասել առանց բացառության, միջնորդությունները դատարան են ներկայացնում էլեկտրոնային եղանակով»,-ասաց փոխնախարարը:
Նախագիծը ներկայացվեց քվեարկության և ստացավ հանձնաժողովի հավանությունը:
Մեկնաբանել