HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Առաջարկվում է վաղեմության ժամկետ չկիրառել սահմանադրական կարգի տապալման դեպքերում

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն առաջարկում է վաղեմության ժամկետ չկիրառել սահմանադրական կարգի տապալման հանցագործության դեպքերի նկատմամբ: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու՝ պատգամավորի օրենսդրական առաջարկը:

«Քրեական օրենսգիրքը նախատեսում է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ինստիտուտը, այսինքն՝ եթե այս կամ այն արարքի կատարումից անցել է որոշակի ժամանակահատված, ապա այդ ժամկետի անցնելուց հետո հնարավոր չէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը և նրան պատասխանատվության ենթարկելը, բայց հաշվի առնելով առանձին հանցագործությունների վտանգավորության բարձր ատիճանը, այն օբյեկտները, որոնց դեմ ուղղված են այդ հանցագործությունները և դրանց արդյունքում պատճառվելիք վնասի բնույթն ու ծանրությունը, Քրեական օրենսգիրքն առանձին հոդվածների մասով գնացել է բացառությունների»,-ասաց Պետրոսյանը:

Նախագծի հեղինակի խոսքով, ըստ իրեն՝ վաղեմության ժամկետ չճանաչող արարքների մեջ պետք է ներառել նաև սահմանադրական կարգի տապալումը:

«Առաջարկել եմ, որ Քրեական օրենսգրքում կատարվի փոփոխություն, որի համաձայն՝ սահմանադրական կարգի տապալման համար որևէ ժամկետ չսահմանվի, պետությունը պետք է հնարավորություն ունենա այդ հանցանքում մեղավոր անձանց քրեական պատասխանատվության  ենթարկել»,-ասաց նա:

Գևորգ Պետրոսյանի խոսքով, կարևորելով հարցի հնչեղությունը՝ այն քննարկել է իրավաբանական հանրույթի ներկայացուցիչների հետ և, ըստ նրա, բոլորն էլ միաբերան դրական են արտահայտվել նախագծի վերաբերյալ:

«Սահմանադրական կարգի տապալումն այն հոդվածն է, որ դրանում մեղավոր անձի համար օրենքը վաղեմություն չպիտի ճանաչի»,-ասաց Պետրոսյանը:

Պատգամավորը գաղտնազերծեց նաև խորհրդարանի միջանցքներում նախագծի վերաբերյալ իրեն հղված հարցերը` ու՞մ դեմ կամ ու՞մ համար է առաջարկվում այս փոփոխությունը:

«Ես երբեք անձանց համար կամ դեմ օրինագծեր չեմ ներկայացնում, եթե որևէ պատգամավոր նման նախաձեռնություններով է հանդես գալիս` ինչ-որ մեկի դեմ կամ համար, ապա նման պատգամավորին պետք չէ հարգել»,-ասաց Պետրոսյանը:

Նախագծի հեղինակը մանրամասնեց` օրենքն ընդունվելու պարագայում ընդունվելուց հետո ծագող հարաբերությունների նկատմամբ է տարածվելու, չի կարող հետադարձ ուժ ունենալ:

«Սա չի արվում նախկին դեպքերի համար, ուղղված է ապագային, որևէ իշխանավոր` անկախ այդ պահին իր զգացողություններից, եթե հանկարծ հանդգնի խախտել սահմանադրական կարգը, եթե ոչ այդ իշխանությունը, ապա հաջորդ իշխանությունը հնարավորություն կունենա քննարկել այդ պաշտոնյայի վարքագիծը»,-ասաց նա:

Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանն իր խոսքում նշեց, որ չնայած չկա նորմ, որը սահմանափակում է պետության հնարավորությունները, որպեսզի  վերջինս նախատեսի կամ չնախատեսի վաղեմության ժամկետներ որոշակի խումբ հանցագործությունների համար, բայց միջազգային փորձի ուսումնասիրությունն այլ բան է ասում:

«Արդյունքում պարզ է դառնում, որ տարբեր պետություններում ընտրված հանցագործությունների շրջանակը, որոնց նկատմամբ վաղեմության ժամկետներ չեն կիրառվում, գրեթե նույնական է: Մասնավորապես, դրանք են` ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված պատերազմական գործողությունների, ագրեսիայի, զինված ընդհարումների ժամանակ պաշտպանությունից օգտվող անձանց հանդեպ կատարվող հանցագործությունների դեպքում: Մի բացառություն կա` խոշտանգումների արգելքը. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը եկել է այն եզրահանգման, որ նաև խոշտանգման դեպքում չպետք է լինեն վաղեմության ժամկետներ: Այսինքն` վաղեմության ժամկետներ չպետք է լինեն այնպիսի հանցագրոոհների դեպքում, որոնք ոտնձգում են ընդհանուր խաղաղության, միջազգային անվտանգության և ժողովուրդների բարիդրացիական հարաբերությունների դեմ»,-ասաց փոխնախարարը:

Գալյանի խոսքով` ճիշտ չի լինի Քրեական օրենսգրքի մեկ հոդվածի համար փոփոխություն կատարել և նախատեսել, որ վաղեմության ժամկետներ չեն կիրառվելու, այն էլ այնպիսի հանցանքի դեպքում, որը վերաբերելի չէ խոշտանգման դեպքերին կամ ոտնձգություն չէ մարդկության խաղաղության դեմ:

Այսպիսով, նախագիծը ներկայացվեց քվեարկության և ստացավ հանձնաժողովի բացասական եզրակացությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter