
Կառավարությունը կավելացնի արձակուրդ մեկնող զինծառայողների ճանապարհային ծախսերի փոխհատուցման չափը
Գործադիրի ապրիլի 30-ի նիստում որոշում ընդունվեց, որով նախատեսվում է ավելացնել 350 և ավելի կիլոմետրը գերազանցող հեռավորությամբ արձակուրդի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու համար կատարված տրանսպորտային ծախսերի դիմաց զինծառայողներին տրվող փոխհատուցման չափը։
«Գործող որոշմամբ սահմանված գումարը չի բավարում զինծառայողի՝ փաստացի կատարած ծախսերը ամբողջությամբ փոխհատուցելու համար»,-նշեց պաշտպանության նախարարը։
Դավիթ Տոնոյանի խոսքով՝ նախկինում զինծառայողը, որն իր ծառայությունն անցկացնում էր Մեղրիում և մշտական բնակության վայրը եղել է Գյումրիում, իր փոխհատուցումը ճանապարհի պատճառով ստանում էր մինչև Երևան։ Երևանից ավել ճանապարհի փոխհատուցումը չէր ստանում։
Կառավարության որոշումը վերաբերում է նաև Ոստիկանության զորքերին և Ազգային անվտանգության ծառայողներին, ինչպես նաև ժամկետային զինծառայողներին։
Կառավարության 2018 թվականի որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ ՀՀ տարածքում 350 և ավելի կիլոմետրը գերազանցող հեռավորությամբ արձակուրդի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու համար (175կմ մեկնելը և 175կմ վերադառնալը միասին) զինծառայողներին փոխհատուցվում են տրանսպորտային ծախսերը՝ 10000 դրամ չափով, իսկ նրա հետ մեկնող ընտանիքի յուրաքանչյուր անդամին՝ այդ գումարի 50%-ի չափով: Հաշվի առնելով, որ ՀՀ զինված ուժերի կողմից իրականացվող խնդիրների շրջանակներում բավական մեծ է բնակության հիմնական վայրերից 175 կիլոմետրը գերազանցող հեռավորությամբ ծառայության վայրեր նշանակված զինծառայողների թիվը, այդ հեռավորության համար սահմանված փոխհատուցման չափը չի բավարարում՝ փակելու զինծառայողի կատարած փաստացի ծախսերը, ինչը նաև բացասաբար է անդրադառնում թե՛ զինծառայողների և նրանց հետ ծառայության վայրում բնակվող ընտանիքի անդամների հանգստի իրավունքի իրացման, և թե՛ նրանց սոցիալական վիճակի վրա:
Պաշտպանության նախարարության համակարգում տարվա ընթացքում ՀՀ տարածքում արձակուրդի անցկացման վայր մեկնող և վերադարձող զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների միջին թվային ցուցանիշների և ներկայացված ավելացումների համադրության արդյունքում այդ ուղղությամբ տարեկան հաստատված ծախսի նկատմամբ լրացուցիչ ծախսերի չափը տարեկան կազմում է մոտ 150 մլն դրամ, որը կիրականացվի նախարարությանը հատկացված ընդհանուր միջոցների հաշվին:
Մեկնաբանել