
ԱԺ խմբակցությունների` լսումներ հրավիրելու հնարավորություններն ընդլայնելու վերաբերյալ առաջարկը բացասական եզրակացություն ստացավ
Ազգային ժողովի փոխխոսնակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն առաջարկում է «ԱԺ կանոնակարգ-օրենք»-ում ամրագրել, որ խմբակցությունը յուրաքանչյուր հերթական նստաշրջանի ընթացքում կարող է հրավիրել երեք լսում: Գործող կարգավորումներով` խմբակցությունը յուրաքանչյուր նստաշրջանի ընթացքում կարող է հրավիրել մեկ լսում: «ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենք»-ում փոփոխություններ կատարելու օրենսդրական առաջարկն այսօր քննարկվեց Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում:
Ըստ Էնֆիաջյանի` խմբակցությանը վերապահված խորհրդարանական ընդամենը մեկ լսում հրավիրելու օրենսդրական հնարավորությունը բավարար չէ: Խմբակցության պատգամավորներից յուրաքանչյուրը մշտապես կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն, ինչի արդյունքում վերջինները ներկայացնում և բացահայտում են հասարակական հնչեղություն և կարևորություն ունեցողբազմաթիվ խնդիրներ, որոնք հաճախ հիմք են հանրային լայնամասշտաբ քննարկման համար:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հիշեցրեց, որ ԱԺ աշնանային նստաշրջանի տևողությունը երեք ամիս է, գարնանայինը` հինգ ամիս:
«Փորձենք ֆիզիկապես իրագործելությունը հասկանալ, եթե հանենք հերթական նիստերի շաբաթները, ապա կա երեք խմբակցություն, եթե երեքն էլ օգտվում են այդ իրավունքից, ստացվում է ինը լսում, եթե այդ հնարավորությունից մշտական հանձնաժողովներն էլ օգտվում են, ֆիզիկապես հնարավոր չի լինի իրականացնել»,-ասաց Հովակիմյանը:
Վահե Էնֆիաջյանն արձագանքեց, որ իր համար հասկանալի չէ լսումներ հրավիրելու սահմանափակումների իմաստն ու տրամաբանությունը, քանի որ այն ուղղված է ներքին աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ ասաց, որ այս գումարման խորհրդարանում չի եղել որևէ դեպք, երբ որևէ պատգամավոր դիմի հանձնաժողովին` որևէ հարցով լսումներ հրավիրելու և մերժում ստանա: Վարդանյանը գործընկերներին կոչ արեց զերծ մնալ նախագծին կողմ քվեարկելուց, քանի որ, ըստ նրա, այն կարող է խորհրդարանի բնականոն աշխատանքն անուղղակիորեն խոչընդոտել:
«Բերվել է նախագիծ, որը փորձում է լուծել խնդիր, որը գոյություն չի ունեցել կամ գոյություն չունի առնվազն այս օրով»,-ասաց Վլադիմիր Վարդանյանը:
Էնֆիաջյանն արձագանքեց` ԲՀԿ-ն տարեսկզբին կազմակերպել է խորհրդարանական լսումներ, ինչից հետո նստաշրջանի ընթացքում սահմանափակվել է լսումներ հրավիրելու իր հնարավորությունը:
Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն էլ ներկայացրեց Կառավարության տեսակետը: Դանիելյանի խոսքով` յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի ընթացքում երեք խմբակցությունները խորհրդարանական լսումներ չեն հրավիրել, 11 մշտական հանձնաժողովներից լսումներ են հրավիրել երեքը, երկու նախաձեռնություն էլ եղել է ԱԺ նախագահի դեպքում: Ուստի, փոխնախարարը նպատակահարմար չհամարեց նման փոփոխության անհրաժեշտությունը: Նախագիծը ներկայացվեց քվեարկության և ստացավ բացասական եզրակացություն:
Մեկնաբանել