Բրիտանական ֆիլմերի փառատոն եւ նորաձեւության ցուցադրություն` Գյումրիում
Մարտի 8-ը Գյումրիում նշանավորվեց ոչ միայն կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառումներով, այլև բրիտանական շաբաթվա մեկնարկով: Մարտի 8-ից 11-ը Գյումրիում կազմակերպվում է Բրիտանական ֆիլմերի փառատոն, իսկ մարտի 8-ից 14-ը ցուցադրվելու է հայ ու եվրոպացի նկարիչ-մոդելավորողների համատեղ ստեղծած 20 հագուստից բաղկացած հավաքածուն` «Նորաձևության ճանապարհ` երկխոսություն սահմանների խաչմերուկում» խորագրով:
Գեղարվեստի ակադեմիայում հավաքածուն ստեղծած նկարիչ-մոդելավորողներն օրվա առաջին կեսին սեմինար անցկացրեցին գյումրեցի ուսանողների համար: Այնուհետեւ, ժամը 14.30-ին, Style պատկերասրահում տեղի ունեցավ ցուցահադեսի և Բրիտանական ֆիլմերի փառատոնի բացման արարողությունը, որի ընթացքում ելույթ ունեցան ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ծրագրերի տնօրեն Ինեսսա Մուրադյանը:
Կազմակերպիչների ներկայացմամբ երկու տարի շարունակ հինգ հայ և հինգ եվրոպական երկրների (Միացյալ Թագավորություն, Չեխիա, Դանիա, Գերմանիա, Ռումինիա) նկարիչ-մոդելավորողներ, աշխատելով միասին, ուսումնասիրել են միմյանց երկրների մշակույթը և փոխայցելությունների միջոցով ծանոթացել այդ երկրների սովորույթներին: Այնուհետև ձևավորվել է աշխատանքային հինգ զույգ` մեկ հայ և մեկ եվրոպացի նկարիչ-մոդելավորողի մասնակցությամբ: Յուրաքանչյուր աշխատանքային զույգն ստեղծել է չորս հագուստ` արդյունքում ձևավորելով 20 կտորից բաղկացած մեկ հավաքածու: Գյումրիում ցուցադրության ավարտից հետո հավաքածուն կներկայացվի Վանաձորում և Դիլիջանում, այնուհետև` եվրոպական երկրներում:
Ինչ վերաբերում է փառատոնի ֆիլմերին, ապա Հոկտեմբեր կինոթատրոնում հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու «Բաբելոնյան հրդեհ», «Ջնջելով Դեյվիդի հետքերը», «Չսիրվածը» և «Օլիվեր» ֆիլմերը: Փառատոնի սկիզբն ազդարարվեց «Բաբելոնյան հրդեհ» ֆիլմի ցուցադրությամբ: Այն ներկայացնում է Վեստ Ինդիայի կրիկետի հավաքականի մրցումների պատմությունը, սպորտի միջոցով մարզիկների մղած պայքարը ռասսայական անարդարության դեմ և հանուն սևամորթների իրավունքների պաշտպանության: Փառատոնի շրջանակում ընտրված ֆիլմերը նվիրված են 2012 թվականի Օլիմպիական խաղերին, Չ.Դիքենսի երկուհարյուրամյակին և մարդու իրավունքներին:
Փառատոնը կազմակերպել են Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը: Գյումրիում Բրիտանական խորհրդի գործընկերն է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել