HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եղեռնի վերաբերյալ Սարոյանի հայտնի տողերի սխալ մեջբերումը

Ֆրեզնո քաղաքի Սարոյանի տուն-թանգարանը անդրադարձել է ամեն տարի ապրիլի 24-ին մեջբերվող Սարոյանի հայտնի մեջբերման սխալին, հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ.

«Ամեն տարի՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Վիլյամ Սարոյանի «Շունչ եւ արտաշունչ» ժողովածուի «Հայը եւ հայը» պատմվածքի վերջին երկու պարբերությունները հաճախ են մեջբերվում համացանցում:  Սակայն մեջբերվող հատվածում կան արտահայտություններ, որոնք գրողը երբևէ չի գրել: Ֆրեզնոյում գործող Saroyan House-ը՝ Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը մեկնաբանել է հայտնի սխալմունքը եւ կոչ արել մեջբերել բնօրինակը:    Ամեն ինչ սկսվել է 1982 թվականին թողարկված մի պաստառից եւ շարունակվում է մինչ օրս: Մեջբերումը հազարավոր օրինակներով տպագրվել է, հանդիսացել է գրքերի բնաբան, փորագրվել հուշարձաններին, և հնչել Խոստումը ֆիլմի հերոսների շուրթերից: Շատ հայեր գիտեն այն անգիր, բայց քչերն են տեղյակ, թե ինչ է իրականում գրել Սարոյանը այդ պարբերության մեջ: Եվ ստացվում է, որ կեղծ տարբերակը ստվերում է թողել իրականին: 

Ահա այդ հատվածն ամբողջությամբ. 

«Կուզեի տեսնել աշխարհում որեւէ ուժ, որ կկործանի այս ժողովրդին, անկարեւոր մարդկանց այս փոքր ցեղը, որի պատմությունն ավարտված է, պատերազմները՝ կռված ու պարտված, շինությունները՝ փլուզված, գրականությունը՝ չկարդացված, երաժշտությունը՝ չլսված, եւ աղոթքները՝ լռած։ Դե գործի անցեք, կործանե՛ք այս ցեղը։ Պատկերացրեց, որ նորից 1915-ն է, իսկ աշխարհում՝ պատերազմ։ Կործանե՛ք Հայաստանը։ Տեսեք՝ կստացվի՞։ Հանեք նրանց տներից, ուղարկեք անապատները: Թողեք առանց հաց ու ջրի: Հրդեհեք տներն ու եկեղեցիները։ Տեսեք՝ նորից չե՞ն ապրի: Տեսեք, նորից չե՞ն խնդա։ Տեսեք՝ նրանց ցեղը չի՞ հառնի, երբ քսան տարի հետո երկու հոգի հանդիպեն գարեջրատանն ու ծիծաղեն ու խոսեն իրենց լեզվով։ Դե՛, տեսեք՝ մի բան կկարողանա՞ք անել դրա հետ։ Տեսեք՝ կկարողանա՞ք արգելել, որ նրանք ծաղրեն աշխարհի մեծ-մեծ գաղափարները, շա՛ն տղերք, որ երկու հայ խոսեն աշխարհում, դե՛, փորձե՛ք կործանել նրանց»:

Նախ եւ առաջ նկատելի է «Տեսե՛ք, թե ինչպես են ստեղծելու Նոր Հայաստան»: 

արտահայտության բացակայությունը.  

Այս խոսքերը Սարոյանը երբեւէ չի գրել: 

Մարկ Մամիկոնյանը այս մասին հոդվածում գրում է. «Հայտնի տարբերակը նշանակալիորեն խմբագրում է Սարոյանին՝ ներմուծելով նոր արտահայտություններ ու գաղափարներ։ Ես չեմ կարող պաշտպանել նմանատիպ խեղաթյուրանքը, անգամ եթե դա արվել է ամենալավ մտադրություններով։ Մի բան է, երբ ջնջում են «շան տղերք» արտահայտությունը՝ մեջբերումն ընտանեկան միջավայրին հարմարեցնելու համար։ Սակայն մեծ հանդգնություն էր պետք ունենալ Սարոյանի հրատարակված տեքստը վերցնելու, այն իբրեւ սեւագիր դիտարկելու եւ «մաքրագրելու» համար։ «Տեսեք՝ նորից չե՞ն աղոթի». սա Սարոյանի անհայտ համահեղինակի կողմից ներմուծված միանգամայն նոր հայեցակարգ է: Այն շատ հեռու է գարեջրատանը իրար հանդիպած երկու հայերի անեծքներով լի զրույցից։ 

Եվ ինչ տարբերություն կա 

«Երբ նրանցից երկու հոգի հանդիպեն աշխարհի որեւէ մի վայրում, տեսե՛ք, թե ինչպես են ստեղծելու նոր Հայաստան» արտահայտության սենտիմենտալ ազգայնականության եւ. Տեսեք՝ կկարողանա՞ք արգելել, որ նրանք ծաղրեն աշխարհի մեծ-մեծ գաղափարները, շա՛ն տղերք, որ երկու հայ խոսեն աշխարհում, դե՛, փորձե՛ք կործանել նրանց» արտահայտության միջեւ»: 

Նշենք նաև, որ սխալ տարբերակի տարածմանը չի խանգարել նաև 1978 թ.-ի ձայնագրությունը, որտեղ Սարոյանը ինքն է կարդում այս հատվածը: Հետևելով Սարոյանի տուն թանգարանի հորդորին՝ ապրիլի 24-ին ամերիկահայ դիզայներ Ara the Rat-ը հին պաստառի նմանությամբ ստեղծեց նոր պաստառ՝ առաջարկելով տարածել այն, ինչին արձագանքեցին հազարավոր մարդիկ: Պաստառը հասանելի է ներբեռնելու ու տպելու համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter