
Տեսալսողական մեդիածառայությունները պարտավոր են ապահովել ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությունը
Նոր օրինագիծ՝ եթերը «մաքրելու համար»
Ազգային ժողովի կայքում այսօր հրապարակվել են «Տեսալսողական մեդիայի մասին» նոր օրենքի և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերը: Վերջիններիս հեղինակ պատգամավորները՝ Մխիթար Հայրապետյանը, Վահագն Թևոսյանն ու Արման Բաբաջանյանը ներկայացված նախագծերով արտահայտում են «եթերը մաքրելու, վարակազերծելու կամքն ու պատրաստակամությունը»:
Նախագծի հիմնական դրույթներից մեկը վերաբերում է տեսալսողական հաղորդումներում հավաստի տեղեկատվության ապահովմանը: Տեսալսողական մեդիածառայություններին առաջարկում են իրազեկում ապահովել գաղտնի կամ հավաստիությունը բավականաչափ չստուգված աղբյուրների կողմից տրամադրված տեղեկության վերաբերյալ: Իսկ լրատվական հաղորդումներում ներկայացնել հավաստի և ստուգված նորություններ:
Հեղինակները կարծում են, որ ապատեղեկատվության տարածումը սոցիալական, հոգեբանական ներգործություն է, որն ուղղված է փոխելու անհատի, խմբի կամ հանրության ընկալումը` թաքնված, կեղծ գործելակերպով: Դրա անմիջական հետևանքը անհատի մոտ կարող է լինել մեղքի զգացման, վախի, կասկածի ներշնչումը:
«Կեղծ լուրեր տարածելը դարձել է քաղաքական պայքարի բաղկացուցիչ մաս և կարող է լուրջ ազդեցություն գործել նաև ընտրական գործընթացների վրա»,-նշված է նախագծերի հիմնավորման մեջ:
Սահմանվել են տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելքներ` ուղղված տեսալսողական մեդիա ոլորտում ատելության խոսքի վերացմանը, անչափահասների վրա վատ ազդեցություն թողնող տեսալսողական արտադրանքի այնպիսի սահմանափակմանը, որը կբացառի այդ ազդեցությունը: Այդ տեսանկյունից արգելվելու են նաև տեսալսողական հաղորդումները, որոնց մասնակիցները կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանության, երկարատև ժամանակահատվածում ձևավորված հակակրանքի արդյունքում կարող են կատարել մարդու առողջության կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված հանցագործություն:
Նախագծով արգելվում է տեսալսողական հաղորդումներն օգտագործել իշխանությունը յուրացնելու, սահմանադրական կարգը բռնությամբ կամ օրենքներով չնախատեսված այլ եղանակով փոխելու և տապալելու քարոզչությունը, ազգային, ռասայական և կրոնական թշնամանք կամ երկպառակություններ սերմանելու, պատերազմ քարոզելու, քրեական օրենսգրքով արգելված արարքների կոչերը, պոռնկագրություն տարածելը, բռնության և դաժանության պաշտամունք պարունակող կամ քարոզող հաղորդումներ հեռարձակելը: Բացառություն կարող են լինել պատմափաստավավերագրական նյութերի օգտագործումն ու ցուցադրումը:
Էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումները և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները կարող են եթեր հեռարձակվել ժամը 24.00-6.00-ն ընկած ժամանակահատվածում: Նման հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանելու է կարգավորող պետական մարմինը:
Պետության կողմից հայտարարված սգո և հիշատակի օրերին գովազդի և զվարճալի հաղորդումների հեռարձակումը տեսալսողական ծառայությունների կողմից նույնպես արգելվելու է:
Առաջարկվում է անցում կատարել հայերեն լեզվով հաղորդումների` անկախ տեսակներից: Պահանջ է դրված կրկնօրինակել, հնչյունավորել այլ լեզուներով տեսալսողական հաղորդումները կամ դրանք մատուցել բնօրինակով և ենթագրերով՝ բացառությամբ օտար լեզվի ուսուցման նպատակով արտադրված տեսալսողական հաղորդումների, ինչպես նաև երաժշտական ստեղծագործությունների: Նպատակն է՝ բարձրացնել տեսալսողական արտադրանքի որակն ու պահանջարկը, մեծացնել հայրենական արտադրանքը:
Նույն նպատակով պահանջներ են նախատեսված նաև երաժշտական ստեղծագործությունների և դրանց մատուցման ժամի վերաբերյալ: Մասնավորապես, առաջարկվում է, որ լիցենզիա ստացած տեսալսողական մեդիածառայության երաժշտական բնույթի հաղորդումները պարունակեն առնվազն 30% հայերեն երաժշտական ստեղծագործություններ, որոնք պետք է հեռարձակվեն 07:00-23:00 ժամանակահատվածում:
Տեսալսողական մեդիածառայությունները և տեսալսողական տեղեկատվություն տարածողները պարտավոր են ապահովել իրենց ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությունը, մինչեւ հաշվետու տարվան հաջորդող մայիսի 1-ը հրապարակել իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունները և տեղեկատվություն տարեկան եկամուտների մասին, ինչպես նաև տեղեկություններ` հիմնադիրների և մասնակիցների մասին: Իսկ եկամուտների աղբյուրներ կարող են համարվել գովազդից, վճարովի եթերաժամից, հովանավորությունից, սեփական արտադրության տեսաշարային, ձայնաշարային և տեսաձայնաշարային նյութերի վաճառքից, բաժանորդային մուծումներից, հիմնադիրների ներդրումներից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացված ֆինանսական միջոցները:
Տեսալսողական մեդիածառայությունները և տեսալսողական տեղեկատվություն տարածողները պարտավոր են յուրաքանչյուր տարվա մինչև հունվարի 20-ը կարգավորող պետական մարմին ներկայացնել նախորդող տարվա հասույթի չափի վերաբերյալ տեղեկություն:
Նախագշում նշված է, որ մասնավոր տեսալսողական մեդիածառայությունների և տեսալսողական տեղեկատվություն տարածողների հիմնադիրներ (մասնակիցներ) չեն կարող լինել` ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձինք և փոխկապակցված անձինք, կարգավորող պետական մարմնի աշխատակիցները և փոխկապակցված անձինք, կուսակցությունները` այդ թվում կուսակցության ղեկավար մարմնի անդամները և նրանց փոխկապակցված անձինք, հասարակական կազմակերպությունները, կրոնական կազմակերպությունները, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, դատարանի վճռով անգործունակ ճանաչված, օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և պատիժը կրող անձինք, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված անձինք, որոնց դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ: Հիմնադիրներ չեն կարող լինել նաև 18 տարին չլրացած քաղաքացիները:
Նախագծերի ընդունման դեպքում հեղինակ-պատգամավորները ակնկալում են հանրային հեռարձակողների տեսալսողական արտադրանքի որակի բարձրացում, իրավական բարենպաստ և հեռանկարային դաշտի ձեւավորում, մեդիա ոլորտում հավասար մրցակցային միջավայրի ստեղծում, բարձրորակ լրագրություն, մեդիա գրագիտության բարձրացում, ատելության խոսքի նվազում, մեդիայի արդյունավետ կառավարում, մեդիա ոլորտում սեփականության իրավունքի թափանցիկություն, հավաստի և բովանդակալից մեդիա արտադրանքի, ինչպես նաև՝ պատասխանատվության անհատականացման ապահովում:
Հեղինակները կարծում են, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը տեսալսողական մեդիա ոլորտը կարգավորելու համար այլևս ոչ արդիական նորմատիվ իրավական ակտ է, որի դրույթները չեն համապատասխանում առկա համայնապատկերի բնութագրիչներին: Նրանց դիտարկմամբ՝ նշված օրենքն ուժի մեջ է մտել դեռևս այն ժամանակ, երբ ավանդական անալոգային ռադիոն և հեռուստատեսությունը հիմնականում համարվել են տեսալսողական ծառայությունների միակ տեսակը, որը կարող էր հասանելի լինել քաղաքացիների մեծամասնության համար: Իսկ նորմատիվ իրավական ակտը փոփոխություններ է կրել մասնակիորեն վերգետնյա թվային հեռուստատեսությանն անցում կատարելու գործընթացի համար: Տեսալսողական մեդիա ծառայությունների մատուցման եղանակների, ինչպես նաև ոչ վերգետնյա բաշխման համակարգերի՝ մալուխային, արբանյակային ընդլայնումը հանգեցրել է տվյալ ոլորտում ծագող բազմաթիվ այլ հասարակական հարաբերությունների առաջացմանը, ինչի արդյունքում ներկայում կարգավորվում է Հայաստանում մատուցվող ծառայությունների միայն մի մասը:
«Գործող օրենքը չի պարունակում հանրային շահը սպասարկող մեդիայի առաքելության և նպատակների վերաբերյալ պատշաճ և նյութաիրավական կարգավորում, որը թույլ կտար կարգավորող պետական մարմնին սահմանել իր գործողությունները և դրանք համապատասխանեցնել թվայնացված նոր միջավայրին»,- նշված է նախագծերի հիմնավորման մեջ:
Բորիս Նավասարդյան. «Կոսմետիկ փոփոխություններով հերթական օրինագիծը»
Ոլորտը կարգավորող օրենսդրական համատեղ նախաձեռնություն էին ներկայացրել նաև մասնագիտական կազմակերպությունները՝ Երեւանի մամուլի ակումբը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն եւ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը: Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց նախագիծը չի դրվել շրջանառության մեջ, քանի որ այն ուներ հեղափոխական տարրեր, ինչը դուր չի եկել իշխանություններին:
«Ինչ չէր արվել վերջին 20 տարվա ընթացքում հեռարձակող լրատվամիջոցների կարգավորման առումով, փորձել ենք միանգամից բոլոր հարցերը լուծել, որովհետև տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություն չէր տալիս փոքր քայլերով առաջ շարժվել: Սակայն, այդ կտրուկ մոտեցումներն ընդունելի չէին իշխանությունների համար և որոշեցին հերթական կոսմետիկ փոփոխություններով օրինագիծը պատրաստել, թեև այն ներկայացնում են որպես շատ լուրջ փոփոխություն մեդիա դաշտում»,-նշում է Բ. Նավասարդյանը:
Զրուցակցիս խոսքով՝ իրենց առաջարկած նախագծով անխուսափելի էր դառնում մասնավոր մուլտիպլեքսի ստեղծումը, ինչի համար ստեղծվելու էին բոլոր հնարավորությունները: Իսկ պատգամավորների ներկայացրած նախագծով տրվում է դրա միայն իրավական հնարավորությունը, այն էլ՝ բավականին սահմանափակ եղանակներով:
Բացի այդ, ըստ Բորիս Նավասարդյանի, իրենց առաջարկած նախագծով հեռարձակման համար բացառում էին մրցույթի գաղափարը, քանի որ կոմունիկացիոն հարմարությունները հնարավորություն են տալիս հեռարձակում իրականացնել նաև վերգետնյա հարթակում, ովքեր դրա ցանկությունն ունեն: Հիմնական նպատակն այն էր, որ վերգետնյա հեռարձակման հարթակն իր հնարավորություններով հավասարեցվեր այլ հարթակների հետ և մեծ քայլ կատարվեր իրական տեսալսողական մեդիա ծառայությունների ուղղությամբ:
Նշենք, որ պատգամավորների ներկայացրած նախագծով մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով կարգավորող պետական մարմնի տված լիցենզիայի հիման վրա՝ ՀՀ-ում հիմնադրված իրավաբանական կամ ֆիզիկական անձի կողմից, որի հիմնադրման (ստեղծման) ժամանակ կամ դրանից հետո օտարերկրյա կապիտալի մասնակցության բաժինը չպետք է հավասար կամ ավելի լինի տեսալսողական մեդիածառայության որոշումների ընդունման համար անհրաժեշտ բաժնեմասերի 50%-ից: Ավելի մեծ բաժնեմաս կարող է սահմանվել միջպետական պայմանագրերով:
Կարգավորող պետական մարմինը հայտարարում է մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու մրցույթ՝ մինչ մրցույթում հաղթող ճանաչելը: Մրցույթը չկայանալու կամ մրցույթում հաղթող չլինելու դեպքում դրա հայտարարելուց մեկ տարի հետո կարգավորող պետական մարմինը հայտարարում է նոր մրցույթ:
«Իրենց ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունն իր անունով էլ չի համապատասխանում բովանդակությանը: Համացանցը, որը հետզհետե դառնում է հիմնական հարթակը տեսալսողական բովանդակության համար, հանված է կարգավորումից: Կարգավորման տակ մտնում են միայն այն հարթակները, որոնք մինչ այժմ էլ օրենքով կարգավորվում էին՝ հեռուստատեսությունը, ռադիոն և առցանց լրատվամիջոցները, որոնք մտնում են կաբելային փաթեթների մեջ»,-հավելում է Երևանի մամուլի ակումբի նախագահը:
Բ. Նավասարդյանը նշում է, որ այս տարբերակով նոր օրենքի նախագիծ ներկայացնելու անհրաժեշտություն չկար, այդ հարցերը հնարավոր էր լուծել նույնիսկ գործող օրենքում փոփոխություն կատարելով: Սակայն, նրա կարծիքով, հեղինակության առումով ավելի ձեռնտու է նոր օրենքի նախագիծ ներկայացնելը՝ իբր դրանով նոր կարգավորումներ են սահմանվում, և ոլորտը կարգավորվում է:
Գործող օրենքի համեմատ նախագծի հիմնական թերությունը, Բորիս Նավասարդյանի խոսքով, այն է, որ բավականաչափ շատ են անորոշությունները: Օրինակ՝ հանրային մուլտիպլեքսի կառուցվածքը. ինչի՞ց է այն բաղկացած, քանի՞ սլոթ ունի և այլն, այս հարցերի պատասխանը չկա:
«Ինչքան անորոշ է կարգավորումն, այնքան՝ ավելի վատ: Այդ առումով գործող օրենքն ավելի որոշակի է»,-հավելեց Բ. Նավասարդյանը:
Նշենք, որ այսօր Ֆեյսբուք սոցիալական հարթակում ուղիղ եթերում ասուլիս էին կազմակերպել օրենքի նախագծի երեք հեղինակները: Նրանք թեև չպատասխանեցին մեկնաբանությունների դաշտում քաղաքացիների գրած հարցերին, սակայն նշեցին, որ նախագիծը պատժելու նպատակ չունի: Պարզապես ցանկանում են ոլորտը «մաքրել» օրինական ճանապարհով: Խոստացան առաջիկայում քննարկումներ կազմակերպել և նշեցին, որ բաց են առաջարկությունների, քննարկման համար:
Գլխավոր լուսանկարում (ձախից)՝ Արման Բաբաջանյանը, Մխիթար Հայրապետյանը, Վահագն Թեւոսյանը
Մեկնաբանել