HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամփոփվեց «Գյուղմթերքների արտադրության կին հերոս» մրցույթը

Աշխարհում գյուղատնտեսական մթերքների 2/3-ը արտադրվում է կանանց կողմից, մինչդեռ այդ կանանց միայն 20 %-ն է համարվում հողի սեփականատեր:

Այս մասին հայտնեց «ՕՔՍՖԱՄ-Մեծ Բրիտանիա» կազմակերպության նախագահ Մարգարիտա Հակոբյանը`այսօր` «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» մրցույթի ամփոփման ժամանակ:

Մրցույթն իրականացվել է «ՕՔՍՖԱՄ-Մեծ Բրիտանիա» կազմակերպության և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) կողմից` 2012-ի սկզբին: Մրցույթի նպատակն է խրախուսել ՀՀ-ում գյուղատնտեսության և ֆերմերային տնտեսության ոլորտներում գործունեություն ծավալող կանանց, որոնց հաջողվել է իրենց գործունեության արդյունքում իրականացնել դրական փոփոխություններ և նպաստել տեղական համայնքի կայուն զարգացմանը: ՀՀ բոլոր մարզերից հավաքագրվել է ավելի քան 100 հայտ: Մրցույթի  արդյունքների ամփոփման համար ձևավորվել է հատուկ հանձնաժողով, որն էլ հայտերի հիման վրա կատարել է իր ընտրությունը:

Մարգարիտա Հակոբյանը ներկայացրեց նաև հայաստանյան վիճակագրական տվյալներ, ըստ որոնց` Հայաստանում  աշխատուժի 40 %-ը ներգրավված է գյուղատնտեսության ոլորտում, որից  50 %-ը կանայք են: Նրանք  արտադրում են գյուղատնտեսական մթերքների 50-60 %-ը, մինչդեռ հայ կանանց 50 %-ն, ըստ վիճակագրական տվյալների,  աղքատ է:

«»ՕՔՍՖԱՄ»-ը կարևորում է կանանց համար տնտեսության ոլորտում հավասար իրավունքներ ստեղծելու հարցը, այս նպատակով տարբեր տարածաշրջանների կանանց տրամադրվում են գյուղատնտեսական արտադրամիջոցներ: Գյուղատնտեսության ոլորտի հիմնական խնդիրներից մեկը`կլիմայի փոփոխությունների հետևանքով գրանցվող ցածր բերքատվությունն է: Կազմակերպությունն աշխատանքներ է տանում դրանք մեղմելու ուղղությամբ»,-նշեց Մարգարիտա Հակոբյանը:

Նրա փաստմամբ` համայնքներում ներդրվում է ոչ ավանդական մշակաբույսերի արտադրություն, տրամադրվում են ցածր տոկոսադրույքով գյուղատնտեսական վարկեր: Սա, Մ.Հակոբյանի համոզմամբ,  օգնում է դիվերսիֆիկացնել կանանց` գյուղատնտեսության ոլորտից ստացած  եկամտի աղբյուրը: Նման միջոցառումներն, ըստ նրա,  նպաստում  են Հայաստանում  ագրոէկոտուրիզմի զարգացմանը, որի արդյունքում  Հայաստանում տնտեսությունը հավասարաչափ է զարգանում:

«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի» նախագահ Լիլիթ Ասատրյանն իր հերթին  կարևորեց ծրագրերին մասնակից կանանց գործունեությունը, որը կարող է օրինակ դառնալ գյուղատնտեսության ոլորտում գործող  մյուս կանանց համար.

«Այս մրցույթը մի յուրահատկություն ունեցավ. այն  համախմբեց մեր երկրում գյուղատնտեսության ոլորտում ներգրավված այլ ծրագրեր ևս: Ուրախալի փաստ է, որ այս ծրագրերին ներգրավվեցին նաև այնպիսի կանայք, ովքեր այլ գյուղատնտեսական ծրագրում ներգրավված չեն»,-նշեց Լիլիթ Ասատրյանը:

Կնոջ դերը գյուղատնտեսության ոլորտում կարևորեց նաև ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը` ընդգծելով, որ հատկապես կանանց շնորհիվ է ոլորտում ամեն գործունեություն արդյունավետ դառնում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանն էլ ընդգծեց կնոջ դերը աշխարհին գյուղմթերք ներկայացնելու և դրա արդյունքում էկոտուրիզմի զարգացման մեջ:

Բանխոսների ելույթներից հետո ընթերցվեցին «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» մրցույթին հաղթած մասնակիցների անունները:

Մրցույթին հաղթող ճանաչված մասնակիցներն են` Աիդա Ավետիսյանը (Շիրակ),  Արմինե Ասուլյանը (Լոռի), Ալվարդ Շահնազարյանը (Գեղարքունիք), Սառա Ալիշանյանը (Արարատ), Էմմա Հակոբյանը (Տավուշ), Նաիրա Մնացականյանը (Վայոց Ձոր), Սաթենիկ Ղազարյանը (Կոտայք), Վերա Գրիգորյանը («Գյուղի կին» ՀԿ), Գայանե Պետրոսյանը (Ակնաղբյուր համայնքի գյուղատնտեսական կոոպերատիվի անդամ), Շաղիկ Մխիթարյանը («ՕՔՍՖԱՄ»-ի հիմնած կոոպերատիվի անդամ), Արմինե Ստեփանյանը (ՀՄՀ-ի «Ջրից դեպի շուկա ծրագրի շահառու, Դարբաս գյուղ»), Հայկանուշ Ենոքյանը (Ակնաշեն):

Պատվոգրերից բացի շնորհվեցին խրախուսական մրցանակներ ևս:

«Մրցանակակիր հայ կանայք ապացուցում են, որ երկրում տնտեսության կայուն զարգացման բեռը նաև իրենց ուսերին է, իսկ բեռի մեծագույն մասը կրում են հենց  գյուղի կանայք: Եթե ինձ հարցնեն` ովքեր են գյուղի կանայք, ես կասեմ` ցեխում կորած մարգարիտներ, որոնք փայլելու մեծ պոտենցիալ ունեն»,-նշեց մրցանակակիր «Գյուղի կին» ՀԿ-ի նախագահ Վերա Գրիգորյանը:

«Հետքի» թղթակցի հետ զրույցում մրցանակակիր  Նաիրա Մնացականյանը, կարևորելով նմանօրինակ ծրագրերի իրականցումը, փաստեց, որ «ՕՔՍՖԱՄ»-ի հետ համագործակցության արդյունքում իրենց գյուղում` Հերմոնում, կրկնակի շատ բերք են ստացել`  մշակաբույսերի ոչ ավանդական մշակման շնորհիվ:

«Կազմակերպության հետ համագործակցության արդյունքում ստացանք պարարտանյութերի և դեղամիջոցների օժանդակություն: Այսօր գյուղացին սովոր չէ թունաքիմիկատներ կիրառելուն,  ոմանք ափսոսում են վճարել, ոմանք էլ` ծանոթ կիրառման առանձնահատկություններին: Երևանից հրավիրված հատուկ մասնագետների կողմից գյուղացիների  շրջանում անցկացվեցին դասընթացներ»,-փաստեց Ն.Մնացականյանը:

Անդրադառնալով «ՕՔՍՖԱՄ-Մեծ Բրիտանիա» կազմակերպության` գյուղատնտեսության ոլորտում իրականցվելիք հետագա ծրագրերին առնչվող  «Հետքի» հարցին` կազմակերպության նախագահ Մարգարիտա Հակոբյանը հայտնեց, որ ծրագրվում է համայնքային կոոպերատիվների թվի ավելացում:

Պատասխանելով «ՕՔՍՖԱՄ»-ի հետ հետագայում հնարավոր համագործակցութուն ունենալու վերաբերյալ մյուս հարցին, ՀԵԿԱ-ի նախագահ Լիլիթ Ասատրյանն ընդգծեց, որ այդ համագործակցությունը շարունական կլինի հենց գյուղատնտեսության ոլորտում:

Մրցույթի ամփոփմանը ցուցադրվեց գյուղատնտեսության ոլորտի հերոս կանանց մասին պատմող ֆիլմ, կայացավ նաև վերջիններիս մասին պատմող գրքույկի շնորհանդեսը: Հյուրերը հնարավորություն ունեցան նաև ներկա լինել մրցույթին մասնակից տարբեր մարզերից ժամանած կանանց կողմից  արտադրված գյուղմթերքների ցուցահանդեսին: 

Աննա Բաբաջանյան
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter