HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Նախատեսվում է արգելել սինթետիկ թմրամիջոցներ ստեղծող մի շարք նյութերի վաճառքը

Առողջապահության նախարարությունն առաջարկում է մի շարք թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների վաճառքն արգելել։ Նախարարությունը, հիմք ընդունելով իրավապահ մարմինների գրությունները, նախատեսում է հսկողություն սահմանել մի շարք սինթետիկ թմրամիջոցների նկատմամբ և դրանով կանխել դրանց ապօրինի շրջանառությունը:

Այդ նպատակով առողջապահության նախարարությունն առաջարկում է ավելացնել հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ցանկը՝ արգելելով մի շարք թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների վաճառքը։ Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Նախարարությունը ընդգծել է, որ այդ նյութերը հանդիսանում են սինթետիկ (դիզայներական) թմրամիջոցներ, և օգտագործվում են թմրամիջոցներ ստանալու համար (ամֆետամինի, մեթամֆետամին շարքի կամ այլ): Դրանք թմրամիջոցներ օգտագործող անձանց կողմից օգտագործվում են ծխելու միջոցով կամ այլ եղանակով:

Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ սինթետիկ թմրամիջոցները սովորաբար արտադրվում և տարածվում են տարբեր բուսական խառնուրդների ձևով, որոնց հաճախ անվանում են նաև «Սփայս» («Spice»): Այդ նյութերը մարդու օրգանիզմի վրա ունենում են հոգեակտիվ ներգործություն, այն հաճախ գործածող անձի մոտ ծանր հոգեկան խանգարում կարող է առաջացնել: «Համապատասխան հսկողության բացակայության դեպքում դրանք չարաշահվում են՝ շրջանցելով թմրաբիզնեսի զարգացման դեմ ուղղված օրենքով նախատեսված արգելքները: Հաշվի առնելով, որ Հայաստանում արդեն իսկ գրանցվել են «սփայսի» չարաշահման դեպքեր, ինչպես նաև հաշվի առնելով միջազգային փորձը՝ սինթետիկ թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի նպատակով առաջարկվում է նշված նյութերի շրջանառության նկատմամբ սահմանափակումներ կիրառել»,- քննարկման ներկայացված նախագծում նշել է առողջապահության նախարարությունը։

Այս նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով ոստիկանության պետի և գլխավոր դատախազի տեղակալի գրությունները՝ մի շարք նյութեր միջազգային հսկողության ցանկերի մեջ ընդգրկելու վերաբերյալ:

Գլխավոր լուսանկարը՝ metro.co.uk-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter